Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը այսօր ամփոփել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները:
«Մինչև ապրիլի 12-ը տեղի ունեցան մի քանի պատմական իրադարձություններ: Առաջինը Հռոմի Պապի ելույթն էր: Միջազգային հանրության համար Հռոմի Պապի կողմից արվեց պատմական հայտարարություն: Նրա հայտարարությունից հետո Թուրքիայում բարձրացվեց Այվազովսկու «9-րդ ալիքի» պես հզոր ալիք»:
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի կարեւոր իրադարձություն էր նաեւ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը. « Այն գնահատեց անցյալում տեղի ունեցածը և ապագայում ուղենիշներ հաստատեց: Հիմա մեզ մնում է մի բան, թե որքանով մենք, որպես պետություն, կհամապատասխանենք այս արժեքներին: Որքանով որ կհամապատասխանենք արժեքներին՝ այնքան էլ համապատասխան առաջընթաց կունենանք»:
Անդրադառնալով լուրերին, թե այս տարի էլ Բարաք Օբաման Մեծ եղեռնը չի անվանի «Հայոց ցեղասպանություն»՝ փորձագետը խորհուրդ տվեց չֆիքսվել, թե Օբաման ինչ կասի այս անգամ. «Սա գործընթաց է, որը շարունակություն է ունենալու: Ես չեմ կարծում՝ Հայաստանի շահերից է բխում, որ ԱՄՆ-ն իր ազդեցությունը կորցնի Թուրքիայի վրա»:
Կարդացեք նաև
Նա շրջադարձային փոփոխություն է տեսնում հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ պաշտոնական Բեռլինի քաղաքական դիրքորոշման հարցում. «Մեզ համար, կարելի է ասել, փոքրիկ հաղթանակ է, որ ժամանակին Թուրքիայի դաշնակից Գերմանիան փոխել է իր դիրքորոշումը: Գերմանիան բավականին ծանր անցյալ է ունեցել: Այս կերպ նա փորձում է իր պատմական անցյալից ջնջել ևս մի ծանր էջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ