Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդական Խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը Գեւորգ Սաֆարյանի հնարավոր խնդիրների մասին

Ապրիլ 22,2015 16:59

2015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը (այսուհետ Դիտորդական Խումբ) այցելություններ է կատարել «Նուբարաշեն» Քրեակատարողական Հիմնարկ (այսուհետ ՔԿՀ): Այցելությունների ժամանակ Դիտորդական Խմբի անդամները և փորձագետը հանդիպել են նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամ/ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ։ Արձանագրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածների պահման անբավարար պայմանները, և ՔԿՀ-ի սահմանափակ հնարավորությունները (ներկայումս ՔԿՀ-ն գերբնակեցված է) Դիտորդական Խումբը կարևորում է և դրական է գնահատում  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կիրառված ջանքերը, որոնք արվում են Խմբի կողմից բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին Դիտորդական Խմբի անդամները իրազեկվեցին Գ. Սաֆարյանի և ՔԿՀ ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:

Մասնավորապես ապրիլի 14-ին՝ այցելության պահին 68 խցում (որտեղ պահվում էր Գ. Սաֆարյանը) առկա էր 8 մահճակալ և 1 բազմոց, իսկ խցում պահվում էր 15 անձ, այլ ոչ թե 27 անձ, որի մասին ըստ մամուլում տեղ գտած նյութերի հայտնել էր փաստաբաններից մեկը:

2015 թվականի ապրիլի 14-ին կատարած այցելության ընթացքում Դիտորդական Խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը Գ. Սաֆարյանի հնարավոր խնդիրների մասին` մասնավորապես խցակիցների հետ համատեղելիության հետ կապված:

Դիտորդական Խումբը գտնում է, որ Գ. Սաֆարյանի պահման, մասնավորապես այլ կալանավորների հետ համատեղելիության վերաբերյալ խնդիրների լուծման ուղղությամբ գործադրված ջանքերը կլինեն արդյունավետ, եթե կկանխարգելվեն նրա նկատմամբ բոլոր հնարավոր ֆիզիկական և հոգեբանական ճնշումները՝ այլ ազատազրկված անձանց կողմից կիրառվող, հատկապես այդ ճնշումներն կարող են պայմանավորված լինել նրա հասարակական և քաղաքական գործունեության և այդ անձանց դժգոհությունների հետ:

2015 թվականի ապրիլի 21-ին կատարված  այցելության պահին Գ. Սաֆարյանը գտնվում էր հացադուլավորների խցում, քանի որ վերջինս  2015 թվականի ապրիլի 16-ից հայտարարել էր հացադուլ` իր դեմ հարուցված քրեական գործի հետ չհամաձայնվելու պատճառով։ Գ. Սաֆարյանը չնշեց թե որքան ժամանակ է ցանկանում մնալ հացադուլում: Հացադուլավորների խցում նա գտնվում էր 5 այլ կալանավորների հետ (խցում առկա էր 6 մահճակալ):  Նա որևէ բողոք չներկայացրեց խցային պայմաններից: Այցելության ընթացքում Դիտորդական Խմբի անդամները զրուցեցին նաև այլ հացադուլավորների հետ, որոնք գտնվում էին նույն խցում: Հիմնականում, բոլոր  հացադուլավորների խնդիրները վերաբերվում էին իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերին:

Դիտորդական Խումբը հետամուտ է քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը։

 Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930