«Շատ հուզված եմ, որ այսօր այստեղ եմ և չափազանց տխրում եմ, երբ հասկանում եմ, թե ինչի են ընդունակ մարդիկ»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Ես երկու աշխարհամարտերից հետո հիմնադրված մի կազմակերպություն եմ ներկայացնում: Այն և դրա նման կազմակերպությունները հիմնադրվեցին, որովհետև մարդկությունը հասկացավ, որ ժամանակն է վերանալ զուտ ազգային արժեքներից, քանի որ կան երևույթներ, որոնք համամարդկային են, և որոնց վրա պետք է սևեռել աշխարհի ուշադրությունը»,- նշեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ մեծագույն հիմարություն է պատերազմի հետևանքով մարդկանց փախստական դարձնելը. «Ամեն մարդու՝ կնոջ, երեխայի, տղամարդու մեջ մեծ ներուժ կա, և այդ ներուժը կոտրելն իսկապես հիմար քայլ է: 100 տարի առաջ տեղի ունեցածը միայն հայերի կորուստն ու ցավը չէր. դա ներուժի կորուստ էր ամբողջ աշխարհի համար»,- այսպիսի համոզվածություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և ընդգծեց, որ այսպիսի նոր ողբերգություններից հնարավոր է խուսափել միայն այն դեպքում, երբ աշխարհն սկսի ապրումակցել ողբերգության մեջ գտնվողներին, մինչդեռ, ըստ նրա, միջազգային հանրությունն այս հարցերում դեռևս շատ է հապաղում. «Քաղաքականությունը խանգարում է կարեկցանքին»,- շեշտեց Թորբյորն Յագլանդը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ