Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան դիմադրում է, բայց ցավակցում ու «կիսում է հայերի ցավը»

Ապրիլ 23,2015 15:00

Գերմանիան` լուրջ
ընտրության առջեւ

Ապրիլի 21-ին Ավստրիայի խորհրդարանի վեց կուսակցությունների խմբակցությունները ընդհանուր հայտարարի եկան, որի արդյունքում հայտարարություն տարածեցին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը: Բացի այդ, փաստաթղթում նշվեց Ավստրո-հունգարական կայսրության պատասխանատվությունը, որը Գերմանական եւ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր այդ ժամանակ:

Ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանը նախատեսում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը քննարկել, սակայն դեռեւս հաստատապես հայտնի չէ՝ բանաձեւում «Ցեղասպանություն» բառը տեղ կգտնի՞, թե՞ ոչ: Բունդեսթագում ակտիվ է հատկապես Կանաչների կուսակցությունը: Դեռ երկու շաբաթ առաջ Կանաչների միության ղեկավար, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Գերմանիայի խորհրդարան, Stuttgarter nachrichten պարբերականին տված զրույցում ցավով էր նշել, որ Գերմանիայի դիրքորոշման մեջ նույնպես ոչինչ չի փոխվել։ «Գերմանիան անհանգստանում է, թե Ցեղասպանության ճանաչումը ինչպես կընդունվի Գերմանիայի թուրքական համայնքի կողմից։ Եվ, իհարկե, Անկարայի հանդեպ ցանկանում է հարգանք ցուցաբերել։ Ընդ որում` այդ հարգանքը Անկարայի սխալ շրջանակների հանդեպ է ցուցաբերում։ Մենք պետք է մեր թուրք գործընկերներին հասկացնենք, որ աշխարհում ոչ մի երկրի համար ամոթ չէ ազնվորեն առերեսվել անցյալին։ Մարդ պետք է դրա համար ուղղակի հասուն լինի։ Ես առաջին հերթին Գերմանիային ազնվության կոչ եմ անում, քանի որ Դաշնային կառավարությունը՝ որպես Գերմանական կայսրության իրավահաջորդ, կրում է Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը»,- ասել էր Օզդեմիրը։
Ի՞նչ կփոխվի, եթե թուրքերը վերանայեն իրենց վերաբերմունքը Երեւանի հանդեպ։ «Դա կփոխի ամեն բան։ Հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ ներդրումներ կբերի Հայաստանի տնտեսություն, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել ՌԴ-ից այդ երկրի կախվածությունը։ Բացի այդ, առաջընթաց կգրանցվի ԼՂ հակամարտության մեջ։ Եթե Հայաստանն ու Թուրքիան կարգավորեն իրենց հարաբերությունները, Թուրքիան կարող է այդ հակամարտության լուծման հարցում միջնորդ դառնալ։ Դա նույնպես կնվազեցնի Մոսկվայի ազդեցությունը։ Այստեղ հարցի էությունն այն է, որ Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորումը կդառնա Հայաստանը Եվրոպային կապող կամուրջ։ Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումը շատ բան կփոխի։ Վերջապես հնարավոր կլինի բարձրաձայնել այն մասին, որ երիտթուրքերը հերոս չէին, այլ ամենասովորական ռազմական հանցագործներ, որոնք իրենց վարած ողբերգական քաղաքականության պատճառով կործանեցին Օսմանյան կայսրությունը։ Այդ մարդկանցով հպարտանալու ոչ մի պատճառ չկա։ Պատմության հանդեպ ձեւավորած հայացքը վերափոխելը թուրքական հասարակության մոդեռնիզացման պայմանն է»,- ըստ News.am-ի` նշել էր թուրք քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանն առնչվող երկրորդ բանաձեւն է քննարկվելու Գերմանիայի խորհրդարանում: 2005թ. ընդունված բանաձեւում «Ցեղասպանություն» բառը չընդգրկվեց: Ապրիլի 23-ին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բեռլինում մասնակցելու է Օսմանյան կայսրությունում դարասկզբին զոհված 1.5 միլիոն հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների հիշատակին նվիրված պատարագին: Սպասվում է, որ նախագահը հանդես կգա ելույթով, սակայն դեռ հստակ չէ՝ կարտասանի՞ «Ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Սակայն օրերս հայտնի դարձավ, որ Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել «Ցեղասպանություն» բառը օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձեւում, իսկ կառավարությունից հայտնեցին, որ սատարում են կառավարող կուսակցությունների մշակած նախագծին: Իսկ ըստ գերմանական Die Welt պարբերականի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ գերմանական կառավարությունը այժմ հայերի սպանդը բնորոշում են որպես ցեղասպանություն:

Ապրիլի 24-ին Թուրքիայում նույնպես հիշատակության
օր կլինի

Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի պապի մատուցած պատարագին Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունը համերաշխության, զորակցության կարեւոր ուղերձ էր հայ ժողովրդին: Դա աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգեւոր առաջնորդի խոսք էր, եւ բնական էր, որ ունենալու էր հետեւանքներ: Պակաս կարեւոր չէր Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւը, որում Եվրախորհրդարանը ընդգծեց, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձեւում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի, եւ դատապարտում է դրա ժխտումը։ Դրանով իսկ 28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պաշտոնական Անկարան շարունակում է ժխտողական քաղաքականությունը, սակայն նույնիսկ Թուրքիայի այսօրվա իշխանությունները, կարծես, իրենց հայտարարություններում ավելի ու ավելի հաճախ են հայերի վշտի մասին հիշատակում: Ապրիլի 20-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես եկավ «Օսմանյան կայսրության անկման շրջանում զոհված օսմանյան հայերի վերաբերյալ» ուղերձով: Նախ` Դավութօղլուն հայտնեց, որ ապրիլի 24-ին Հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք կրոնական արարողությամբ Օսմանյան կայսրության հայերը կհիշատակվեն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում: «Որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այս ցավերը տեսած տարբեր էթնիկ եւ կրոնական ծագում ունեցող ազգերի թոռներ` այսօր հասկանում ենք տեղի ունեցածը, հարգանքով հիշատակում զոհված անմեղ օսմանյան հայերին եւ մեր ցավակցությունը հայտնում նրանց թոռներին»,- ասել էր Թուրքիայի վարչապետը` չմոռանալով նաեւ «թուրք եւ մուսուլման օսմանցիների ապրած արտաքսման եւ կոտորածների խորին հետքերը…»: «Որպես երկու ժողովրդի ժառանգներ, որոնք հարյուր տարի առաջ ուրախություն, տխրություն ու նույն ճակատագիրն են կիսել, մենք համատեղ պատասխանատվություն ունենք` մեզ բաժին հասած հարյուր տարվա վերքերը բուժելու եւ մեր մարդկային կապերը կրկին հաստատելու։ Թուրքիան անտարբերության չի մատնի այս պատասխանատվությունը. բարեկամության եւ խաղաղության համար կշարունակի անել այն, ինչ կարող է։ Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում այս պատմական ցավերը փորփրելու փոխարեն՝ արդար հիշողություն եւ համատեղ խաղաղ ապագայի վրա հիմնված մոտեցում որդեգրել։ Այս հույզերով եւ մտքերով մեկ անգամ եւս հարգանքով հիշում ենք 1915թ. տեղահանության ժամանակ մահացած օսմանյան հայերին եւ կիսում նրանց երեխաների ու թոռների ցավը»,- նշել էր Թուրքիայի վարչապետը:

Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, թե Թուրքիան կիսում է հայերի ցավը, սակայն հրաժարվել է հետեւել Եվրախորհրդարանի կոչին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Քարնեգի հաստատությունում, նշել է. «Մենք կշարունակենք աշխատել խնդրի պատմական կողմի կարգավորման եւ միաժամանակ ԼՂ հարցի լուծման ուղղությամբ»: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Կարեն Իսրայելյանը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հարց է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարարին, թե արդյոք Անկարան չի՞ պատրաստվում հետեւել Եվրոպական խորհրդարանի ընդունած հռչակագրի կոչին եւ ի վերջո ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով իրական հաշտեցման համար: Չավուշօղլուն պատասխանել է, որ իր համոզմամբ՝ քաղաքական գործիչների եւ արտերկրյա խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը որեւէ կերպ չի նպաստում: «Ո՞վ է որոշում, թե դա ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ»,- նշել է Չավուշօղլուն` հավելելով. «Մենք մեր կողմից պարտավորվում ենք ընդունել այդ հանձնաժողովի եզրակացությունը: Թուրքիայից էլ ի՞նչ եք սպասում»:

ԱՄՆ ժամանած թուրք պաշտոնյան, վստահաբար, Հայոց ցեղասպանության հարցը կքննարկի ԱՄՆ պետքարտուղարի հետ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հիշեցնենք, մշտապես ապրիլի 24-ի ամենամյա իր ուղերձներում 1915-ի իրադարձությունները որակում է հայերենով` «Մեծ եղեռն» բառերով՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930