Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա՝ Հանրապետության հրապարակում. «Ես այս պատերի տակից չեմ գնալու» (Տեսանյութ) 

Ապրիլ 22,2015 12:05

Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամների բողոքի ցույց անող 4 կանանց ոստիկանները հրել են, ձեռքերից խլել ցուցապաստառները, պայթեցրել փուչիկները:

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ այս օրերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրենց ներկայացուցիչները ակցիա են անում: Երկու անգամ եղել են նախագահականի ճաղավանդակների մոտ, բայց նրանց խոչընդոտել են. «Կասկադ Ժիրայրի նկարով թույլ չէին տալիս մտնել»:

Կանայք ասացին, որ իրենց ակցիաներն անում են գաղտնի, չեն ծանուցում ԶԼՄ-ներով, որպեսզի ռեժիմը եւ ռեժիմին ծառայող ոստիկանությունը չիմանա եւ արգելք չհանդիսանա:

Մեր հարցին՝ իշխանությունը հորդորում է այս օրերին ձեռնպահ մնալ ակցիաներից՝ երկրի դեմքը չվնասելու համար, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հորդորներին՝ ակցիայի մասնակից, «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի նախագահ, 100-ամյակն առանց ռեժիմի շարժման անդամ Սյուզան Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ այդ թատրոնն ո՞ւմ համար է, երբ մենք ապրում ենք այսպիսի բռնատիրական, դիկտատորական երկրում: Մենք պետք է նստենք մեր տներում, որպեսզի որեւիցե մեկը չիմանա՞: Եթե իշխանությունն ուզում էր, որ մենք լռեինք, ուրեմն թող քաղբանտարկյալների թիվը չավելացներ: Մեր ընկերներին ձերբակալելով՝ նա իրեն ավելի վատ վիճակի մեջ գցեց: Մենք չենք լռելու: Ես այս պատերի տակից չեմ գնալու»:

Այս օրերին ի պաշտպանություն Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների, հացադուլ է հայտարարել նաեւ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: Մեր հարցին, նման բողոքի ակցիաներով ինչի՞ եք ուզում հասնել, ի՞նչ կտա դա՝ Սյուզան Սիմոնյանը պատասխանեց. «Ուզում ենք հասնել նրան, որ նախ ազատեն մեր ընկերներին, մեր ազատամարտիկներին»:

Մեր դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, որ նրանք ապրիլի 24-ին հակահայկական քայլեր էին ձեռնարկում՝ կանայք չհամաձայնեցին. «Դա իրե՞նք են բնորոշում որն է հակահայկականը: Նախ, Ժիրայր Սեֆիլյանը պարբերաբար հայտարարել է, որ այդ օրը որեւէ գործողություն մենք չենք կատարելու: Մոբիլիզացիոն աշխատանքն ի՞նչ է իրենից ներկայացնում: Եթե մեզ թույլ են տվել, որ մենք Էրեբունի թանգարանի մոտ հավաքվենք, դա նշանակում է, որ մենք գնալու ենք այնտեղ եւ սպասենք: Որեւէ քաղաքական ցույց չենք անելու այդ օրը: Հաջորդ օրերին մենք մեր գործողություններն իրականացնելու ենք»:

Մեր հարցին՝ ի՞նչն էր խանգարում ձեր քայլերն իրականացնեիք ապրիլի 26-ին՝ ակցիայի մասնակիցները պատասխանեցին. «Որպեսզի 24-ը հայի հոգեբանության մեջից դուրս գա, որպես պարտվողի, սգո օր: Ուզում ենք, որ այդ մտայնությունը փոխվի եւ հայի համար դառնա ոգեկոչման օր, կյանքի եւ ապրելու օր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930