Հրատարակվել է գեղանկարիչներ՝ հայր ու որդի Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների ալբոմը (13 գեղանկար)՝ Ցեղասպանության թեմաներով (լուսանկարում): «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ճանաչված արվեստագետները նշեցին, որ գաղափարն առաջացել է դեռեւս 2006թ., երբ Զուլում Գրիգորյանը իր ծննդյան 75-ամյակի առիթով իր արվեստանոց-ցուցասրահում ներկայացրեց ցեղասպանության թեմաներով գեղանկարները:
Մուշեղ Գրիգորյանը հայտնեց, թե քչերին է հայտնի, որ հայրը 1955թ. Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելու տարիներին ձեռնամուխ է եղել եղեռնի թեմայի նկարչական պատկերմանը, որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով «Մղձավանջային օրեր» կոմպոզիցիոն կտավը: Ասաց նաեւ, թե եղեռնի թեման հոր կենսագրությունն է ու մանրամասնեց. «Հորական պապս՝ Հարությունը, Սասնա Գելիեգուզան գյուղից էր, որը հայտնի հայդուկային շարժման կենտրոններից մեկն էր, տատը՝ Մարգարիտը, Մշո Խաս գյուղից: Հայրս մորական կողմից վանեցի է: Մեծ գերդաստանից մի քանի հոգի են միայն ջարդերից փրկվել, հորական պապս՝ Համբարձումը, 20 տարեկանում հաստատվել է Կրասնոդարում…»: Մուշեղն անդրադառնալով հոր՝ Զուլում Գրիգորյանի առաջին գործերում գերիշխող հայրենասիրական թեմային, հայտնեց, որ «Մղձավանջային օրերը» եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն 9 ստեղծագործություններից առաջինն էր, որ դարձել է հոր այցեքարտը, նախ նրան բերելով ինստիտուտի գերազանցության դիպլոմ եւ հետո, նույն 1957թ. նրան դարձնելով ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: «1962թ. արեւմտահայերի հերոսական պայքարի հիշատակին «Զեյթունցիները» կտավի հիման վրա Մոսկվայում թողարկվեց փոստային բացիկ:
Պատկերելով ահարկու օրերը՝ հայրս ցանկանում է բոլորին իր արվեստով մղել դեպի բարություն, պարտադրել հավատալ բանականությանն ու ձեռք չբարձրացնել մարդու վրա: Դեռ շատ տարիներ առաջ հորս ասում էի, թե միայն քո նման կյանքի փորձով իմաստնացած պահանջատերը կարող է հավատալ, որ աշխարհը կշտկվի, որ բանականությունը կհաղթանակի… Հայրս էլ պատասխանում էր, թե հավատում է, որ հայերիս եղեռնը կճանաչվի ու անպայմա՛ն կճանաչվի: Եվ բոլոր ազգերը կճանաչեն: Գիտե՞ս ինչու. որ աշխարհը մաքրվի»,- պատմեց մեր զրուցակիցը: Նա հիշեց, որ ինքը դեռ երեխա էր՝ 11 տարեկան, երբ Համբարձում պապը մահացել է, բայց հիշում է նրա խոսքերը. «Աչքիս առաջ մորս գցեցին թոնիրը… Մինչեւ հիմա զգում եմ նրա վառված մարմնի հոտը…»,- նշեց արվեստագետը:
Զուլում Գրիգորյանին խնդրեցինք ներկայացնել իր աշակերտին՝ Մուշեղ Գրիգորյան գեղանկարչին՝ ոչ թե որդուն: «Մուշեղը կարողանում է ազատ կազմակերպել պատկերն ու համարձակորեն օգտագործել բնության տվածը: Արվեստի համար մի բարդ, հակասական ժամանակներում ավելի ու ավելի է զգացվում կարիքը մտածող, խորհող արվեստագետի, որի ներքինի ու նյարդերի միջով է անցնում այն ամենը, ինչ կատարվում է մեր կողքին: Աշակերտիս ինտելեկտուալ զգացողությունն ավելի ու ավելի հաճախ է մղվում առաջին պլան, որոշելով ստեղծագործության ե՛ւ տեսակը, ե՛ւ որակը: Մուշեղն ունի գեղանկարչի իր կոլորիտը: Օժտված լինելով առանձնահատուկ ձիրքով, նա նաեւ ունի մտավորականի համար այնքան անհրաժեշտ գիտելիքները աշխարհի ու կյանքի մասին: Հպարտ եմ, որ Մուշեղը քիչ, բայց խոսուն աշխատանքներ ունի Ցեղասպանության թեմայով, ինչի առիթով գլուխս բարձր եմ քայլում,- ասաց Զուլում Գրիգորյանն ու հավելեց,- առաջին անգամ ասացի այն, ինչ մտածում էի Մուշեղիս մասին՝ իբրեւ գեղանկարչի»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Զուլում Գրիգորյանի «Երեք սերունդը» (1968թ.):
«Առավոտ» օրաթերթ
22.03.2015