Երբ խոսքը վերաբերում է երջանկությանը, մեր ուղեղը դառնում է ոչ ադեկվատ եւ հաճախ դրա համար հակափաստարկներ բերում: Mirfactov.com-ը ներկայացրել է օրինակներ, թե ինչպես է մարդու ուղեղը վերաբերվում երջանկությանը:
Հաճախ մենք մտածում ենք, որ երջանիկ կլինեինք, եթե ավելի քիչ չարչարվեինք: Այս միտքը մեր ուղեղում պտտվում եւ արդարացում է գտնում` մտածելով, որ երջանկությունը քիչ աշխատելու մեջ է: Սակայն անգործությունը հիմնական պատճառն է ձանձրույթի եւ դեպրեսիաների, որը եւ հակառակ արդյունք է տալիս: Մասնագետներն ասում են, որ մարդ աշխատելով եւ ստեղծագործելով է երջանիկ լինում: Պետք է առավել հոգուն մոտ ինչ-որ բանով զբաղվել, որը կբարձրացնի ձեր երջանկության զգացողությունը:
Երբեմն մեր ուղեղը մեզ արդարացնում է եւ ստիպում մտածել, որ «մեղավորը» մեր անձը չէ, այլ` նրանք: Մեր միտքը փորձում է մեզ համոզել, որ մեր դժբախտության պատճառը այլ մարդիկ են` ծանոթները, ընկերները, ամուսինները, ծնողները: Եվ ինչպես մենք ենք «մեղադրում», նրանք էլ նույնությամբ պատասխանում են: Երբ մենք ստանձնում ենք մեր կյանքի պատասխանատվությունը, այն ժամանակ էլ հիմք ենք դնում ճշմարիտ երջանկության:
Որպեսզի լինենք երջանիկ, մտածում ենք, որ հարկավոր է բացել երջանկության գաղտնիքը, իսկ գաղտնիքը նրանում է, որ ինչպես հաջողության դեպքում, այնպես էլ երջանկության ժամանակ գաղտնիք գոյություն չունի: Մարդ ինքն է «նկարում» իր ապագայի պատկերը, ձեւավորում այն քայլերը եւ աշխատում մարմնավորել իր պատկերացրած կերպարին: Ընդունելով այս փաստը՝ մարդ ավելի կարճ ճանապարհ է ունենում երջանկության հասնելու:
Կարդացեք նաև
Մտածում ենք նաեւ, որ մեր երջանկության պակասն այն է, որ ինչ-որ բանի պակաս ունենք եւ մտածում ենք. եթե ես ունենայի այս կամ այն իրը, ապա ավելի երջանիկ կլինեի: Մեր ուղեղը փորձում է մեզ համոզել, որ մենք ավելի երջանիկ կլինեինք, եթե ունենայինք այլ աշխատանք, այլ տուն, այլ մեքենա եւ այլն: Վատ չէ, երբ լավ ցանկություններ է ունենում մարդ, բայց չի նշանակում, որ դրանից մեխանիկորեն մենք երջանիկ կդառնանք: Այդ ամենը ժամանակավոր կարող են փոխել տրամադրությունը, բայց ոչ` երջանկացնել: Հարատեւ երջանկությունը մեր ներսից է գալիս, եւ ոչինչ երկնքից չի ընկնում:
«Ես գիտեմ, որ չեմ կարող»: Այս միտքը մեզ «խաբում» է, երբ հարցը վերաբերում է մեր վատ սովորություններին: Հատկապես, երբ խոսքը մեր առողջությանն է վերաբերում, օրինակ. «Ես գիտեմ, որ չպետք է ծխել, բայց այն ինձ օգնում է նիհարել», կամ «Ես գիտեմ, որ չպետք է վնասակար սնունդ ուտել, բայց եթե չեմ կարող կյանքը վայելել, ապա էլ ինչո՞ւ եմ ապրում»: Փորձեք հասկանալ, որ դրանք «ծուղակներ» են եւ ձեր «թուլությունը» հեռացնում է երջանկությունից:
Ուղեղում պտտվում են նաեւ այնպիսի մտքեր, ինչպիսիք են` ես սիրում եմ այն, ինչ կա, եւ չեմ ցանկանում այն փոխել, կամ եթե այսօր չէ, ապա` երբեք: Սրանք իրականում մեզ ավելի են հեռացնում երջանիկ կյանքից, պետք է հավատալ երազանքներին եւ գործել ավելի վստահ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.03.2015