Շեյխ Շամոյին մեղադրանքներ ներկայացրած, «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին բացեց փակագծերը։ Շեյխ Շամոն հանդիսանում է Քրդստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ղեկավարած Քրդստանի դեմոկրատական կուսակցության անդամ։ Շանգալի պաշտպանությունը մինչեւ նախորդ տարվա օգոստոսի 2-ը՝ մինչեւ եզդիների ցեղասպանությունը, իրականացնում էր ՔԴԿ ենթակայության տակ գտնվող «Պեշմարգա» զինված միավորումը։
Ըստ Մուրազիի, կուսակցության վերնախավի որոշմամբ՝ այդ զինված միավորումը դուրս է եկել Շանգալից՝ իր հետ տանելով նաեւ տարածաշրջանի բնակչությունից հավաքած զենք-զինամթերքը, բնակչությանը թողնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մեն-մենակ։ «Մոտ երկու ամիս ոչ մի օգնություն չի ուղարկել եզդի ժողովրդին, մինչեւ որ Բաղդադից օգնություն չեկավ։ Նույն ՔԴԿ ղեկավարության որոշմամբ, մի քանի օր առաջ, Իրաքի իշխանությունների կողմից օրինական ճանաչված եզդիական զինված ջոկատի հրամանատարը Քրդստանում ձերբակալվեց, ջոկատն էլ հայտարարվեց անօրինական։ Դրանից հետո սկսվեցին եզդի հասարակական-քաղաքական ակտիվ շրջանակների նկատմամբ ճնշումներ։ Մոտ 130 ձերբակալություն տեղի ունեցավ։ Շեյխ Շամոն հանդիսանում է այդ կուսակցության անդամ եւ որոշումներ կայացնողների մեջ է»,- ասաց Մուրազին։
Շեյխ Շամոն հուշակոթողի բացման միջոցառումից հետո անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, ասաց. «Մենք ապրում ենք դեմոկրատական աշխարհում, եւ ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ասելու»։
Նա պրովոկացիա անվանեց այն պնդումները, թե ինքը դեմ է եզդիների ինքնավարությանը։ «Այդ մեղադրանքները ճիշտ չեն։ Ես ղեկավարում եմ 7000 եզդի մտավորականների միությունը Քրդստանում եւ հանդիսանում եմ նրանց ներկայացուցիչը։ Ես եզդի ժողովրդի կողմից երկու անգամ ընտրվել եմ Քրդստանի պառլամենտի պատգամավոր, ինչը նշանակում է, որ վայելում եմ ժողովրդի աջակցու¬թյունը եւ որեւէ տարաձայնություն չունեմ»,- ասաց։ Հարցին՝ նա կո՞ղմ է եզդիների ինքնավարությանը, Շեյխ Շամոն պատասխանեց. «Յուրաքանչյուր ժողովուրդ ուզում է սեփական պետությունն ունենալ։ Քրդստանի բոլոր եզդիներն էլ ուզում են ինքնուրույնություն։ Արդեն 100 տարի Քրդստանի ժողովուրդը արյուն է թափում, բայց անգամ քրդերն իրենք չեն կարողանում սեփական պետությունը ստեղծել, մենք ինչպե՞ս կարող էինք հասնել ինքնավարության։ Մենք առայժմ փորձում ենք պահպանել մեր պատմությունն ու մշակույթը Քրդստանի տարածքում, իսկ ավելիին հասնելու համար համբերել է պետք»,- եզրափակեց Շեյխը:
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում