«Դժբախտաբար, շատ սպասելիքներ չունենք Ամերիկայից: Երբ մենք զրուցեցինք Ամերիկայի մեր գործընկերների հետ, նրանք պատճառաբանեցին, որ Թուրքիայի նման գործելաոճը հետևանք է նրա, որ Ամերիկան ունի Թուրքիայի կարիքը»,- այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչ Սևան Արթինը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի տարածած հաղորդագրությանը, որ Հայոց ցեղասպանության տարելիցին ԱՄՆ-ն կմասնակցի Ֆինանսների նախարարի մակարդակով:
Դառնալով անցկացվող ֆորումին և դրա արդյունքներին` նա կարևորեց այն հանգամանքը, որ նմանատիպ ֆորումներից հետո մարդիկ չմոռանան այս ամենը և հասկանան, որ միայն ֆորումով չի ավարտվում աշխատանքը. «100-ամյա տարելիցը Ցեղասպանության ճանաչման վերջակետը չէ,- ընդգծեց նա,- 100-րդ տարելիցը ցունամիի նման աղմուկ է բարձրացրել, և այս ֆորումը կօգնի, որ նոր մտքեր առաջ գան»:
Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս օրերին մեծ ճնշում կա Թուրքիայի նկատմամբ, քանի որ աշխարհի հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ անդրադառնում են Հայոց ցեղասպանության տարելիցին. «Նման բան երբեք չի եղել, և այս ամենը փաստում է, որ մեծ ճնշում կա Թուրքիայի նկատմամբ: Ճնշումներ կան ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ տարբեր երկրների կողմից»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Սևան Արթինի գնահատմամբ, դա ևս կարելի է որպես ճնշում դիտարկել Թուրքիայի նկատմամբ. «Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Գերմանիան ուրբաթ օրը կընդունի Հայոց ցեղասպանությունը: Գերմանիան հիմնական երկիր է, և եթե ընդունի, շատ բան կփոխվի»,- այսպիսի համոզվածություն հայտնեց Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ