Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Հայաստանում եմ, որպեսզի տեսնեմ՝ ինչ է կատարվում». թուրք լրագրող

Ապրիլ 22,2015 14:15

Այս օրերին Հայաստանում է գտնվում «Զաման» թերթի թուրք լրագրող Սելլահաթ Սևին, որն այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ իր այցի պատճառը ոչ թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն են, այլ հայ հասարակությանը ճանաչելն ու նրանց տեսակետները լսելը:

«Ես այստեղ եմ, որպեսզի տեսնեմ՝ ինչ է կատարվում,- ասաց նա,- նաև 15 տարի առաջ եմ եղել Հայաստանում: Կարծում եմ, որ լրագրողների առաքելությունը ոչ թե իրենց տեսակետը փոխանցելն է, այլ դիմացի հասարակության կարծիքը լսելը, հասկանալն ու փոխանցելը այն, ինչ մարդիկ իրականում մտածում են: Մեզ միշտ չէ, որ հաջողվում է հակառակ կողմի հասարակության կարծիքը լսել: Եվ եթե մենք կարողանանք ճիշտ փոխանցել այն մտքերը, ինչ իրականում մտածում են հասարակությունները, այդ ժամանակ, կարծում եմ, ավելի հեշտ կլինի արդյունքի հասնել»,- շեշտեց թուրք լրագրողը և հավելեց, որ ինքը Հայաստան է եկել մի երկրից, որն 80 միլիոն բնակչություն ունի, իսկ բնակիչներից յուրաքանչյուրն իր տեսակետն ունի. «Դրանք շատ տարբեր են, նույնիսկ կուսակցական առումով: Եվ, բնականաբար, այդ տարբերություններն այնքան մեծ ու ակնհայտ են, որ որևէ կերպ ասել, թե իրականում ինչ է կարծում ու ասում այդ երկրի հասարակությունը, շատ դժվար է: Ես այստեղ եմ նաև նրա համար, որ հասկանամ՝ ինչ է մտածում հայ հասարակությունը:

Ինչ վերաբերում է թուրք հասարակությանը, ես դժվարանում եմ ասել և չեմ ուզում իմ անձնական տեսակետը խառնել մասնագիտական կարծիքի հետ: Գտնում եմ, որ, ամեն դեպքում, սա այն հարցն է, որը կրում է դիվանագիտական բնույթ: Կրկնում եմ՝ կարծիքները կարող են լինել տարբեր, և ես այստեղ եմ, որպեսզի տեսնեմ՝ ինչ է իմ շուրջը կատարվում: Դուք էլ եկեք Թուրքիա ու հասկացեք, թե ինչ է կատարվում այնտեղ, և ինչ է այս մասին մտածում յուրաքանչյուր թուրք»,- ասաց Սելլահաթ Սևին:

Հարցին՝ Հռոմի Պապի հայտարարությանն ինչպես արձագանքեց թուրք հասարակությունը, լրագրողը պատասխանեց, որ դա ևս տարբեր կերպ ընկալվեց և ավելացրեց. «Պապի հայտարարությունը նպաստեց նրան, որ թուրք հասարակությունը մի քիչ ավելի շատ առնչվի այս հարցին և խոսի այդ թեմայով: Կարող եմ ասել նաև, որ հասարակության մեջ այս օրերին ավելի շատ է քննարկվում Հայոց ցեղասպանության հարցը: 100-րդ տարելիցն է, և մարդիկ, բնականաբար, շատ են խոսում այդ ամենի մասին: Այդ միջոցառումները որքան կարևոր են Հայաստանում, նույնքան էլ կարևոր են Թուրքիայում»:

Դառնալով Գալիպոլիի ճակատամարտին՝ լրագրողը նշեց, որ այդ ճակատամարտին նվիրված միջոցառումները երկու օր են տևելու: Եվ եթե Հայաստանում կարևոր են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները, ապա թուրք հասարակության համար էլ կարևոր են այդ միջոցառումները:

«Նկատելով, որ Հայոց ցեղասպանության միջոցառումները համաշխարհային ուշադրության կենտրոնում են, որոշեցին ինչ-որ կերպ բալանսի բերել: Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ ոչ թե շեղել, այլ բալանսի բերել»,- ընդգծեց թուրք լրագրողը:

Նրա փոխանցմամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ապրիլի 24-ին կլինի նախագահների ընդունելությունը, իսկ 25-ին՝ ամենամյա երթը, որին կմասնակցեն նաև հյուրերը. «Պետք չէ ամսաթվին այդքան կարևորություն տալ, քանի որ այդ միջոցառումներին այնպիսի մարդիկ են մասնակցելու, որոնք ճակատագրական նշանակություն չեն ունեցել կամ ունենալու հայ-թուրքական հարաբերություններում: Այդպիսի նշանակություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այս օրերին ոչ Հայաստանում է լինելու, ոչ էլ Թուրքիայում»,- նշեց «Զաման» թերթի լրագրողը:

Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունների համար միակ անակնկալն այն էր, որ Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ հաստատած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է այստեղ. «Թուրքիան Ռուսաստանի հետ տնտեսական շատ լուրջ կապեր է հաստատել, և չեմ կարծում, որ սա բացասաբար կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, սակայն Պուտինի այցը Հայաստան անակնկալ էր բոլորի համար: Բայց կարող եմ նշել, որ որևէ հատուկ կարևորություն չի տրվում այս ամենին: Կրկնում եմ՝ ապրիլի 24-ին միայն պաշտոնական ընդունելություն է լինելու: Կարևորը թուրք և ավստրիացի երիտասարդների երթն է, որին մարդիկ մեծ նշանակություն են տալիս: Այդ միջոցառումներին անգամ հասարակական կազմակերպություններից որևէ մեկը չի մասնակցելու, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ ձևական բնույթ է կրում»,- ամփոփեց Սելլահաթ Սևին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930