Այսօր՝ ապրիլի 22-ին Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում կայացավ գիտնական, հայագետ, Գերմանիայում Յոհաննես Լեփսիուսի տան տնօրեն Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Հեղինակը ներկա էր միջոցառմանը:
«Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գիրքը 10 տարի առաջ հրատարակված «Նեմեսիսի օպերացիայից» հետո Ռոլֆ Հոսֆելդի երկրորդ ծավալուն աշխատությունն է Հայոց ցեղասպանության թեմայով: Հեղինակը գրքում ներկայացրել եւ արժեւորել է նաև Ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտական ուսումնասիրությունները: Այստեղ հանգամանալից պարզաբանվում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, դրա ծրագրված լինելը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից ցեղասպանության իրագործման հետեւողականությունը, համիդյան եւ երիտթուրքական ռեժիմների հաջորդափոխման հանգամանքները: Անդրադարձ կա Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը եւ դրա ազդեցությունը կրած Ռաֆայել Լեմկինին:
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել է գիրքը հայերեն թարգմանելու պատրաստակամություն:
«Ինձ համար առանձնահատուկ ուրախություն է, որ ԵՊՀ-ն պատրաստակամություն է հայտնել գիրքը հայերեն հրատարակելու հարցում, լավ կլիներ, որ գիրքը այս տարի աշնանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում ներկայացված լիներ: Այն բովանդակում է 2013-ի Լեփսիուստ տանը կայացած միջազգային համաժողովի զեկուցումները, այնտեղ տեղ է գտել նաեւ Աշոտ Հայրունու զեկուցումը»,-հայտնեց պարոն Հոսֆելդը: Նաեւ փաստեց, որ գերմանական ԶԼՄ-ների հետաքրքրվածությունը հայկական թեմատիկայով եւ հայոց ցեղասպանության պատմությամբ այս տարի չափազանց մեծ է եւ նման նախադեպ չի ունեցել:
Ռոլֆ Հոսֆելդը հայտարարեց, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը ապացուցելու կարիք չունի, եւ անիմաստ է թուրքական կողմի առաջարկը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ