Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրիտանացի հետազոտող. «Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ թուրք հասարակությունը դա պահանջի»

Ապրիլ 22,2015 16:35

«Հայոց ցեղասպանության ճանաչումը վերջին տարիներին Բրիտանիայի առաջնային հարցերից չի եղել, սակայն հարյուրամյակին ընդառաջ հասարակական հետաքրքրվածությունն ու խնդրի վերաբերյալ տեղեկացվածությունն աճել է»,- Aravot.am-ի հարցին` Մեծ Բրիտանիան այդպես էլ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և հնարավո՞ր է Հռոմի պապի հայտարարություններից և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո Մեծ Բրիտանիան էլ վերանայումներ կատարի իր դիրքորոշումներում, այսպես պատասխանեց Լոնդոնի համալսարանին կից գործող Արևելագիտության ինստիտուտի հետազոտող Լոուրենս Բրոյերսը` առցանց մամուլի ասուլիսին: Այն կազմակերպվեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ «Արդիական երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» նախագծի շրջանակում:

Մեր այն դիտարկմանը, թե Մեծ Բրիտանիային շատերը մեղադրում են որպես Հայոց ցեղասպանության լռակյաց ականատես. թեև բրիտանական արխիվները լի են փաստերով, որոնք բացահայտում են Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ թաքցվող ոճրագործությունը, բայց Մեծ Բրիտանիան այդպես էլ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ո՞րն է այս քաղաքականության պատճառը և հնարավո՞ր է Հռոմի պապի հայտարարություններից և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո Մեծ Բրիտանիան էլ վերանայումներ կատարի իր դիրքորոշումներում, բրիտանացի հետազոտողն արձագանքեց. «Ես չեմ կարող խոսել բրիտանական կառավարության անունից քաղաքական առաջնահերթությունների մասին: Բայց հասկանալի է, որ Բրիտանիայի հարաբերությունները Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանային կտրվածքով, խնդիրներ է առաջացնում, որոնց կարող է հակասել Հայոց ցեղասպանության ճանաչումը»:

Լորենս Բրոյերսը մեր հարցին ի պատասխան հետաքրքրվեց`ո՞րն է Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական կշիռը ու մանրամասնեց. «ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, անգամ, եթե բազմաթիվ նահանգներ ճանաչել են, բայց ունի լավ հարաբերություններ Հայաստանի հետ և շոշափելի աջակցություն է տրամադրում Հայաստանին: Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց բոլոր առումներով ունի խճճված հարաբերություններ Հայաստանի հետ, ինչը բազմաթիվ հայերի մտահոգությունն է առաջացնում: Ուստի հարց է առաջանում՝ արդյոք ցեղասպանության ճանաչումը այն հիմնական չափանի՞շն է, որով Հայաստանը պետք է գնահատի իր դաշնակիցներին ու թշնամիներին: Այստեղ խնդիրը ոչ թե Բրիտանիայի` ցեղասպանության չճանաչումն է, այլ Թուրքիայի: Ինձ թվում է՝ նպատակին հասնելու ճանապարհը թուրքական հասարակության հետ հետևողական աշխատանք տանելն է: Ճանաչումը կլինի հնարավոր, երբ թուրքական հասարակությունը դա պահանջի: Իհարկե, միջազգային հանրության քաջալերումը անհրաժեշտ է, միջազգային հանրության ճնշումը կարող է այլ ազդակ դառնալ Թուրքիայի համար` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

Բրիտանացի հետազոտողը նաև նշեց, թե Բրիտանիան գիտական հարթությունում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` որպես պատմական փաստ:

Մեր մյուս հարցին` ԵԽԽՎ-ն զեկույց է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, արդյոք սա չի՞ նշանակում, որ ԵԽԽՎ-ն, հակասելով ինքն իրեն, միջամտում է հակամարտության կարգավորման՝ Մինսկի խմբի ձևաչափին, պարոն Բրոյերսն արձագանքեց. «Երկու երկրներն էլ ԵԽ անդամ պետություններ են, այնպես որ, ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930