Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Բորիկ Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Իջեւան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիքյանի հետ, 2014թ. մարտի լույս 14-ի գիշերն ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, առաջին հարկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եւ պատուհանի ապակին ջարդելու եղանակով մուտք է գործել Երեւան քաղաքի բնակիչ Վալենտին Նազարյանին պատկանող, Տավուշի մարզի Կիրանց գյուղում գտնվող բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է «Ֆիլիպս» եւ «Էլջի» ապրանքանիշերի հեռուստացույցեր, «Օպենբոքս» ապրանքանիշի 3 հատ ալեհավաքային կարգավորիչ, «Սամսունգ» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ, ռադիոձայնարկիչ,արծաթե կուլա` 6 հատ բաժակներով, 7 հատ պատի նկար, բիլիարդի 16 հատ շար եւ 4 հատ ձող` Վ. Նազարյանին պատճառելով ընդհանուր 4 միլիոն 970 հազար դրամի գույքային վնաս:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքի`Բ. Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է ապրիլի 27-ին:
Վալենտին Նազարյանը հայտնի ռազմական փորձարկող-օդաչու է, հետո եղել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի տնօրեն, արտերկրի ավիաընկերություներից մեկի հայաստանյան ներկայացուցիչ: 2010թ. օգոստոսի 1-ին սահմանամերձ Կիրանց գյուղում օծվեց մատուռ, որը կառուցել էր Վ. Նազարյանը: Նա հայրենի Կիրանցում եռահարկ գեղեցիկ առանձնատուն է կառուցել, որտեղից կատարվել է վերհիշյալ գողությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ