Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված եղբայրներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները վաղուց այցելուներ չունեն։ Եղբայրների միակ այցելուն հայրն էր՝ 37 թ. ծնված Հրաչիկ Հունանյանը, որը, սակայն, մահացել է 2012 թվականի հունվարին։ Այս մասին հայտնեցին սոցապ բաժանմունքից, որը Հրաչիկ Հունանյանի թոշակն ուղարկում էր 4-րդ գյուղում գտնվող թիվ մեկ տուն-ինտերնատ, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։ Փաստորեն, Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը մահացել է 3 տարի առաջ։ Ժամանակին նա խմբագրություններ էր այցելում եւ հոդվածներ գրում, իսկ «27»-ի գործով հարցաքննությունների ժամանակ հայտարարել էր. «Ես տեղյակ չեմ եղել, որ իմ որդիները պատրաստվում էին հոկտեմբերի 27-ին այդպիսի անմարդկային արարք կատարել»։
Հրաչիկ Հունանյանի հարեւանները՝ Հարավ– արեւմտյան թաղամասի 35-րդ շենքի բնակիչները, ստույգ չգիտեին՝ արդյոք ծերունին կենդանի՞ է, թե՞ ոչ։ Նրանք պատմեցին, որ ծերունին ծերանոցում երկու անգամ կոտրել է ոտքը, որից հետո այլեւս չի երեւացել շենքում։
Հունանյանների բնակարանը՝ Անդրանիկի 35 շենքում, վաղուց դատարկ է։ «Երբեմն այստեղ ինչ-որ երիտասարդ տղաներ են երեւում»,- ասաց Հրաչիկ Հունանյանի հարեւանուհին։
Հանգուցյալի կինը՝ Նաթելլան, որը բաժանված էր նրանից եւ ապրում էր Եվպատորիայում, նույնպես մահացել է, իսկ երրորդ որդին՝ Արմեն Հունանյանը, որը եւ հանդիսանում է Հունանյանների բնակարանի տերը, նույնպես բնակվում է Եվպատորիայում։ «Երբ Երեւանում պայմանները վատ էին, նա գնաց Եվպատորիա»,- 99 թվականին «27»-ի գործով հարցաքննությունների ժամանակ պատմել էր Արմեն Հունանյանի մասին նրա հայրը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում