Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չցանկացավ գնահատականներ տալ, որ ԵՏՄ անդամ երկրներից միայն ՌԴ նախագահն է ապրիլի 24-ին լինելու Երեւանում:
Այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով այդ հարցին ասաց. «Կարեւոր է նաեւ, որ այս պահին Հայաստանում են մեծ թվով հյուրեր, պատվիրակություններ: Եվ, բացի դրանից, շատ երկրներ, որոնք ներկայացված չեն բարձր մակարդակով, այդ երկրներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, որոնց ժամանակ հարգանքի տուրք է մատուցվում զոհերի հիշատակին ու դատապարտվում այդ հրեշավոր հանցագործությունը»:
Aravot.am-ի հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ռուսաստանում արգելվել է Թուրքիայի դեսպանատան առաջ լուռ ակցիայի անցկացումը, մինչդեռ եվրոպական շատ երկրներում նման ակցիաներ են անցկացվում այս օրերին, փոխարտգործնախարարն ասաց, որ մոտեցումները տարբեր են. «Տվյալ պարագայում կարեւորն այն է, որ Ռուսաստանն այն պետությունների շարքում է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ