Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանը «հայրենազրկում» տերմինի կիրառության անհրաժեշտություն է տեսնում

Ապրիլ 22,2015 13:08

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համար հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում պատմական կարեւոր իրադարձություն էր Վատիկանի դերը, Հռոմի պապի ցեղասպանությունը դատապարտող ելույթը:

«Կարեւոր էր հատկապես, որ Հռոմի պապը նշեց կատարվածը՝ որպես չարիք ու ասաց՝ քանի դեռ չարիքը կա, ուրեմն վերքը բաց է, իսկ վերքը կարյունահոսի, քանի դեռ այն բաց է»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պատմաբանը:

Ըստ նրա, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը 2014-ին որոշակի առաջընթաց ապրեց եւ այսօր արդեն Ավստրիան ու Գերմանիան է ընդունում. «Սրանք կարեւորագույն որոշումներ են, իրենց հետեւանքները կունենան: Իսկ Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականությունը, այդ է վկայում նաեւ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարարի ծածկված ու գաղտնի ներողությունը, այն նման էր անցած տարի Էրդողանի ցավակցական ուղերձին»:

Պատմաբանի խոսքով, Ռաֆայել Լեպկինի կողմից առաջ քաշված՝ մարդու իրավունքների եւ ցեղասպանության դատապարտման հայտնի կոնվենցիայում 1948-ին ընդունված տարածքային վերադարձման ձեւակերպման հարցերը թերի են, ու ինքը առաջարկում է ներառել հայրենազրկում տերմինը. «Անպայման պետք է հայրենազրկում տերմինը կիրառել: Խորհրդարանական մինչեւ հիմա եղած դատապարտող բանաձեւերից քիչ երկրների բանաձեւերում է կիրառվել հայրենազրկում տերմինը, բայց այդ տերմինի կիրառումը թույլ կտա տարածքների վերադարձման հարց դնել»:

Անդրադառնալով Սպիտակ տան կողմից տարածված լուրին, թե ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման այս տարի էլ չի պատրաստվում «ցեղասպանություն» բառն արտասանել՝ հիշեցրեց, որ Ամերիկայի 45 նահանգ արդեն ճանաչել է: Նրա խոսքով, չպետք կառչենք ցեղասպանություն տերմինից, ասաց՝ ինքը կարեւորում է կոնկրետ գործունեությունը, որովհետեւ միայն ցեղասպանություն բառով բնորոշելը դեռ քիչ է. « Համոզված էլ չեմ, որ քաղաքական շահերից ելնելով, Օբաման ասի ցեղասպանություն»:

Պատմաբանը նաեւ հիշեցրեց, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է դեռ 1915-ի մայիսի 24-ից, երբ Անտանտի երկրները դատապարտեցին ցեղասպանությունը, ապա Օսմանյան կայսրության դատարանի կողմից հայտնի որոշումը՝ երիտթուրքերի պարագլուխների նկատմամբ դատական գործընթաց սկսելը. «Բայց պարագլուխները հեռացել էին, յուրաքանչյուրը մի երկիր ու դատական գործ սկսելու գործընթացը դժվարացավ»:

Էդիկ Մինասյանի խոսքով, ճանաչման գործընթացի հաջորդ փուլը հայոց ցեղասպանության 50 ամյակին էր, երբ հայերը հանդես եկան պահանջատիրությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930