Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոլֆ Հոսֆելդ. «Մուսոլինին եւ Հիտլերը Հայոց Ցեղասպանությունն օրինակ են համարել իրենց ոճրագործությունները կատարելիս» (Տեսանյութ)

Ապրիլ 22,2015 12:18

Այսօր՝ ապրիլի 22-ին Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում գերմանացի գիտնական, հայագետ, Գերմանիայում Յոհաննես Լեփսիուսի տան տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը իր «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց` վաղը Բեռլինում Գերմանիայի նախագահը հստակ կբնորոշի ցեղասպանությունն իր բովանդակությամբ:

Ասաց նաեւ, որ ինքը գոհ չէ Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւի նորացված տարբերակից, սակայն այն անհամեմատ հաջողված է 2005-ի բանաձեւի համեմատությամբ, քանի որ, գիտնականի ձեւակերպմամբ, ցեղասպանության դատապարտում այստեղ գոնե հստակ ընդգծվում է:

Անդրադառնալով Յոհաննես Լեփսիուսի գործունեությանը, Ռոլֆ Հոսֆելդը հիշեցրեց, որ ժամանակին նա շրջանցելով գրաքննությունը` կարողացել է գաղտնի հրատարակել Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին կարեւորագույն աշխատություն, որը մեծ դեր է խաղացել հասարակությանն իրազեկելու հարցում, քանի որ դա յուրատեսակ վերլուծություն էր Լեփսիուսի մեկնաբանություններով: «Լեփսիուսը դեռ 1916-ին է փաստել, որ միակուսակցական թուրքական կառավարութան կողմից Հայոց ցեղասպանությունը ծրագրված էր: Պատահական չէ, որ Մուսոլինին եւ Հիտլերը դա օրինակ են համարել իրենց ոճրագործությունները կատարելիս»:

Ռոլֆ Հոսֆելդը նշեց, որ Երեւանում մեկնարկած գլոբալ ֆորումում ՀՀ նախագահի ելույթը լսելով ուրախացել է, քանի որ հասկացել է, որ հայկական կողմը շահագրգիռ է, որ բոլոր ցեղասպանությունները դիտարկվեն ներքին առնչությունների մեջ.«Այս առումով առանձին ցեղասպանությունների ուսումնասիրությունները նույնպես կշահեն այդ համատեքստում»:

Ինչ վերաբերում է իր գրքին, Ռոլֆ Հոսֆելդը մանրամասնորեն չներկայացրեց, թե այն ինչ է բովանդակում: Ուղղակի շեշտեց. «Միայն գաղափարախոսությունները չեն կարող հանգեցնել ցեղասպանությունների… Գրքում լուսաբանված է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես երիտթուրքերի եւ Դաշնակցության համագործակցությունը չհաջողվեց եւ երիտթուրքերը ձեռնամուխ եղան ցեղասպանության»:

Գիտնականը ցավով փաստեց, որ ինչպես Օսմանյան Թուրքիայում, այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում տեղի էր ունեցել հասարակության բռնակցում պետական համակարգին, ստեղծվել էին կազմակերպություններ, որոնք ենթարկված էին պետական համակարգին ու կատարում էին նրա որոշումները: «Էս-Էս»-ն էլ նման մի գործիք էր հրեաների Ցեղասպանությունն իրականացնելիս»,- նշեց պարոն Հոսֆելդը:

Նա պատասխանեց նաեւ ԵՊՀ ուսանողների ու մասնագետների հարցերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930