Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարան. Արտաքին աշխարհից արդարություն պահանջողն իր տանը պետք է արդարություն հաստատած լինի

Ապրիլ 22,2015 11:58

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության հայտարարությունը Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով և այդ Ցեղասպանության հետևանքների վերացման ու ընթացող դանդաղ ցեղասպանության կապակցությամբ հայ ազգի դիմագրաված մարտահրավերի մասին

Հայ ազգը մեկ դար առաջ ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի ծրագրած ու գործադրած և միջազգային որոշ ուժերի ուղղակի և անուղղակի մեղսակցությամբ իրականացված ցեղասպանության:

Հայությունը ցեղասպանվեց և հայրենազրկվեց ոչ միայն որովհետև չուներ պետականություն, այլ նաև որովհետև չունեցավ բավարար կազմակերպվածություն, նրա վերնախավը գտնվեց հանցավոր աստիճանի միամիտ, չկանխատեսեց սպասվող զարգացումները, չունեցավ բավարար շրջահայացություն ու պատասխանատվության գիտակցություն:

Մարդկության դեմ կատարված և «քաղաքակիրթ աշխարհի» կողմից անտեսված այդ ոճիրը կես դար համարյա բացառապես սուգի պայմաններում հիշատակելուց հետո հայությունը, 1965թ-ից ապրիլի 24-ը սկսեց համարել պայքար և պահանջատիրություն խորհրդանշող օր, որն արդյունքավորվեց որոշ երկրների և կառույցների կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչմամբ:

Ոճիրից մեկ դար անց ցեղասպանության հետևանքների վերացման համար հայության պայքարը պետք է թևակոխած լիներ այլ բարձունքներ, քան փաստի ճանաչման ու դատապարտման հերթական գրանցումները: Սակայն ո՛չ Սփյուռքի դասական կազմակերպվածքը, և ո՛չ էլ առավել ևս քառորդ դարի պատմություն ունեցող հայկական ձևական պետականությունը չգտնվեցին ազգային առաքելության պատասխանատվության բարձրության վրա:

Ավելին: Հայաստանում հաստատված և տարիների ընթացքում ամրապնդված ռեժիմը, առաջնորդվելով բացառապես իր սեփական անձնական և խմբակային նյութական շահերով, վարեց այնպիսի հակաազգային, հակապետական և հակամարդկային քաղաքականություն, որի արդյունքում  երկրի բնակչության կեսն արդեն լքել է իր օջախն ու արտերկրում գտնվում է ձուլման ճիրաններում: Հայ ազգը հայանուն մարդկանց ձեռամբ ենթարկվում է դանդաղ ու սպիտակ ցեղասպանության ու հայրենազրկման:

Նույն այս ռեժիմն այսօր աշխարհին ներկայանում է 1915թ ցեղասպանության ժառանգորդ ժողովրդի ներկայացուցչի կեղծ դիմակով: Արտաքին աշխարհից արդարություն պահանջողն իր տանը պետք է արդարություն հաստատած լինի:

Հայ ժողովրդի նկատմամբ ինքն իսկ ցեղասպանություն իրականացնող ռեժիմը բարոյական իրավունք չունի արտաքին աշխարհից նույն ժողովրդի նկատմամբ անցյալում իրականացված ցեղասպանության կապակցությամբ արդարություն պահանջելու: Դա սեփական ժողովրդի նկատմամբ հերթական ծաղր ու խաբեություն է: Նա նման պահանջ ներկայացնելու ու այն հետապնդելու ունակություն էլ չունի: Օտար երկրների, հեղինակությունների  և կառույցների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, որոնք, չնայած իրենց շատ ուշացած լինելուն, այլ պայմաններում պիտի համարվեին բացառապես դրականորեն  և լինեին բացառապես ողջունելի,  Հայաստանում տիրող ներկա ռեժիմի պայմաններում կարող են և ծառայել այնպիսի ծրագրերի ու նպատակների, որոնց վերահսկողությունից զրկված են Հայաստանն ու հայությունը:

Ներկայումս ընթացող դանդաղ սպիտակ ցեղասպանության կասեցման և ապա մեկ դար առաջ իրականացված և չհատուցված ցեղասպանության հետևանքների վերացման համար անշրջանցելի անհրաժեշտություն է Հայաստանում տիրող ներկա կործանարար ռեժիմի հեռացումը և ինքնիշխան, արժանապատիվ, կենսունակ ու հայ ազգն իր շուրջ համախմբող պետականության ձևավորումն ու ամրացումը:

Մեր միլիոնավոր զոհերի նկատմամբ իսկական ու ազնիվ հարգանքի մատուցումն ու Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացումն ուղղակիորեն փոխկապակցվում են ներկա ռեժիմի հեռացման ու նոր որակի պետության ստեղծման մեր ունակության հետ:

Հիմնադիր Խորհրդարանը և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը վերստին կոչ են անում ս․թ․ ապրիլի 24-ի ժամը 18:00-ին հավաքվելու Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում`

–     հարգանքի հավաքական տուրք մատուցելու  Հայոց Ցեղասպանության զոհերին և վերահաստատելու մեր վճռականությունը` ինքնիշխան, արժանապատիվ և հզոր Հայաստանի և Հայաստանակենտրոն հայության ջանքերի միջոցով վերացնելու Ցեղասպանության հետևանքները,

–     սկիզբը դնելու` իր վարած հակազգային, հակապետական և հակամարդկային քաղաքականությամբ 100 տարի առաջվա ցեղասպանությունն իր ավարտին հասցնող Հայաստանյան ներկա ռեժիմի հեռացման գործընթացին, և

–     որպես ներկա ռեժիմի հեռացման գործընթացի առաջին քայլ, պայքարելու քաղբանտարկյալների ազատագրման համար:

Սույն հայտարարության հրապարակումից մինչև 2015թ ապրիլի 24-ի ժամը 18:00-ի հանրահավաքը, Հիմնադիր Խորհրդարանը և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը զերծ են մնում այս կապակցությամբ հրապարակային այլ միջոցառումներից և ակցիաներից:

 

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

22 ապրիլի 2015թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    Թե որ իշխանության դեմ այլընտրանքը դուք եք, ուրեմն՝ կեցցե՛ իշխանությունը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930