Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կանցկացվեն Ազգային ժողովի հերթական ընտրությունները: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Լեռնիկ Հակոբյանը ինքնառաջադրվել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավորության թեկնածու:
Aravot.am-ը պարոն Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է որոշել պատգամավոր դառնալ: «Ինքնառաջադրումս հիմնականում կապված է երկրում տիրող սոցիալտնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի հետ: Կուտակված առաջնահերթ հարցերը լուծում են պահանջում, եւ ես իմ բարոյական պարտքն եմ համարում լինել այդ գործընթացների խթանման մասնակից: Ընտրվելու դեպքում, գործադիր մարմնում ձեռք բերած երկարամյա փորձս՝ անվերապահորեն պետք կգա իմ հետագա աշխատանքներում՝ խորհրդարանական քննարկումներին ակտիվ մասնակցելու և առաջարկություններս հիմնավորելու հարցերում»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր հարցին՝ ի՞նչ նկատի ունի երկրի առաջնահերթ խնդիրներ ասելով, Լեռնիկ Հակոբյանը պատասխանեց. «Դրանք շատ են, սակայն, ըստ իս, գլխավորներն են՝ երկրի անվտանգության բարձրացումը, Արցախը որպես հակամարտող կողմ՝ բանակցություններին մասնակից դառնալը, նոր աշխատատեղերի ստեղծումը և արտագաղթի կասեցումը: Այս հիմնախնդիրների ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են, սակայն որոշ դեպքերում ես կողմնակից եմ կտրուկ որոշումների ու նոր մոտեցումների` ժամանակի պահանջին համահունչ»:
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ կա՞ արդյոք պատերազմի վտանգ: «Մենք ավելի քան 20 տարի գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Հիմա էլ սահմանում անհանգիստ է՝ կարելի է շեշտել՝ դիրքային պատերազմ է: Հայ զինվորը խիզախորեն պաշտպանում է հայրենիքը: Ու մեծ պատերազմ կարող է ամեն պահի սկսվել: Պետք է դրան պատրաստ լինել: Ցավալի է, երբ շատերը՝ այդ թվում բարձրաստիճան զինվորական պաշտոնյաններ հակառակ մտքին են ու ոչ պատշաճ հայտարարություններ են անում»,-պատասխանեց պատգամավորության թեկնածուն:
Քանի որ Լեռնիկ Հակոբյանը նաեւ գրող է, 7 գրքի հեղինակ, ՀՀ եւ Արցախի գրողների միության անդամ, նրան հարցրինք՝ որպես մտավորական ինչպե՞ս է նայում այս ընտրություններին: «Ամեն ընտրություն մի հնարավորություն է հասնելու նպատակին, երազածին: Ժողովուրդը պիտի գիտակցի, որ ինքն է իր ապագայի դարբինը, ինքն է որոշողը եւ հաստատողը: Ու թող որ ընտրվի արժանավորը…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
…գործադիր մարմնում ձեռք բերած երկարամյա փորձս… եւ սա ասում է մի քանի ամիս նախարար աշխատած մարդը: Ողբա զքեզ իմ հայ ժողովուրդ
Ի գիտություն ասեմ, որ Լեռնիկ Հակոբյանի՝ գործադիր մարմնում ունեցած աշխատանքային փորձը քիչ չէ: Նա բավականին արդյունավետ աշխատել է ԼՂՀ լեզվի տեսչության պետի պաշտոնում: Բացի դրանից, ճանաչողները գիտեն նրան որպես ազնիվ եւ պարկեշտ մտավորականի: Մեր ապագա խորհրդարանում հենց նման՝ ազգային գաղափարախոսությամբ զինված մարդիկ են պետք: Թող նրա նախընտրական պայքարը հաղթանակով պսակվի…
Քեզ ողբա, որ չգիտես որն է գործադիր մարմինը…հատկապես այդ մարդուն