Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Շատ կարեւոր է, որ ապրիլի 24-ից հետո կանգ չառնենք». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 22,2015 12:26

Հատված ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հարցազրույցից:

   -Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ ծավալված եւ դեռեւս ընթացող իրադարձությունները, տարբեր մակարդակներով ընդունված հայտարարությունները, միջազգային լրատվամիջոցների արձագանքներն ի մի բերելով՝ ի՞նչ կասեք. «հայկական ցունամիի» էֆեկտը, որին ձգտում էինք, որից Թուրքիան այնքան սարսափում էր, ստացվե՞ց, ձեր կարծիքով։ 

-Ըստ էության, մենք մի քանի տարի տեղապտույտի մեջ էինք՝ հայ-թուրքական արձանագրություններն ինչ-որ առումով կասեցրել էին Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը։ Թուրքական կողմն անընդհատ շեփորում էր, թե կա երկխոսություն, կան արձանագրություններ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, եւ տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կարող է վնասել երկու երկրների երկխոսությանը։

Այս արձանագրությունների ստորագրումից հետո երկու-երեք տարի գործընթացն ինչ-որ չափով սառեցված էր, բայց ի վերջո ակնհայտ դարձավ, որ Թուրքիան արձանագրություններն օգտագործում է իր նախապայմաններն առաջ տանելու համար՝ հայ-թուրքական սահմանի բացումը կապելով ե՛ւ Ղարաբաղյան հիմնախնդրի, ե՛ւ Ցեղասպանության ճանաչման հետ։

Աշխարհը, կարծում եմ, տեսավ եւ հասկացավ, հատկապես 100-րդ տարելիցի շեմին, որ թուրքական կողմն իր ձգտումների մեջ ազնիվ չէ, եւ ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ։ Վերջին երկու-երեք շաբաթվա լրահոսի՝ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր թեման կարծես թե Հայոց ցեղասպանությունն է։

Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագից եւ հայտարարություններից հետո ունենք մի իրավիճակ, երբ ամբողջ աշխարհը սկսում է գիտակցել, որ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հնարավոր չէ կանխարգելել մարդկության դեմ այս տեսակի ոճրագործությունները։ Շ

   -Հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա պատվիրակությունների մակարդակը ձեզ բավարարո՞ւմ է։

-Հսկայական աշխատանք է կատարվել՝ 60 պատվիրակությունների ներկայությունը խորհրդարանների խոսնակների, փոխխոսնակների, կառավարությունների մակարդակով՝ Հայաստանի նման փոքր երկրի պարագայում իսկապես տպավորիչ արդյունք է։ Մանավանդ Թուրքիան փորձեց Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արհեստածին «տոնախմբությամբ» ինչ-որ տեղ շեղել աշխարհի ուշադրությունը, բայց փաստորեն ձախողվեց, եւ մենք, այո, բավարարված ենք։

Իհարկե լավ կլիներ, եթե ավելի շատ երկրներ մասնակցեին առաջին դեմքերի մակարդակով, բայց նաեւ պետք է հասկանանք, որ այս իրավիճակում, մեր այսօրվա հնարավորությունների, մեր երկրի այսօրվա ազդեցության պայմաններում տարելիցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունն ուղղակի հնարավոր չէ գերագնահատել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930