Սարգիս Հացպանյանի «Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո»
դասախոսությունների շարքի վերջին դասախոսությունը նվիրված էր
Օսմանյան կայսրության հայկական 6 վիլայեթներից՝ Վանին:
Դասախոսության ընթացքում արծարծվեցին հետեւյալ հարցերը՝ հայությունն ինչպե՞ս գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի նշված տարածքում (Վան, Արծկե-Ադլջավազ, Արճեշ, Բերկրի, Սարայ, Հայոց Ձոր, Ոստան, Կարճք, Մոկս, Շատախ, Խոշապ, Բաշկալա, Ջուլամերկ, Դիզէ, Օրամար, Նեհրի եւ այլն), ի՞նչ պատահեց այդ տարածքները չլքած եւ ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների հետ, ինչպե՞ս են ապրում «Թուրքիայի Հանրապետության» քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն այժմ՝ Վանում:
Դասախոսությունը նվիրված էր Վանի հերոսամարտի 100-ամյակին եւ Թուրքիայի անվանի լրագրող, գրող, ծագումով հայ՝ Յաշար Քեմալի հիշատակին, ում պարտական ենք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կանգուն մնալու համար:
Յաշար Քեմալ մտավորականը մահկանացուն կնքեց վերջերս՝ 2015 թ. փետրվարին՝ 92 տարեկանում:
Կարդացեք նաև
Յաշար Քեմալը՝ 1896 թ. համիդյան ջարդերից հետո Բերկրիում բռնի իսլամացած հայորդու զավակը, ծնվել էր 1923 թ. Կիլիկիայի հայկական Համիտա գյուղում: Երբ 1951թ. հունիսի 24-ին պատահականորեն մի զինվորականից լսում է, որ արդեն ականապատել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին եւ սպասում են Անկարայի հրամանին, որպեսզի այն պայթեցնեն, Յաշարն անմիջապես գործի է անցնում: Հունիսի 26-ին Անկարայից հրահանգում են, որպեսզի եկեղեցին չպայթեցնեն…
Բանախոսը նշեց, որ հայկական 6 վիլայեթում ազգաբնակչության մեծամասնությունը հայեր էին, իսկ Վանի վիլայեթում՝ 65%-ն էին կազմում, չնայած տարածքների հետեւողական միտումնավոր վերաձեւումներին եւ իսլամաբնակ տարածքների կցմանը: Սարգիս Հացպանյանը Վանի պատմությունը սկսեց նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հայ արքաներից (Արամե, Արգիշտի, Մենուա, Սարդուրի, Ռուսա Ա, Ռուսա Բ եւ այլք), ցուցադրեց նրանց կառուցած եւ մեր օրերը հասած ամրոցների, այլ կառույցների լուսանկարները:
Վանը միջնադարյան հայտնի գրչության կենտրոն էր, այստեղ են գրվել 13 ավետարան, 4 Մաշտոց, 2 ճառընտիր, 2 ճաշոց, բազմաթիվ ձեռագիր պատառիկներ եւ այլն: Այս ամենում մեծ դեր է խաղացել Նարեկ գյուղի Նարեկավանքը, ուր եղբոր հետ Անանիա հոգեւորականի մոտ, ով նրանց մոր քեռին էր, կրթվել է երաժիշտ, փիլիսոփա, գրական մտքի գագաթնակետը համարվող «Մատյան ողբերգության» հեղինակ, մեծն Նարեկացին (951 կամ 948 թ.-1003թ.): Նա հետագայում Նարեկավանքում ձեռնադրվում է վարդապետ: Ժամանակը չի կարողացել խունացնել Նարեկացու չափածո աղոթքների գույները եւ պատահական չէ, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նրան 21-րդ դարում շնորհեց «Տիեզերական» կոչում:
Դյուրին չի եղել Նարեկացու կյանքը, նրան, ինչպես եւ իր հորը, եկեղեցին մեղադրել է թոնդրակյան շարժմանն աջակցելու մեջ: Մինչեւ 20-րդ դարի կեսերը Նարեկ գյուղը դեռ պահպանում էր իր անունը, 1951թ. հանրապետական Թուրքիան այն անվանել է Եմիշլիք, որ նշանակում է պտղունք, իսկ բնակչության մեջ դեռ ապրում է գյուղի Նարեկ անունը: Նարեկավանքի տեղում այսօր 1 մզկիթ է կանգնած… Եղեռնից հետո հայ 250 տան բնակիչների մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, վանական համալիրն ամբողջությամբ ավերվել է:
Գագիկ Արծրունի թագավորը Աղթամար կղզում 915-921թթ. Մանվել ճարտարապետի հետ կառուցեց Սուրբ Խաչ եկեղեցին: Թագավորը ճարտարապետի օգնականն ու խորհրդականն էր: Սուրբ Խաչ եկեղեցին հայ ճարտարապետական մտքի եզակի գոհարներից է, առանձնանում է գոտեւորված թեմատիկ բարձրաքանդակներով: Ճակատային պատին պատկերված է Գագիկ թագավորը, որ եկեղեցու մանրակերտն է մեկնում Հիսուս Քրիստոսին, պատկերված են նաեւ Արծրունյաց տոհմի երեւելիները, Գագիկ թագավորի մայրը՝ Սոֆիան, կինը՝ Մլքե թագուհին՝ Թամարան, աստվածաշնչյան թեմաներից՝ Ադամի եւ Եվայի արտաքսումը Դրախտից: Արծրունյաց տոհմի սիրելի զբաղմունքը՝ խաղողագործությունը՝ սկզբից մինչեւ գինու ստեղծումը եւ այլն: 2007 թ. եկեղեցին վերականգնվեց, որի աշխատանքներին մասնակցեցին հայ վարպետները եւ Սարգիս Հացպանյանի՝ Կ. Պոլսի Սուրբ Խաչ Դպրեվանքից դպրոցական ընկեր, ճարտարապետ Զաքարիա Միլդանյանը: Նրանց ջանքերի շնորհիվ վերականգնողական աշխատանքների ժամանակ աղավաղումներ թույլ չտրվեցին: Արքունի տան, Սուրբ Խաչ եկեղեցու մասին հետաքրքիր եւ ուշագրավ մանրամասներ կարդաց իր գրքից իրավաբան Իրինա Գալստյանը:
Վարագա վանքը 1892 թ. տվեց 125-րդ Ամենայն հայոց Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը… Բանախոսը հակիրճ ներկայացրեց Հայրիկի կյանքը (1821-1907 թթ.), գիտական աշխատանքներն ու ծավալած ազգանվեր, հայրենանվեր մեծ գործերը: Մանրամասներ պատմեց Բեռլինյան վեհաժողովից եւ 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագիրը կյանքի չկոչվելուց Հայրիկի խորը հիասթափությունից, որ ասում էր՝ եվրոպական գերտերությունները Հայաստանն օգտագործում են Ռուսաստանի դեմ ճնշումներ բանեցնելու համար: Ըմբոստ Հայրիկը մասնակցում է սոցիալ-դեմոկրատների ցույցին, Վանից-Պոլիս ակտիվ աշխատանքներ է վարում «Սեւ Խաչ» կազմակերպության հետ, աջակցում հայդուկային շարժմանը, ընդդիմանում ռուսական ցարին՝ հայկական դպրոցները փակելու առիթով: Խրիմյան Հայրիկը հմուտ բարենորոգիչ էր:
Վարագա վանական վեհաշուք համալիրը մյուս շատ եկեղեցիների ճակատագիրն ունեցավ, գրեթե հիմնովին ավերվեց, մնացել են մի քանի աբսիդներ, որոնց գունավոր պատկերը հանրահայտ քուրդ մտավորական Ռեջեփ Մարաշլըն «մոնտաժել էր» համալիրի դեռեւս կանգուն եղած ժամանակներից, 1900թ. սեւ-սպիտակ լուսանկարի վրա: Պարզվում է՝ Վարագա վանքի ավերակների այսօրվա «սեփականատերը» հայտնի թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլըն է, որը վանքը ժառանգել է հորից, պատրաստ է այն նվիրել Կ.Պոլսի հայոց պատրիարքությանը եւ կոչ արեց մյուսներին եւս հայերին վերադարձնեն նրանց պատկանող գույքը:
Սարգիս Հացպանյանը ներկայացրեց Վան քաղաքին նվիրված Վանի քուրդ քաղաքապետ Բեքիր Քայայի հրատարակած քառալեզու «Վան» գրքույկը, որտեղ քաղաքապետարանը հիմնովին խեղաթյուրել էր պատմությունը՝ ամեն ինչ ներկայացնելով իբրեւ քրդական քաղաքակրթության օրինակ:
1867-1876 թթ. Վանի վիլայեթն ամբողջովին Օսմանյան կայսրության Էրմենիստան (Հայաստան) վիլայեթի կազմում էր: Եվրոպական տերություններին մոլորեցնելու հրամայականով, որպեսզի հայ ազգաբնակչության տոկոսային թիվը իջեցվի, Վանի վիլայեթը 1888 թվականին միացվում է հարավային մասի քրդաբնակ Հակյարի՝ Ջուլամերկին: Եվ որքան էլ վերաձեւեցին վիլայեթը, միեւնույն էր, հայ բնակչությունը կազմում էր 65%-ից ավելին: Այսպիսով, Վանի վիլայեթը բաղկացած էր 2 սանջակից՝ Վան եւ Հակյարի՝ Ջուլամերկ:
1895-96թթ. համիդյան ջարդերի ժամանակ Վանում քրդերի կողմից բնաջնջվեց մոտ 20 հազար հայ, նույնքան էլ՝ արտագաղթեց եւ գրեթե 20 հազար էլ բռնի իսլամացվեց:
Ուշագրավ եւ տարողունակ աշխատանք էր կատարել 1908-1909 թթ. Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայեթներ այցելած, Եվրոպայում բարձրագույն կրթություն ստացած՝ 9 արեւելահայ երիտասարդների խումբը: Նրանք շրջել էին 3 վիլայեթը՝ գյուղ առ գյուղ, լուսանկարել էին, մեկիկ-մեկիկ գրի առել հայ գյուղացիների ունեցվածքն ու կրած կորուստները, վերադարձել Երեւան, գնացել Էջմիածին, հանդիպել էին Ամենայն հայոց կաթողիկոսին, առաջարկել, որ իրենց կատարած աշխատանքը հրապարակվի: Այն տպագրվում է Երեւանում 1912 թ., այսօր կա այդ հետազոտության նաեւ էլեկտրոնային տարբերակը: Հավաքագրված տվյալներ կային նաեւ 1894-1896 թթ. քրդերի կողմից առեւանգված հայուհիների գտնվելու տեղի մասին, թե որտե՞ղ եւ ո՞ւմ ձեռքում են: Վանի միայն Արճակ գավառում բազմաթիվ հայկական գյուղեր են քրդացվել: Ճակատագրի հեգնանք է հաստատ այն իրողությունը, որ այսօր այդ քրդացած հայերի թոռները պայքարում են անկախ Քուրդիստան ստեղծելու համար եւ, բնականաբար, կանգնած են հայկական խնդիրների դեմ:
Վանի ինքնապաշտպանության օրերը հայ ժողովրդի հերոսապատումներից է: Բանախոսը փաստեց, որ այդ օրերին միասնաբար էին գործել հայկական ավանդական 3 կուսակցությունները, որոնք խիստ կազմակերպված ղեկավարում էին Վանի պաշտպանությունն ընդդեմ թուրքական կանոնավոր բանակի: Ինքնապաշտպանությունը սկսվեց 1915թ. ապրիլի 7-ին: Վանում էին հավաքվել մերձակա գյուղերի բոլոր հայ բնակիչները, կռվում էին բոլորն ուս ուսի տված՝ անգամ կանայք եւ երեխաները: Վերջիններս փամփուշտներ էին հասցնում դիրքապահներին: Մայիսի 19-ին Անդրանիկ զորավարի գլխավորությամբ ազատագրվեց Վանը, սակայն 1915-1918 թթ. հայությունը ստիպված եղավ ռուսական բանակի հետ 2 անգամ նահանջել եւ ճանապարհին հազարավոր զոհեր տալով՝ արտագաղթեցին Արեւելյան Հայաստան: Վանի վիլայեթի շուրջ 200 հազար հայ փրկվեց: Թուրքերը Վանն ամբողջությամբ վերածեցին գերեզմանոցի:
Սարգիս Հացպանյանն անուն առ անուն հիշատակեց անվանի բոլոր վանեցիներին, ովքեր հայտնի մտավորականներ էին, քաղաքական գործիչ եւ միաժամանակ հայրենյաց պաշտպաններ:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.03.2015