1965 թվականին` 50 տարի առաջ, Ցեղասպանության հիսունամյա տարելիցի առիթով եղավ հայերի առաջին ընդվզումը: Նկարիչ, այն ժամանակ Գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանող Հաղթանակ Շահումյանն այսօր «Նյութ» մամուլի ակումբում պատմեց իր հիշողություններն այդ դեպքերից, որոնց մասնակիցն է եղել:
Այդ թիվը, ըստ բանախոսի, շրջադարձային պահ էր մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության արթնացման համար ու, ցավոք, դա չի օգտագործվում անգամ հարյուրամյակի տարելիցի կազմակերպման ընթացքում: Բայց դա էր նաեւ ղարաբաղյան շարժման նախերգանքը: Նա մանրամասնեց, որ այդ տարիներին ՀՀ ԳԱԱ-ն արդեն հրապարակում էր Ցեղասպանությանը վերաբերվող փաստաթղթեր, նյութեր, իսկ «ուսանողներն այն ժամանակ շատ կարդացող էին»: Նա դրվատանքով արտահայտվեց նաեւ այդ ժամանակվա ղեկավարություն հասցեին`ի դեմս ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Զարուբյանի, որը Հայաստանում չէր ծնվել, բայց «հրաշալի մի մարդ էր, հայ, որն իր վրա էր վերցրել այդ իրադարձությունների պատասխանատվությունը»:
Հաղթանակ Շահումյանը վերհիշեց Ստեփան Պողոսյանի հետ մոտ մեկ ժամ տեւած իր անկեղծ խոսակցությունը, որն ամփոփել էր այսպես. «Ես էլ մշեցու ձագ եմ, պիտի արվի, բայց այնպես պիտի արվի, որ հակասովետական չլինի, որ այսօր դա չվերջացնեն, պետք է այնպես արվի, որ չասեն, թե խուլիգանների հավաք է եղել»,- ասել էր Ստեփան Պողոսյանը:
Թե ինչպե՞ս են հայ ուսանողները «Ծիծեռնակ» ճամբարում քսան օր «ուղեղների լվացման» գործընթաց անցել ու արդյունքում ինքնակազմակերպվել են եւ 1965-ի ապրիլի 24-ին միասնական դուրս եկել փողոց`տեսանյութում
Կարդացեք նաև
Ապա անդրադառնալով երեկոյան, Օպերայում տեղ ունեցող հիսունամյակի նիստին եւ Օպերայի բակում տեղի ունեցածին, Հաղթանակ Շահումյանն ասաց. «Էնտեղ մի փոքր ընդհարում եղավ, չի եղել Օպերայի ապակիները կոտրել եւ այլն: Լեւոն Ներսիսյանի հետ մի խումբ, ես էլ էի հետները, պահանջում էինք, որ դռները բացեն, քանի որ դա ժողովրդի միջոցառումն է: Դռները բացեցին, մի երեսուն հոգի ներս մտան: Ու ինձ թվում է այդտեղ սադրանք եղավ. ներսից ասացին, թե Լեւոնին եւ ներս մտած տղաներին ձերբակալել են: Դրանից հետո, դռները ժողովուրդը քաշեց, մի դուռ ճկվեց ու ապակիները կոտրվեցին: Հրշեջներն էլ, վերեւից մի քանի ապակի կոտրեցին ու ջուրը պահեցին ժողովրդի վրա: Դա ոնց որ, զսպիչ բան եղավ, որ չշարունակեն»:
Հաջորդ օրն էլ ուսանողները ոտքով մինչեւ Էջմիածին են հասել`Մայր աթոռի պատարագին մասնակցելու համար. քանի որ դրսից հյուրերը շատ էին, տրանսպորտ չէր աշխատում:
Հաղթանակ Շահումյանին ու Անդրանիկ Հարությունյանին եկեղեցուց թեւանցուկ են արել անհայտ մարդիկ ու լուռ դուրս հրավիրել. «Տարան բաժին, մինչեւ գիշերը երկուսը պահեցին ոստիկանությունում ու բաց թողեցին, մի հատ ջարդված «Մոսկվիչ» գտանք`եկանք Երեւան: Թույլ էլ տվեցին տուն զանգել»:
Բանախոսն ասաց, որ այդ տարի այդ խնդրով, սակայն, մարդ չձերբակալվեց: Հաջորդ տարի արդեն եղել են բանտարկվածներ ու Հաղթանակ Շահումյանը դա կապում է նաեւ նրա հետ, որ Զարուբյանը արդեն չկար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ