Ռուսաստանի Դաշնության պետական դուման ապրիլի 24-ին կարող է հայտարարություն ընդունել կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այս մասին, ըստ ռուսական «Ռիա» գործակալության, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Նրա խոսքերով՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովը փաստաթղթի տեքստ է պատրաստում եւ մտադիր է այն ներկայացնել պալատի դիտարկմանը. «Չորեքշաբթի մենք նախագծի վերաբերյալ հանձնաժողովի նիստ կանցկացնենք եւ այն ապրիլի 24-ին կներկայացնենք Դումայի խորհրդի հաստատմանը»,- մասնավորապես ասել է նա:
Պետդումայի հաստատմանն առաջարկվող հայտարարությունում խորը ցավակցություն են հայտնում եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաեւ ուրիշ ազգերի, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների ժամանակ:
Կարդացեք նաև
Հաղորդվում է, որ «Սպուտնիկ», «Էխո Մոսկվի» եւ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանների տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան կնպաստի, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերը ուժի մեջ մտնեն: «Մենք կողմ ենք, որ կարգավորվեն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, որ լուծվի Ղարաբաղի հակամարտությունը եւ այդպիսով կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար շատ բան ենք անում»:
Ըստ Riafan.ru-ի՝ Լավրովը նաեւ ասել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան չի կարող փչացնել Թուրքիա եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները: Նա նաեւ հավելել է, որ Եվրոպայում կա նախադեպ, որ երկրների հարաբերությունները արյունալի պատերազմներից հետո կարգավորվել են: Որպես օրինակ նա բերել է Ռուսաստանի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Գերմանիայի ու Ֆրանսիայի հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ