Ապրիլի 22-ին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» համահայկական մասնագիտական կազմակերպության աջակցությամբ մեկնարկեց նաև «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, հայ և օտարազգի շուրջ 60 մասնակից՝ աշխարհի 14 երկրից, միջազգային իրավունքի մասնագետներ, ցեղասպանագետներ, ինչպես նաև իրավաբաններ ՀՀ-ից և ԼՂՀ-ից:
Միջազգային գիտաժողովն ընթանում է հետևյալ երեք թեմատիկ նիստերով՝ «Ցեղասպանությունների կանխարգելման ապահովումը ժամանակակից միջազգային իրավունքում», «Ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման միջազգային իրավական հիմնախնդիրները» և «Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության ապահովման և հատուցման հիմնախնդիրները»:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց այն երկրներին, կառույցների ղեկավարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, մտավորականներին, լրագրողներին, ովքեր մեր համազգային ցավի, համախմբման և վերածննդի այս պահին հայ ժողովրդի հետ են։ Նա կարևորեց ապրիլի 12–ին Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագը՝ այն համարելով արդարության, ճշմարտության, համերաշխության ու բարության մեծ դաս` ուղղված կեղծիքի, ստի, ժխտողականության որդեգիր Թուրքիայի դեմ:
Կարդացեք նաև
Նախարար Հ.Հակոբյանը, դիմելով գիտաժողովի մասնակիցներին, մասնաորապես ասաց,- «Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը ունի ազգային, քաղաքական, իրավական, հոգեբանական, բարոյական, պատմական, քարոզչական դրսեւորումներ, սակայն այն իրավական լուծումներ է պահանջում նաև ձեր օգնությամբ և հետազոտություններով»:
Թվարկելով ՄԱԿ–ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի «ցեղասպանություն» եզրույթը որակող հատկանիշները՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, նախարարը նշեց, որ Հայոց ցեղասպանության պարագայում առկա են բացարձակապես բոլոր հանցանքները:
Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ թուրքական ժխտողականության քաղաքականության, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության և Ցեղասպանության շարունակականության խնդիրներին՝ թվարկելով դրանց ծանր հետևանքները և կոչ անելով համախմբված շարունակել պայքարը:
Նախարարը ներկայացրեց Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման շրջափուլերը և կարևորեց՝ հայերի անհատական, համայնքային և համազգային իրավունքների ու ազատությունների վերականգնումը և, մասնավորապես, բարոյական ու նյութական փոխհատուցման խնդրի համալիր արծարծմանն ու դրա լուծմանն ուղղված ջանքերի արդյունավետությանը:
Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց,- «Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը կարևոր հանգրվան է, սակայն ոչ վերջնակետ։ Այս առիթով ընդունված համահայկական հռչակագիրը ոչ միայն հենվում է միջազգային փաստաթղթերի վրա, երախտագիտություն հայտնում բոլոր պետություններին, միսիոներներին, որ պայմաններ ստեղծեցին հայկական բեկորներին վերընձյուղվելու համար, նաեւ այն կառույցներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ է՝ ուղղված Թուրքիային թոթափելու անցյալի բեռը, առերեսվելու սեփական պատմության հետ և նպաստելու տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը: Այն կոչ է նաև ապագա սերնդին` «հիշել և պահանջել», ապրել ու արարել»:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և զեկուցումով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով կառույցի կողմից իրականացված աշխատանքները:
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը ներկայացրեց առաջին տեղակալ Արամ Սարգսյանը:
Ներկաներին ողջունեցին և Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Գիտաժողովը շարունակում է աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ