Այսօր՝ ապրիլի 22-ին, Արարատ քաղաքում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունները «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին հանդիպում-քննարկում «Կոռուպցիոն ռիսկերը սոցիալական ոլորտում. հանրային վերահսկողության մարտահրավերները» թեմայով: Քննարկմանը մասնակցելու էին եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, միջազգային կազմակերպություններից եւ Արարատի մարզի քաղաքացիական հասարակությունից:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն կարեւորեց ծրագրի իրականացումը, հակակոռուպցիոն պայքարը երկրի զարգացման հարցում:
Իսկ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը դիմեց ներկաներին. «Առանց քաղաքացիների մասնակցության այս ամբողջ բարեփոխումներն արդյունավետ չեն լինի, և այդ պատճառով մենք շատ ենք կարևորում՝ ինչպես հասակական կազմակերպությունների մասնակցությունը, այնպես էլ մասնավոր սեկտորի դերն այս գործում»,- «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն էլ անդրադարձավ սոցիալական ոլորտին՝ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարությունը, նա նշեց, որ ծրագրի շրջանակներում միշտ համագործակցելու են եւ պետական մարմինների հետ, ե՛ւ հանրության հետ. «Որովհետև և՛ հանրության նպատակը, և՛ պետական մարմինների նպատակը մեկը պետք է լինի՝ մատուցել մեր բնակչությանը որակյալ, արդյունավետ ծառայություններ նաև սոցիալական ոլորտում»:
Ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նկատեցին, որ կոռուպցիան Արարատում հատկապես ակնառու է սոցիալական ապահովման, առողջապահական ոլորտներում, մի քանիսը թերահավատորեն վերաբերեցին հասարակական կազմակերպությունների դերին՝ մատնանշելով, որ պետությունը չի խրախոսում եւ կարեւորում հ/կ-ների դերը, գուցե այս պայքարում իրենք հաջողության չհասնեն: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Արտաշատի մասնաճյուղի անդամ Զարուհի Սարգսյանը որպես կոռուպցիայի օրինակ բերեց փոստային գրասենյակներում թոշակառուներից գումար պահելը: «17 000 դրամ թոշակ են տալիս, որից 1000 դրամը վերցնում են»,- ասաց նա՝ նշելով, որ մի քանի անգամ իրենց կազմակերպության շահառուներից են փորձել գումար վերցնել, անձամբ ինքը խոչընդոտել է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Iravaban.net-ի