Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապշած եմ, որ դեռ նստած քննարկում ենք՝ ցեղասպանություն եղել է թե ոչ». Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ

Ապրիլ 22,2015 16:43

«Դա ցեղասպանություն էր, որ երիտթուրքերն իրագործեցին ինչպես հայերի, այնպես էլ հույների և ասորիների նկատմամբ: Հենց թուրքերի կողմից կազմակերպված այդ ցեղասպանություններն էլ մեծ դերակատարություն ունեցան մեր կազմակերպության ձևավորման գործում»,- այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ցեղասպանությունների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը, որն առաջին անգամ է մեր երկրում և իր համար մեծ պատիվ է համարում, որ այստեղ է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

«Ցեղասպանությունների դեմ պայքարող միջազգային հանրությունը պատրաստակամ է պայքարելու ժխտողականության դեմ»,- ասաց նա և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ցեղասպանության վերջնական նպատակը ոչ թե անհատների, այլ խմբի ոչնչացումն է. «Ոճրագործները հայերին դիտարկում էին որպես այդ երկրի մաս չկազմող տարր և փորձում էին պանթուրքիզմով հասնել ժամանակակից պետության միատարրության»:

Դ. Ֆեյերստեյնը ցավով ընդգծեց, որ այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձվում ցեղասպանության գլոբալ գաղափարի, քան ցեղասպանությունը՝ որպես ուրիշների տառապանք ընկալելու վրա:

Ֆորումի բացման մասը նախագահող Լուիզ Մորենո-Օկամպոն, որը եղել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը (2003-2012), ընդգծեց, որ հիշյալ դատարանի առկայությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ առաջ ենք շարժվում. «1915 թ. նման դատարան չկար, իսկ 1945-ին նոր սկիզբ էր առնում միջազգային դատարանը՝ նյուրնբերգյան իրադարձությունների հիման վրա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսօրվա ամենակարևոր մարտահրավերը միջազգային հստակ դիրքորոշման ստեղծումն է, որ ապրումակցումը վերածվի հստակ գործողությունների. «Հայաստանն այստեղ ղեկն իր ձեռքը պետք է վերցնի: Երբ աշխարհը միասնական է, հեշտ է կանխել ցեղասպանությունը, թեև ցեղասպանություն գործողը գիտի՝ ինչպես ազդել մյուս երկրների վրա (բիզնեսով, տնտեսությամբ և այլն)»,- նշեց Լուիզ Մորենո-Օկամպոն և հավելեց, որ պետք է մշտապես աշխատեն Հայաստանի հետ, որպեսզի հասկանան՝ ինչպես կարելի է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Ես ապշած եմ, որ դեռ նստած քննարկում ենք՝ ցեղասպանություն եղել է թե ոչ»,- ընդգծեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930