Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչքարի ժապավենը կտրեց 12-րդ դասարանի միակ աշակերտը

Ապրիլ 23,2015 10:13

Քաշաթաղի շրջանի Բազմատուս գյուղը գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 15կմ հյուսիս՝ Շալուա (Հակարիի արևելյան վտակ) գետի ձախակողմյան լանջերին: Մտնում է Գանձայի գյուղական համայնքի մեջ: Գյուղում արդեն 3-րդ տարին է, ինչ գործում է հանրակրթական դպրոց, որն այժմ ունի 13 աշակերտ՝ 4 համակարգ-դասարանով և 7 ուսուցիչ: Դպրոցի բակում ապրիլի 22-ին բացվեց խաչքար-հուշարձան՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր: Դպրոցի տնօրեն Հայկ Եղիազարյանը, բացելով միջոցառումը, խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը, ապա կարևորեց նման հանդեսների դերը մեր սերունդների կյանքում, ովքեր այսօր, վաղը և ապագայում լինելու են պահանջատեր և հիշելու են կատարված ոճրագործությունը:

Հույս հայտնեց, որ վերջ ի վերջո Թուրքիան ընդունելու է իր կատարածը որպես ցեղասպանություն և մեղա է գալու հենց մեր զավակների պահանջով: Խաչքարի ժապավենը կտրեց 12-րդ դասարանի միակ աշակերտը՝ Մարգարիտա Հարությունյանը, ով որոշել է դառնալ ուսուցչուհի և վերադառնալ հայրենի գյուղ և դասավանդել դպրոցում: Հանդեսին մասնակից եղան բոլոր աշակերտները և ուսուցիչներ՝ սկսելով Տերունական աղոթքով: Այնուհետև հանդես եկան ասմունքով՝ արտասանելով Շիրազի ու Սևակի, Վահան Թեքեյանի և այլ մեծերի բանաստեղծությունները, հնչեցին երգեր՝ բոլորը համահունչ օրվա խորհրդին: Խաչքարի բացումը կայացավ դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:

DSCN2331 DSCN2325 DSCN2083

Քանդակագործն է շրջանի Ներքին Սուսի Սերոբ Հանեյանի անվ. միջն. դպրոցի երիտասարդ ուսուցիչ Սերոժ Մկրտչյանը: Հանդեսից հետո շրջվարչակազմի ղեկավարը ծանոթացավ դպրոցի պայմաններին, ասաց, որ մոտակա ժամանակներում կրթօջախին համակարգիչ և այլ կարևոր պարագաներ կհատկացնի: Տնօրենը տեղեկացրեց, որ կա մանկավարժների, հատկապես բնագիտական առարկաների մասնագետների պակաս: Պատմություն և աշխարհագրություն առարկաները դասավանդում է նույն դպրոցի շրջանավարտ, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Հարությունյանը: Զրուցում եմ աշակերտների հետ. 4-րդ դասարանցի Նժդեհ Ասլանյանը դեռ չի որոշել հետագա անելիքը, բայց հայրենիքի զինվոր հաստատ է դառնալու, որ վրեժխնդիր լինի թուրքերից: Իսկ 3-րդ դասարանցի Վահե Մարտիրոսյանն արդեն գիտի՝ դառնալու է ոստիկան: Հրաժեշտ ենք տալիս Բազմատուսին՝ հավատով, որ տարիներ անց 13-ի փոխարեն բազմապատիկ աշակերտներ կսովորեն ավելի ընդարձակ ու հարմարավետ դպրոցում, իսկ ուսուցիչների պահանջ չի լինելու:

Արտաշավիի դպրոցում

Արտաշավի գյուղը, որ գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 35 կմ հյուսիս՝ Շալուա գետի ձախակողմյան լանջերին, հիմնվել է 1994 թվականի այս օրերին՝ ազատագրումից մեկ տարի անց: Միջնակարգ դպրոցը, որ սպասարկում է նաև հարևան Նորաշենիկ գյուղի դպրոցականներին, գործում է 1995 թվականից և այժմ կոչվում է Արցախյան գոյամարտի լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով: Արդեն 2-րդ տարին է, ինչ մոտ 40 աշակերտ ունեցող կրթօջախը գործում է նորակառույց շենքում: Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթին(22.04.2015 թ.) ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, աշխատակազմի կառույցների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:

Աշակերտները հանդես եկան դատապարտումի խոսքերով կատարեցին երգեր, արտասանեցին բանաստեղծություններ, որոնք Հայոց մեծ ցավի մասին էին: Հանդես եկան նաև փոքր ներկայացմամբ՝ ներկաներին բաժանելով Անմոռուկներ՝՝ նկարագրելով դրա խորհուրդները, գույները: Անդրադարձան այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պատին Կոմիտասի և Մեծ Եղեռնին զոհ գնացած գրողներ Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի նկարներն էրն՝ վերևում «Դե, եկ, Վարդապետ, ու մի խենթանա…» Սևակյան խոսքը: Հատակին Արևմտյան Հայաստանի՝ մեր կորցրած հայրենիքի 12 տարածքները խորհրդանշող թղթյա պատեր էին, որոնց մոտ մոմեր էին վառվում: Աշակերտներն իրենց ելույթն ավարտեցին՝ նշված պատերով Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրի մանրակերտը «կառուցելով»:

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը կարևորեց նման հանդեսների դերը դպրոցներում՝ նշելով, որ սերնդեսերունդ պետք է լինենք պահանջատեր և երբեք չմոռանանք, որ ունենք կորցրած հայրենիք: Դպրոցի տնօրեն Վերա Խաչատրյանը նշեց, որ նման միջոցառումներ շատ են իրականացնում իրենց կրթօջախում, գոհունակություն հայտնեց կազմակերպչին ու աշակերտներին, ովքեր և լավ են սովորում, մասնակցում են տարբեր մրցույթների, նաև ֆիզիկական և հաճախ են հաղթանակած տուն գալիս: Վերջին ամիսներին շրջանի մի շարք բնակավայրերում ներկա եմ եղել նման հանդեսների, որոնք կայացել են կամ դպրոցներում, կամ աշակերտների մասնակցությամբ, համոզվել եմ՝ մենք ունենք լավ ու հայրենապաշտ սերունդ, մնում է ավագներս ճիշտ գնահատենք և օգտագործենք այդ հսկա ներուժը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930