Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսխորհրդի անդամն ու անվտանգության աշխատակիցը խոչընդոտեցին ուսանողների բողոքի ակցիան. «Մեր տարածքից դո՛ւրս եկեք» (Տեսանյութ) 

Ապրիլ 22,2015 13:57

«Մեր տարածքից դուրս եկեք»,- այսպես Երեւանի պետական համալսարանի ուսանողներին հենց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից վռնդեց համալսարանի անվտանգության աշխատողը:

Մի քանի ուսանող որոշել էին դրոշներով հավաքվել ԵՊՀ-ի մոտ եւ երթով շարժվել դեպի Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրների դեսպանատներ՝ հանձնելու պահանջագրեր:

Սակայն համալսարանի անվտանգության աշխատակիցը խոչընդոտում էր. «Ձեր հավաքն արտոնվա՞ծ է»:

Ուսանողները պատասխանեցին, որ իրենք 100 հոգուց ավելի չեն,  ընդամենը մի քանի հոգի են եւ ոչինչ չեն անում, լուռ կանգնած են: Սակայն անվտանգության աշխատակիցը հորդորեց գրավոր բողոքել:

Նա պնդում էր, թե ուսանողները կարող են դասերին խանգարել: Հարցին՝ ինչո՞վ եմ ես այստեղ կանգնած խանգարում դասապրոցեսին՝ անվտանգության աշխատակիցը բացատրեց. «Մի հատ ուսանող իրա դասը կթողնի, կփախնի լուսամուտից, կգա կմտնի այստեղ»:

Մեր դիտարկմանը, որ ակցիա անելը ուսանողի սահմանադրական իրավունքն է՝ անվտանգության աշխատակիցը հակադարձեց, թե արտոնված չէ ակցիան, եթե լիներ, ինքը տեղյակ կլիներ:

Usanoxneri_cuyc_3 Usanoxneri_cuyc_2 Usanoxneri_cuyc_4

Մեր հարցին՝ո՞ւմ կողմից պետք է արտոնված լինի ակցիան՝ նա պատասխանեց. «Ղեկավարության: Մենք ունենք երիտթեւ: Եթե տենց բաներ են լինում, երիտթեւը պետք է տեղյակ լինի»:

Մենք ճշտեցինք՝ ո՞ր երիտթիմի մասին է խոսքը՝ ՀՀԿ-ի՞, նա հեգնեց. «Ոչ, Դաշնակցության, կլինի՞ տենց»:

Անվտանգության աշխատողներին օգնության հասավ ուսխորհրդի անդամ, վերը նշված երիտթեւի կարկառուն ներկայացուցիչներից մեկը եւ սկսեց բառի բուն իմաստով հարցաքննել ակցիան կազմակերպած ուսանողներին: Նա նախ հորդորեց չնկարել իրեն եւ փորձում էր խոչընդոտել մեր աշխատանքը. «Խի՞ ես նկարում, դու ինչո՞վ ես մտածում»:

Երբ նրան բացատրեցինք, որ իրավունք չունի խոչընդոտելու լրագրողների աշխատանքը, մենք մեր գործն ենք անում, նա սկսեց ակցիայի կազմակերպիչ ուսանողների անունները ճշտել, թե որ ֆակուլտետի ուսանողներ են: Նրանք պատասխանեցին, որ մեկը Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանող է, ուսխորհրդի անդամը հարցրեց. «Դեկանատը տեղյա՞կ է, որ դուք ակցիա եք անում: Թռուցիկներ եք բաժանել ուսանողներին, որ զոհեք ձեր դասը հանուն չգիտեմ ինչի»:

Ակցիայի մասնակիցներ՝ Տաթեւիկ Մկրտչյանն ու Բելլա Ավետիսյանը պատասխանեցին, որ չգիտեմ ինչի չի, Ցեղասպանությունը ճանաչելու կոչ են անում:

Ուսանողները դրոշներով եւ թմբուկով շարժվեցին դեպի դեսպանատներ: Մեզ հետ զրույցում Տաթեւիկ Մկրտչյանն ասաց, որ իրենց ակցիայի նպատակն է բոլոր երիտասարդներին հավաքել եւ ցույց տալ, որ կարող են մեծ հարցեր լուծել. «Այս ակցիան նվիրված է Ցեղասպանությանը, եւ մենք գնալու ենք բոլոր այն երկրների դեսպանատներն ու հյուպատոսարանները, որոնք չեն ընդունել Հայոց Մեծ եղեռնը: Կտանք մեր պահանջագրերը եւ ցույց կտանք, որ մենք կարող ենք պայքարել արդարության համար»:

Ակցիայի մասնակիցներն այսօր պահանջագրեր էին հանձնելու Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի, Սիրիայի, Սլովենիայի եւ մի շարք այլ դեսպանատներին:

Նշենք, որ ճիշտ է, ՌԴ-ն դասվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում, բայց մեր ռազմավարական դաշնակիցը 1995-ի ապրիլի 14-ին Պետդումայի մակարդակով միայն հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակել եղեռնի հիշատակի օր: Բայց միայն հայտարարությունը իրավական կշիռ չունի, դրա համար ուսանողները որոշել են պահանջագիր ներկայացնել նաեւ ՌԴ դեսպանատուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930