Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հուզականության ալիքը կանցնի, ու կհասկանանք՝ ինչն ինչոց է. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 22,2015 12:11

Թուրքերը որոշել են փոխել մարտավարությունը՝ գոնե թուլացնելու Երեւանում արտասահմանյան պաշտոնյաների կողմից հնչելիք հայտարարությունները, որոնք կարող են լինել առավել կոշտ՝ լինելով հենց միջոցառման վայրում, որն ապահովում է բավականին հուզական միջավայր։ Հենց այս է պատճառը, որ գրեթե միաժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործողություններից։

Վարչապետ Դավութօղլուն էլ ընդգծել է, որ Թուրքիան ցավում է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիայում զոհված հայերի համար։ Իհարկե, միամտություն է կարծել, որ Թուրքիան իրապես ցավում է եղելության համար կամ, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն իր համար կենսական խնդիր է։ Պարզապես Դավութօղլուն, լինելով արհեստավարժ դիվանագետ, ենթատեքստեր արտահայտող բառերի գործադրմամբ փորձում է ենթագիտակցորեն ազդել այն մարդկանց վրա, ովքեր գալու են Երեւան ապրիլի 24-ին։ Անկարան հասկացնում է, իբր, ինքը գիտակցում է եղելությունը, նույնպես սգում է, հետեւաբար կարիք չկա ավելորդ հուզականությամբ հայտարարություններ անել։

Իսկ հարաբերությունների կարգավորման մասին թեզն էլ (Թուրքիայի կողմից հնչող), ինչպես պարզվել է արդեն շատ հստակ, դիվանագիտական խայծ է՝ իբր հարաբերությունների կարգավորմանը չստվերելու համար երրորդ երկրները ձեռնպահ մնան Ցեղասպանությանը վերաբերող գործողություններից։

Հիմա ամենակարեւորի մասին։ Պահանջատիրությունն արդեն դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրներից մեկը։ Դարձել է Սերժ Սարգսյանի ջանքերով։ Կանցնի հուզականության այս ալիքը, եւ աշխարհը կսկսի ապրել բնականոն հունով։ Կմնանք մենք ու թուրքերը։ Մենք՝ մեր պահանջատիրությամբ, թուրքերն՝ իրենց հզորությամբ եւ այս ամենի վրա անհագ ծիծաղելու տրամադրությամբ։

Երեկվա օրն ամփոփում ենք՝ անշուշտ, կարեւոր ձեռքբերում որակելով Ավստրիայում տեղի ունեցածը, մյուս կողմից էլ գիտակցում ենք, որ ապրիլի 24-ից հետո մենք արդեն արտաքին քաղաքական այլ օրակարգ ենք ունենալու։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն այլ հունով է ընթանալու։ Սա հասկանում են բոլոր կողմերը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930