«Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերացան ինչպես Արևմտյան Հայաստանը, այնպես էլ Պոնտոսն ու ասորիների պետությունը: Թուրքիան հզոր մշակութային ժառանգության կրող էր այդ տարիներին, բայց մարդկային այդ հզոր ժառանգությունը զոհաբերվեց հանուն մի ասպետության կառուցման: Հայոց ցեղասպանությունը թուրք ազգի կառուցման հիմքերից մեկն էր: Այդ է պատճառը, որ ժխտումն այդքան ուժեղ է. եթե ընդունեն Ցեղասպանությունը, ամբողջ թուրքական պատմությունը, հերոսները կփոշիանան»,- այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ, իր ելույթում այսպիսի տեսակետ արտահայտեց թուրք մտավորական, հրապարակախոս Ռագըպ Զարաքօլուն:
Ըստ թուրք մտավորականի՝ ժխտողական քաղաքականությունը պայմանավորված է ևս մեկ ուժեղ գործոնով՝ հատուցումը հսկայական է լինելու: Իսկ Հայոց ցեղասպանությունն ակնհայտ է, և այն ապացուցելու անհրաժեշտություն չկա:
Դառնալով ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը՝ Ռագըպ Զարաքօլուն ընդգծեց, որ իշխանությունները, պարզապես, ամերիկյան պետական շահն ավելի բարձր են դասում, քան ճշմարտությունը:
«Այսօր Թուրքիայում արշավ է սկսվել Հռոմի պապի դեմ: Նա Օբաման չէ. նա չփոխեց իր դիրքորոշումը և իր պաշտոնավարման ընթացքն օգտագործեց նաև հայ ժողովրդի ցավն ընդունելու համար»,- ասաց նա և ավելացրեց, որ այսօր էլ Թուրքիայի խորհրդարանում մեկ ձայն կա, որը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ներողություն խնդրելու օրենսդրական նախաձեռնությամբ. «Այդ կինը նույնպես հարձակումների է ենթարկվում, բայց նա, իրականում, Թուրքիայի պատիվն է»,- շեշտեց Ռագըպ Զարաքօլուն:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ