Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) անցկացված «Կոռումպացված վերնախավերը` որպես սպառնալիք ժողովրդավարությանը» թեմայով լսումների ընթացքում սուր քննադատություն հնչեց ՌԴ իշխանությունների հասցեին:
Լսումների ընթացքում փորձագետները մտահոգություն հայտնեցին, թե կոռուպցիան նոր «դեմք է» ստանում և լրջորեն վնասում երկրների ժողովրդավարական համակարգերի գործունեությանը: Օրինակ` Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Գուրիևը շեշտադրում կատարեց Ռուսաստանում կոռուպցիայի տեմպերի աճի վրա ու նկատեց. «ՌԴ իշխանությունները, որպեսզի կանխեն դժգոհության տարածումը, դիմել են տարածքների բռնակցման եղանակին»:
Պարոն Գուրիևը միևնույն ժամանակ շեշտեց, որ ՌԴ-ի կատարածի համեմատ Բրյուսելից, Բեռլինից և Ստրասբուրգից եկող պատժամիջոցները այդքան էլ խիստ չէին»: Պրոֆեսորը մտահոգություն հայտնեց, որ ՌԴ իշխանությունները թափանցիկ և հաշվետվողական չեն աշխատում, ավելին, տարատեսակ ճնշումներ են գործադրում կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, ինչպես օրինակ`Ալեքսեյ Նավալնին:
Բացի այդ պարոն Գուրիևի հավաստմամբ` ՌԴ-ն Եվրոպայում մի շարք քաղաքական կուսակցությունների է ֆինանսավորում, մինչդեռ պարզ չէ, թե այդ ինչ գումարների մասին է խոսքը և դրանք ինչի վրա են ծախսվում: Ուստի տնտեսագիտության պրոֆեսորը բարձրացրեց մոնիտորինգի իրականացման անհրաժեշտության հարցը:
Կարդացեք նաև
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում ևս բազմաթիվ քննադատություններ հնչեցին ՌԴ-ի հասցեին: Եվրոպացի պատվիրակները քննադատեցին Ղրիմի բռնակցումը, մտահոգություն հայտնեցին, որ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում ոտնահարում է ժողովրդավարական հիմնարար արժեքները: Ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևը իր ելույթում նշեց. «Պուտինի ծրագիրը ձախողվեց, քանի որ Ուկրաինան ինքնուրույն որոշում կայացրեց: Իսկ դա Կրեմլին գցեց խուճապի մեջ»: