Ապրիլի 22-ին Երևանի Մարզահամերգային համալիրում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրի ներքո տեղի ունեցած միջեկեղեցական նիստի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ նիստին մասնակից 35 Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերն ու պատվիրակները, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան հետևյալ համատեղ հայտարարությամբ`
«Աստծու ողորմությամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի և Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով համախմբված Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ լուսավորված, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությամբ խնամված Հայաստան աշխարհում` Աստվածաշնչյան Արարատի երկրում, փառավորելով Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, մենք` Եկեղեցիների պետերս, Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներս,
- առաջնորդվելով կյանքի` Աստվածաստեղծ լինելու ու Տիրոջը պատկանելու քրիստոնեական ճշմարտությամբ և կյանքի սրբության ու անձեռնմխելիության Աստվածահաստատ պատվիրաններով (Ծննդ. 1:27, Ելից 20:13, Հովհ. 1:4),
- հավատալով մարդկանց միջև համերաշխության և աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված Քրիստոսի Սուրբ Եկեղեցու նվիրական առաքելությանը,
- վկայելով, որ Եկեղեցին կոչված է մարդկային հոգիների փրկության և երկրի վրա կյանքի պաշտպանության առաքելությանը,
- հաստատում ենք, որ կրոնական, ազգային, էթնիկական կամ ռասսայական խտրականության հիման վրա իրագործված բռնություններն ու սպանությունները չունեն արդարացում, և դրանց նկատմամբ չեն տարածվում վաղեմության ժամկետները,
- դատապարտում ենք խաղաղությանը ու մարդկային կյանքի անվտանգությանը սպառնացող ցեղասպանությունները և բոլոր հանցագործությունները իբրև մարդկության դեմ ուղղված չարիքի և մեղքի դրսևորում,
- դատապարտում ենք աշխարհում` մասնավորաբար Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական հողի վրա շարունակվող բռնությունները, որոնք պատճառ են դառնում մարդկային ցավալի կորուստների և հոգևոր ու մշակութային արժեքների և ժառանգության անդառնալի ոչնչացման,
- համոզված ենք, որ ապագա նման ոճրագործությունների կանխարգելման հիմնական երաշխիքներից են ցեղասպանության բոլոր հանցագործությունների ճանաչումը և դատապարտումը, ժխտողականության իսպառ մերժումը և հատուցման պահանջի ներկայացումը,
- մեր զորակցությունն ենք բերում ցեղասպանության ենթարկված ազգերին և վճռականորեն ենք տրամադրված պաշտպանելու մարդկային արժանապատվությունը և խաղաղությունը ժողովուրդների միջև,
- կոչ ենք ուղղում ազգերի առաջնորդներին, անհատներին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց միավորելու իրենց ջանքերը տառապանքից և բռնություններից զերծ արդար և ներդաշնակ աշխարհի կերտման գործում,
- աղոթում ենք Հայոց Ցեղասպանության նահատակների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով բոլոր զոհերի համար և հայցում Ամենակարող Աստծուն զորացնել մեզ աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման մեր առաքելության ճանապարհին»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է:
Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կառավարության ծրագրած` իրենց բնօրրանում և կայսրության տարածքում բնակվող հայերի զանգվածային տեղահանումն ու բնաջնջումն էր: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում(Ստամբուլ) հավաքեցին և ձերբակալեցին հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների, այնուհետև` սպանեցին նրանց: Մարդկանց թիվը, ովքեր սպանվել են Ցեղասպանության հետևանքով շուրջ 1,5 միլիոն է:
Սա է պատճառը, որ մենք պատասխանատվություն ենք կրում Ցեղասպանության մասին մարդկությանը իրազեկելու համար:
Google-ը պետք է մասնակից դառնա այս գործին` հանուն ողջ մարդկության:
https://www.change.org/p/set-armeniangenocidedoodle-on-april-24-googledoodles?recruiter=274267476&utm_source=share_petition&utm_medium=facebook&utm_campaign=share_page&utm_term=des-lg-no_src-no_msg