«Դավութօղլուի ուղերձում գլխավոր խնդիրը, որ կարմիր թելով անցնում է տեքստում, հավասարության նշանն է` առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրած Հայոց ցեղասպանության անհատների եւ մուսուլմաններ, զինվորների մարտի դաշտում սպանվելու միջեւ: Սա հին թուրքական հնարք է` բոլոր զոհերին նույն հարթության վրա դիտարկել եւ այդպիսով տպավորություն ստեղծել, որ ընդհանուր տառապանք, ցավ է եւ մենք հիշում ենք բոլոր նահատակներին»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց պատմաբան, գիտությունների ազգային ակադեմիայի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ապրիլի 20-ին արված հայտարարության մասին:
Պարոն Մարուքյանը հիշեցնելով Դավութօղլուի այն խոսքերը, որ հայերի հիշատակին Ստամբուլի հայոց պատրիարքարանում պատարագ է մատուցվելու, ասաց, որ սա կեղծիք է. «Որովհետեւ իրականում Պոլսո պատրիարքարանում պատարագ է մատուցվելու առաջին աշխարհամարտի տարիներին զոհված Օսմանյան կայսրության բոլոր զոհերի համար, այդ թվում մահմեդակաների, որոնք մարտի դաշտում են ընկել: Սա պատարագ չէ հայերի հիշատակին»:
Դավութօղլուն նաեւ ասել է. «Մենք, որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այդ տառապանքները կրած եւ որպես տարբեր էթնիկ եւ կրոնական համայնքի պատկանող ժողովուրդների թոռներ հիշատակում ենք տեղի ունեցածը, հարգանքի տուրք մատուցում մահացած օսմանյան հայերին եւ ցավակցում նրանց թոռներին»: Սա, պատմաբանի կարծիքով, ցինիկ ձեւակերպում է, ինչը շփոթ է առաջացնում եվրոպական երկրներում, քանի որ հանցագործ պետությունը չպիտի ցավակցի, պիտի ներողություն խնդրի. «Երբ նշում են, որ Թուրքիան պատրաստ է առերեսվել իր պատմության հետ, Հռոմի պապի եւ Եվրախորհրդարանի բանաձեւի մեջ էլ կա նման այդ ուղերձ` պատմության հետ առերեսվելու, նրանք համարում են առերեսվելը միայն ցավակցելն է ու ընդհանուր տառապանքի շեշտադրում են անում»:
Արմեն Մարուքյանը մեջբերելով Դավութօղլուի խոսքերը` «պատասխանատվությունն ընդհանրացման ճանապարհով միայն թուրք ազգի վրա բարդել, նույնիսկ ատելության խոսքեր ավելացնելը՝ խնդրահարույց է թե խղճի, թե իրավական տեսանկյունից», նկատեց. «Խղճից ու իրավունքից խոսում է մի երկիր, որն անարգում է խիղճն ու այլանդակում միջազգային իրավունքը: Սա խնդրահարույց է Թուրքիայի համար, որովհետեւ մարդկային խղճի դեմ հանցագործություն են կատարում` ժխտելով Հայոց ցեղասպանությունը եւ խուսափում միջազգային իրավական պատասխանատվությունից, որը կարող է հաջորդել Ցեղասպանության ճանաչումից հետո»:
Պատմաբանն ասաց, որ Թուրքիան փորձում է կատարվածը համաշխարհային պատերազմի համատեքստում ներկայացնել, բայց հայկական կողմը պարտավոր է սրան պատասխան տալ. «Ցեղասպանության քաղաքականությունը սկսվել է աբդուլհամիդյան շրջանում, երբ առաջին համաշխարհայինը չկար, եւ օսմանյան կայսրությունը, նրա իրավահաջորդ Թուրքիան շարունակեց իրականացնել ցեղասպանությունը: 1918-ին ավարտվել էր համաշխարհային պատերազմը, երբ Քեմալը շարունակեց հայերի ցեղասպանությունը` թուրքական բանակը ներխուժեց Արեւելյան Հայաստան, 1921-ին կիլիկիահայության ջարդն արեցին»:
Ըստ էության, Դավութօղլու ուղերձը, պատմաբանի խոսքերով, փորձ է հանգստացել միջազգային հանրությանը, որովհետեւ Թուրքիան հարվածներ է ստանում Եվրոպայից: Մարուքյանի կարծիքով, Թուրքիայի վարչապետը դիվանագիտորեն մեղմ ու զուսպ է արտահայտվել, ապրիլի 24-ի նախօրյակին նախագահ Էրդողանն էլ կխոսի, որով փորձում են թուլացնել իրենց նկատմամբ ճնշումները:
Հիմա Սպիտակ տանը, պատմաբանի խոսքերով, մտածում են այս անգամ ինչ նոր ձեւակերպում տան Հայոց Ցեղասպանությանը, ԱՄՆ-ն կփորձի ոսկե միջինը պահել, բայց որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել եւ Թուրքիայի ամբիցիոզ քաղաքականությունը, սեփական քաղաքական գիծը տանելով, երբեմն ակնհայտ հակադրվում է ԱՄՆ-ի եւ ԵՄ շահերին. «Սա հանգեցնում է նրան, որ Թուրքիային իսկապես սանձեն, հասկացնեն, որ ինքն այդ կշիռը չունի, որ կարողանա այդ դերակատարումը ստանձնել տարածաշրջանում: Ոչինչ չի կարելի բացառել, բայց կարծում եմ` ինչ հայտարարություն էլ անի, որոշակի ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, որովհետեւ արդեն նախանշան կա, որ Ռուսաստանի հետ գազային պայմանագիր է կնքվել, առաջնային տեղում են տնտեսական, աշխարհաքաղաքական շահերը: Մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանության խնդիրը գործիք է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, մենք մեծ սպասում չպիտի ունենաք, որ հանուն հայերի ԱՄՆ-ն քայլեր կանի: Մենք մեր օրակարգով պիտի շարժվենք, ոչ թե պայմանավորենք այս կամ այն երկրի հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ