Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կուզենամ մի օր վերադառնալ Ղարաբաղ». DEMYC-ի նախագահ

Ապրիլ 22,2015 19:42

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղեկցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։

ԼՂՀ-ում DEMYC-ի նախագահն ու փոխնախագահը հանդիպումներ ունեցան Արցախի քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի պետական համալսարանի ուսանողների և ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Հանդիպումների ընթացքում Արցախի կուսակցությունների երիտասարդները հիմնականում հետաքրքրվում էին՝ արդյոք ԼՂՀ-ն կարող է ներկայացված լինել DEMYC-ի միջոցառումներին կամ անդամագրվել եվրոպական այդ կառույցին։ Հյուրերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ հարցի շուրջ քննարկումները շարունակել և փորձել Արցախի երիտասարդների հարցերն ու խնդիրները բարձրաձայնել «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության հարթակում։ ԼՂՀ արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ միջազգային գործընթացներին Արցախի մասնակցությանը, ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի:

DEMYC-ի փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանն ընդգծեց, որ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը Եվրոպայի ամենահին և ամենահզոր երիտասարդական կառույցներից է։ Նա նաև նկատեց, որ Արցախ մեկնելու ցանկությունը հենց DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրայինն էր։ Վերջինս բավականին տեղեկացված է Հայաստանի, ԼՂՀ-ի, Ադրբեջանի պատմությանը, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ԼՂՀ բանակցային գործընթացին, և նրա համար շատ կարևոր էր գալ ու անձամբ տեսնել Լեռնային Ղարաբաղը, ծանոթանալ այդտեղ ընթացող գործընթացներին։

Խավիեր Ուրտադո Միրան նշեց, որ DEMYC-ը միջազգային կազմակերպություն է, որը ներկայացնում է և՜ Հայաստանի, և՜ Ադրբեջանի շահերը, ուստի իր համար շատ կարևոր էր լինել Արցախում, տեսնել՝ ինչպես են մարդիկ այնտեղ ապրում, որպեսզի կարողանա պատկերացնել իրադրությունը և ինչ-որ կերպ օգնի մարդկանց՝ ավելի հեշտ լուծելու կոնֆլիկտը։ DEMYC-ի նախագահն ընդգծեց, որ զարմացած է ԼՂՀ քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավվածության մակարդակով։ «Շատ կուզենամ մի օր վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, որպեսզի ավելի մանրամասն վերլուծություն կատարեմ։ Ինձ համար կարևոր էր տեսնել, որ արցախցիները սպասում են արտասահմանցի պատվիրակների և նրանցից յուրաքանչյուրից ակնկալում են Արցախի հարցի լուծում»,- ասաց Խավիեր Ուրտադո Միրան։

Նշենք, որ ապրիլի 23-ին Երևանում մեկնարկելու է DEMYC-ի խորհրդի հավաքը, որին մասնակցելու է 16 երկրի մոտ 50 երիտասարդ։ Եռօրյա հավաքի ընթացքում, ի թիվս շատ հարցերի, անդրադարձ է լինելու նաև Հայոց ցեղասպանությանը։ Եվրոպացի երիտասարդները մասնակցելու են 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Ավելի վաղ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող պաշտոնական հայտարարություն։ DEMYC-ի խորհրդի հավաքի ընթացքում Երևանում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930