Հաջորդ ուրբաթ ԱՄՆ-ում բնակվող, ինչպես նաեւ՝ ողջ աշխարհի հայերը հիշատակելու են իրենց պատմության ամենաաղետալի իրադարձության 100-ամյակը՝ իրենց նախնիների զանգվածային կոտորածները Օսմանյան կայսրությունում։ Կլինեն հանդիսավոր ելույթներ, արարողություններ եւ հավաքներ։ Կլինեն կրքոտ կոչեր՝ այդ կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն՝ ուղղված աշխարհի այն երկրների կառավարություններին, որոնք դեռ դա չեն արել։ Կլինեն նաեւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դատապարտումներ։
Միեւնույն ժամանակ՝ այս տարելիցը լավ առիթ է այս ամենին մի այլ դիտանկյունից անդրադառնալու համար։ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզարշավը զերծ չի մնացել վիճելի ասպեկտներից, որոնց շուրջ հազվադեպ է բաց եւ ազնիվ քննարկում ծավալվում։ Այդպիսի քննարկումը վաղուց արդեն պիտի տեցի ունեցած լիներ, հատկապես՝ եթե հայերը չեն ցանկանում, որ այդ քաղաքականությունը վնասի Հայաստանին, եւ ցանկանում են, որ Թուրքիան մի օր ճանաչի Ցեղասպանությունը։
Նախեւառաջ, եթե մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ ոչ միայն աշխարհը, այլ Թուրքիան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը,– եւ առնվազն այս տեսակետը ներկայացնող հայերի համար այդ ճանաչումն է, որ կարեւոր է,– ապա մենք հիմնավորապես պիտի վերանայենք մեր վերաբերմունքը թուրքերի նկատմամբ, որքան էլ որ հուզական առումով այն հասկանալի է։ Ավելի կոնկրետ՝ մենք պիտի դադարենք թուրքական պետության հանդեպ մեր քննադատական դիրքորոշումը կամ, նույնիսկ, հակակրանքը նույնացնել թուրքերի նկատմամբ թշնամության կամ ատելության հետ։
Շարքային եւ պարկեշտ թուրք մարդը պիտի մեր դաշնակիցը դառնա թուրքական պետության կողմից Ցեղասպանության ճանաչման համար պայքարում։ Դժվար է հուսալ, սակայն, որ մենք կշահենք նրանց համերաշխությունը, եթե շարունակենք հանդուրժել թուրքատյաց հռետորաբանությունը եւ դպրոցներում ու ամառային ճամբարներում ներկայացնել թուրքերին՝ որպես արնախում բարբարոսների ցեղ։ Ճիշտ ժամանակն է վերանայել մեր այս մոտեցումները ոչ միայն այն պատճառով, որ դրանք քաղաքականապես վնասակար են, այլ նաեւ՝ բարոյապես խոցելի։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք ilur.am-ի կայքում