Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին կփոխե՞ն Շումախերով

Ապրիլ 23,2015 15:30

Արծվիկ Մինասյանը պնդում է, որ ոչ միայն ինքը, այլեւ հանրության 51 տոկոսից ավելին Սերժ Սարգսյանին ընդունում են որպես լեգիտիմ նախագահ

Օրերս սահմանադրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության դերի մասին քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ Սերժ Սարգսյանին համեմատեցին ձիավորի հետ, որը ձին վատ է վարում, բայց անընդհատ ուզում է ձին փոխել, ոչ թե իրեն:

Սերժ Սարգսյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունները սատարող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում չհամաձայնեց այդ կարծիքին: Նրա խոսքերով՝ «Եթե մենք ուզում ենք որեւէ տեղ գնալ, անհրաժեշտ է ոչ միայն վարորդին, այլ նաեւ մեքենան փոխել: Եթե անգամ հենց հիմա Ֆորմուլա-1-ը բերեք, բայց չլինի Շումախերը, մենք չենք կարող հասնել տեղ: Եթե Շումախերն էլ եկավ, մեր մոտոցիկլետով ինքը էլի չի հասնի տեղ, որովհետեւ չունի այդ արագությունը»:

Մեր հարցին՝ եթե Դուք ասել եք, որ Սերժ Սարգսյանին լեգիտիմ նախագահ եք համարում, նշանակում է՝ չեք էլ ուզում, որ վարորդին փոխեն եւ Շումախերին բերեն, նա պատասխանեց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին լեգիտիմ համարելուն, այո, ես համարել եմ եւ համարում եմ: Ինչո՞ւ, շատ պարզ. որովհետեւ լեգիտիմ հասկացությունն ինձ համար հետեւյալն է՝ հասարակության մեծամասնությունն ընդունո՞ւմ է, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է եւ նրա գործողությունները որպես երկրի նախագահի գործողությո՞ւն է դիտում, թե՞ ոչ:

Որեւէ մեկն այսօր չի կարող պնդել, որ հանրության 51 տոկոսից ավելին մերժում է երկրի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գոյությունը, անկախ նրանից՝ համաձա՞յն է վարվող քաղաքականության հետ, թե՞ ոչ: Կարող են հարցեր լինել, որ հասարակության 80-90 տոկոսը համաձայն չլինի վարվող քաղաքականության հետ, ինչպիսին, օրինակ, Կուտակայինի հարցն է: Բայց դա չի նշանակում, որ երկրի նախագահը լեգիտիմ չէ: Սրանք սկզբունքորեն տարբեր հարցեր են: Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծելուն, եթե մենք վերցնենք Սահմանադրական դատարանի որոշումները բոլոր ժամանակների, երբ նախագահական ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում եղել են վիճարկումներ, դուք այնտեղ կտեսնեք բազմաթիվ փաստեր, ընդ որում՝ հենց դատարանի կողմից ընդունված, որ՝ այո, կեղծիքներ են եղել: Բայց ի վերջո լեգիտիմության հարցը շատ ավելի հանրային ընկալման հարց է, քան թե զուտ իրավական ձեւակերպման: Հակառակ դեպքում, եթե լեգիտիմ չէ, նշանակում է՝ նրանք, ովքեր գտնում են, որ նա ոչ լեգիտիմ չէ, մեղադրանք պետք է ներկայացնեն երկրի իշխանության բռնազավթման մասով: Դուք այսքան ժամանակ տեսե՞լ եք այդպիսի իրավական գործընթաց»:

Հետո Արծվիկ Մինասյանը քննադատեց այն ուժերին, որոնք մի կողմից՝ հայտարարում են, որ երկրի նախագահը լեգիտիմ չէ, բայց մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթղթերի հետ հաշվի են նստում եւ քաղաքական դեմագոգիայով են զբաղվում. «Եթե մի ուժ ասում է, որ երկրի նախագահը լեգիտիմ չէ, բայց միաժամանակ քննարկում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունով գրությունը կամ նախագիծը, դա ինչի՞ մասին է խոսում: Չի կարելի քաղաքական դեմագոգիան իրականության հետ շփոթել: Եթե մենք ունենք պրոբլեմներ, այդ պրոբլեմները պետք է լուծել քաղաքական գործիքակազմով եւ իրավական ընթացակարգերով»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Սրա մասին լավ կարծիք ունեի, ՀՅԴ-ն վերջնականապես աչքիցս ընկավ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930