Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթում ենք, որ ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը

Ապրիլ 22,2015 12:44

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական երկօրյա համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից Երևան ժամանած մոտ 600 մասնակիցներ:

«Ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների և քաղաքացիական հասարակության համախմբված հետևողական քայլեր»,- իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ցեղասպանության իրականացումը հետևանք էր ոչ միայն տվյալ պետության կամ հասարակության ներսում գրանցվող զարգացումների, այլև ողջ միջազգային համակարգի ձախողման. «Մեկ անգամ չէ ապացուցվել, որ անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալն է: Առհասարակ ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունը փոխկապակցված են: Հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն է ու անհատական իրավունք»,- ասաց Ս. Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ ցեղասպանությունների վերաբերյալ մեր հիշողություններում մեծ տեղ է հատկացված երախտագիտությանը. «Երախտագիտություն մարդկային առաքինության հանդեպ, որը հազարավոր կյանքեր է փրկել: Հայ ժողովուրդը չի մոռանում և շնորհակալ է այն քրդերին ու թուրքերին, որոնք Ցեղասպանության ժամանակ ծածուկ փրկում էին իրենց հարևան հայի կյանքը: Արաբ ժողովրդին, որն ապաստան տվեց յաթաղանից մազապուրծ եղած հայերին: Մարդասիրական գործունեություն իրականացրած ռուս, ամերիկացի, եվրոպացի անհատներին»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում ընդգծեց, որ քիչ են դեպքերը, երբ մի պետություն, որը ցեղասպանություն է կազմակերպել, ընդունում է իր հանցանքը. «Այս առումով Գերմանիան կարող է օրինակ լինել Թուրքիայի ներկա իշխանությունների և ցեղասպան այլ պետությունների համար: Ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների, արժանապատվության և արդարության ոտնահարում է, այլև խարխլում է միջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության հիմքերը՝ ծանր հարված հասցնելով ազգերի ու ժողովուրդների հարաբերություններին և խաղաղ համակեցությանը»,- շեշտեց կաթողիկոսը:

Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով՝ Ցեղասպանության ոճրագործության ժխտումն ու անպատիժ թողնելը չափազանց մեծ գին է մարդկության համար. «Ժխտողականության հանդուրժումն անտարբեր է դարձնում մարդուն իր նմանի տառապանքի հանդեպ և հանրության կյանքում լռեցնում է բարոյական պատասխանատվության ձայնը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործության. «Աղոթում ենք, որ ամենակալ Աստված խաղաղության և բարօրության մեջ պահպանի համայն աշխարհը, որ ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930