Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքի համբերության բաժակը լցվել է. Թուրքիան դարձել է ավելի սանձարձակ ու անկարգ»

Ապրիլ 23,2015 14:30

Թուրքիայի կառավարությունը հերթական անգամ Հայոց Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ՝ աշխարհին «կուտ է տալիս». ապրիլի 20-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել ուղերձով: Նա հիշեցնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի նախորդ տարվա ուղերձը՝ ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան միասին հարգեն օսմանյան հայերի հիշատակը, դա ավելի իմաստալից կլինի: Դավութօղլուն նաեւ նշել է. «Պատմությունը չպետք է քաղաքական գործիք լինի: Մենք հավատում ենք այդ հասուն մտածելակերպին: Այսօր էլ առանց տառապանքների խտրականության 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններում մահացածներին հարգանքով ենք հիշում»: Թուրքիայի վարչապետը նույնիսկ ասել է, որ իրենց համար կարեւոր է առերեսվել անցյալի հետ, չեն անտեսի այդ պատասխանատվությունը եւ շարունակելու են ձեռքից եկածն անել բարեկամության եւ խաղաղության համար եւ այլն:

Դավութօղլուի ուղերձն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում նախորդ տարիների ուղերձներից: «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի կառավարության քաղաքական տեքստերը Ցեղասպանության վերաբերյալ եթե նախկինում կարող էին այլ կերպ մեկնաբանվել, ապա այսօր դրանք արդեն շատ պարզունակ են. «Անկարան այլեւս կրկնվում է: Մի քանի տարի առաջ Թուրքիայում Ցեղասպանության մասին հարցերը քննարկելու վերաբերյալ հավաստիացումներին, կարծես թե, աշխարհը հակված էր տեսնել որպես մի գործընթաց, որը կբերեր պաշտոնական Անկարայի կողմից քաղաքական խիզախության եւ սեփական պատմության մութ էջերի հետ առերեսման: Բայց աշխարհը տեսնում է, որ Թուրքիայի հասարակությունն իսկապես տրանսֆորմացվել է, բայց Թուրքիայի իշխանությունները այդ իմաստով հետ են մնացել իրենց հասարակությունից»:

Սաֆարյանի խոսքերով՝ Թուրքիան այսպիսի ուղերձներով շարունակում է շատ խորամանկ ձեւով աշխարհին, այսպես ասած՝ քթից բռնած պտտեցնել, իսկ Եվրոպան այդքան միամիտ չէ, նրանք հասկանում են, որ Անկարան տեղում դոփում է՝ ոչ թե նրա համար, որ խիզախություն չունի, այլ խորամանկում է:

Քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ այս տարի Թուրքիայի կառավարությունն ուղերձի հարցում շտապեց. եթե նախկինում դա անում էին հենց ապրիլի 24-ին, այս տարի մի քանի օր շուտ արեցին եւ հետաքրքիր քայլի գնացին. «Նպատակը հետեւյալն է՝ Թուրքիան միտում ունի ազդելու առաջին հերթին ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձի վրա եւ նաեւ՝ Գերմանիայի, որը օրերս Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ պետք է քննարկի: Կարծում եմ՝ այս պահին Հայաստանից գնացող ձայները հստակ պիտի լինեն, պիտ ցույց տրվի, որ Թուրքիան հերթական անգամ մանիպուլյատիվ քայլեր է անում, մենք պիտի հասկացնենք, որ թուրքական կողմի այս ուղերձներով բավարարումը բացարձակապես հեռու է բարոյականության, անգամ քաղաքական նպատակահարմարության դաշտից»:
Մինչ օրս խոշոր գերտերություններն Անկարային խնայել են, խղճացել են, սակայն վերջերս ճնշումներ են գործում: Սրա պատճառն, ըստ պարոն Սաֆարյանի, այն չէ, որ հավատացել են թուրքական վարկածին, այլ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Հիմա ժամանակն է, որ հայկական կողմը՝ պաշտոնական Երեւանն ու փորձագետները, ինչպես ասաց Սաֆարյանը, աշխարհին հասկացնեն, որ թուրքական հորդորներին տեղի չտան, որ թուրքական հորդորները, ճնշումները ոչ միայն բարոյականությունը խաթարող խնդիր են, այլեւ քաղաքական նպատակահարմարությունից դուրս:

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Ցեղասպանության չճանաչումը չի բարելավում թուրքական քաղաքականությունը, այլ ճիշտ հակառակը՝ ավելի մեծ վնաս է հասցնում. «Անկարային խնայելով՝ նա ավելի խելացի, ողջամիտ ու կանխատեսելի չի դառնում, այլ ավելի լկստված եւ ավելի սանձարձակ է իրեն պահում»:

«Առավոտի» այն հարցին՝ ի՞նչ փոխվեց աշխարհում, երբ ազդեցիկ պետությունները պատրաստակամություն հայտնեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունել, քննարկել, Անկարան արդյոք շեղվե՞լ է Եվրոպայի համար ընդունելի ճանապարհից, պարոն Սաֆարյանն ասաց. «Բազում գործոններ կան. առաջին հերթին նշենք, որ Ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բայց այս տարիներին բոլորը յուրովի համոզվեցին, որ Թուրքիան գնալով դառնում է միանգամայն այլ պետություն, ոչ այն, ինչ պատկերացնում էին. դառնում է ինքնավստահ, պոռոտախոս, մեծամիտ, մեծ ախորժակով ու մեծ հավակնություններով, անկարգությունների տեղի տվող: Բոլորի համբերության բաժակը լցվել է: ԱՄՆ-ը կարող էր մի կերպ ատամները սեղմել Իրաքի հարցում Թուրքիայի դիրքորոշումից հետո, նորից սեղմել՝ հայ-թուրքական հարաբերությունները տապալելուց հեոտ, հետո՝ Սիրիայի դեպքերի հետ նրա ապակայունացնող քայլերը, երկակի խաղերը «Ալ-Քաիդայի», «Իսլամական պետության» հետ. իսկապես համբերության բաժակը լցվել է: Թուրքիան չափազանց սինխրոն աշխատում է Ռուսաստանի հետ եւ «տորպեդահարում է» արեւմտյան քաղաքականությունը: Հիմա քաղաքական նպատակահարմարությունը վերացավ, նրանք հասկացան, որ նախկին վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ այլեւս քաղաքական արդյունքի չի բերում, Թուրքիային դաստիարակելու խնդիր կա»:

Սաֆարյանի դիտարկմամբ՝ ի վերջո միջազգային հանրությունը հասկացավ, որ Հայոց ցեղասպանությունը միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ համամարդկային ոճիր է. «Քաղաքական ուղերձների հետ՝ մենք տեսնում ենք խղճի, բարոյականության ուղերձներ, որպես օրինակ՝ Վատիկանը: Հիմա հարյուրամյակին ընդառաջ՝ մոգական ուժով ամբողջ հայությունն է շատ մեծ սպասումներով եւ նաեւ՝ լավատեսությամբ աշխատում»:
«Առավոտի» այն հարցին էլ՝ կարելի՞ է համարել, որ աշխարհը 2 կրոնական՝ քրիստոնեություն եւ իսլամ, բեւեռների է վերածվել, եւ այս համատեքստում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող քայլեր անում, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ վերջին տասնամյակում միջազգային հանրությունը տեսավ, որ քաղաքական հաշվարկների նպատակահարմարությունների արդյունքում հսկայական քրիստոնեական համայնքներ ուղղակի վերացան Մերձավոր Արեւելքում. նախկինում փոքր խնդիրները նրանց համար դարձել են շատ մեծ խնդիրներ. «Հայաստանն, իսկապես, առաջնապահն է քրիստոնեական աշխարհի: Տեսնում են, որ մի փոքրիկ Հայաստանն այս վտանգավոր միտումներում կարող է թիրախ լինել: Ես չեմ ուզում ասել, որ այն, ինչ անում են, չհայտարարված պատերազմ է ընդդեմ իսլամական աշխարհի, քրիստոնեական աշխարհը ցեղասպանությունը երբեք չի ճանաչում այդ համատեքստում, բայց նաեւ հասկանում է, որ պետք է լուրջ երաշխիքներ տալ այն հանրություններին, որոնք եղել են այս բավականին բարդ միջավայրում, որոնք կարեւոր գործառույթ են քրիստոնեական աշխարհի համար: Այս համատեքստում հայության համար Ցեղասպանության ճանաչումը անվտանգության երաշխիք է: Այս առումով հետաքրքիր գործընթաց է հիմա տեղի ունենում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    այսպիսի հետաքիր իրադարձություններ տեղի էին ունենում տասնիերորդ դարի ինսունական թվականներից:Հայկական հարց,իրավունքներ և այլն:Արդյունքում ցեղասպանություն:Եկեք շատ չոգեվորվենք:Շատ հուս չդնենք միջազգային հանրության վրա:Չդառնանք նաև գործիք ուրիշի ձեռքին:Ամեն բան չափավոր: Հիշենք նաև,որ Թուրքիանել է ընդունել ցեղասպանությունը ,դատապարտելով երիտթուրքերին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930