Լրահոս
Օրվա լրահոսը

Եղինջը կօգնի ձեզ ազատվել բազմաթիվ հիվանդություններից

Ապրիլ 23,2015 12:00

Եղինջը, որն ունի 60-150 սմ բարձրություն, աճում է ամենուրեք` խոնավ եւ օրգանական նյութերով հարուստ հողերում: Այս բույսը բացի խոհանոցում` բուժական նպատակով օգտագործում են տերեւները, որոնք հավաքում են բույսի ծաղկման շրջանում: Եղինջի տերեւները կարելի է չորացնել եւ պահել հետագա օգտագործման համար, որը կատարվում է բացօթյա, լավ քամհարվող տեղում: Պահում են տուփերի կամ թղթե տոպրակների մեջ: Այս ձեւով այն պիտանի է 2 տարի:

Եղինջն ունի արտահայտված արյունահոսության դադարեցնող, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող, միզամուղ, հակատենդային, խորխաբեր ազդեցություններ, ինչպես նաեւ աչքի ընկնող լուծողական, ցավազրկող հատկություններ: Այս առումով դեղաբույսը օգտագործվում է արգանդային, երիկամային, աղիքային, թոքային արյունահոսությունների ժամանակ: Այն լավ միջոց է սպիացող վերքերի բուժման դեպքում: Վաղուց ի վեր բույսի տերեւները եւ արմատները ժողովուրդը օգտագործել է հազի, միզակապության, բարձր ջերմությամբ ընթացող բորբոքային հիվանդությունների դեպքում: Բույսի օգտակար հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել սակավարյունության, մկանային եւ հոդային ռեւմատիզմի, մաշկային եկզեմաների, լյարդի եւ լեղածորանների, մարսողության խանգարումների, ստամոքսի ցավերի ժամանակ: Կերակրող մորը խորհուրդ է տրվում խմել այս բույսի թուրմը՝ որպես կաթն առատացնող միջոց:

exinj2
Տերեւներում հայտնաբերված են վիտամիններ` K, C, B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաեւ մրջնաթթու, քլորոֆիլ, դաբաղանյութեր, խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում եւ այլն։ 100 գրամ եղինջը պարունակում է 0,5 գ ճարպ, 3,7 գ սպիտակուցներ, 3,1 գ մանրաթել, 5,4 գ ածխաջրեր: Պտուղները պարունակում են մինչեւ 32,5% ճարպայուղ։ Բույսի մատղաշ տերեւները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին եւ չիչխանի պտուղներին:
4 թեյի գդալ մանրացրած, չորացրած թփերը մեկ բաժակ եռման ջրում թրմել օրական չափով, խմել օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, ամեն անգամ ջրաթուրմի 1/3 մասը:

Արտաքին օգտագործման համար ջրաթուրմը պատրաստվում է նույն կերպ, բայց վերցվում է չորացված տերեւների կրկնակի դեղաչափ, այսինքն` 8 թեյի գդալ մեկ բաժակ եռման ջրում:

Մազաթափության դեպքում նախընտրելի է օգտագործել հետեւյալ թուրմը. 100 գ չորացած տերեւներին ավելացնել կես լիտր ջուր եւ կես լիտր քացախ, խառնուրդը եփել 30 րոպե: Գիշերը՝ քնելուց առաջ, այդ եփուկով լվանալ գլուխը` առանց օճառի:
Վերցնել 50-60 գ հումք, եռացնել մեկ լիտր ջրում 30 րոպե, խմել օրական 3 անգամ, մեկական բաժակ: Լավ միջոց է աղեստամոքսի համակարգը հանգստացնելու համար:
Եղինջը լայն կիրառություն ունի բուժական տարբեր հավաքների մեջ` նախատեսված տարբեր հիվանդությունների բուժման համար:

Եղինջը ունի նաեւ հակացուցումներ. երիկամային հիվանդության, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաեւ նրանց, որոնց արյունը խիտ է: Հղիներին հակացուցվում է նաեւ այն հաբերը, որոնք եղինջի հիմքով են պատրաստված, քանի որ այն արագացնում է ծննդաբերությունը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
22.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ասեմ որ շատ օգտակար նյութ էր նամանավանդ,երբ որ իմ կենսաբանության համար էր պետք ու ձեր նյութը շաա՜տ օգնեց ինձ
    Շնորհակալ եմ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930