Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազգային ակումբը դիմում է Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին՝ չլռել

Ապրիլ 22,2015 11:08

Մեր սերնդին է բաժին ընկել ոգեկոչելու հայ ժողովրդի բազմադարյա  պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մշակվեց և գործողության մեջ դրվեց հայ ժողովրդի բնաջնջման, նրա պատմական հայրենիքի բռնազավթման հրեշավոր ծրագիրը, որին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր:

Այսօր, անտեսանելի հոգևոր կապերով շղթայված, 1.5 միլիոն հայերի  հիշատակը իրենց սրտերում, 100-ամյա տարելիցը ոգեկոչում են աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի զավակները: Յուրաքանչյուր հայ լսում, զգում և կրում է իր միլիոնավոր հայրենակիցների մրմունջը, ցավն ու մորմոքը, որոնց ձայները  լսվում են արաբական անապատներից, հեռավոր Ավստրալիայից, Կալիֆորնիայի լեռներից, արևավառ Աֆրիկայից, Կանադայի անտառներից, եվրոպական քաղաքներից, սլավոնական տափաստաններից: Հայի ձայնը չի լսվում միայն իր բնօրրանից՝ Վանից, Կարինից, Նեմրութի ու Սիփանի լանջերից, Բերկրիի ու Մշո դաշտերից:

Մամուլի ազգային ակումբը, միանալով աշխարհի տարբեր ծայրերում Հայոց Ցեղասպանության 100-ամյակը ոգեկոչող իր ազգակիցներին և օտարազգիներին, արձանագրում է՝

–        Հայոց Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է: Այն մարդու և ազգերի՝ սեփական երկրում ապրելու իրավունքի բռնադատում էր: Նրա ընդունումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից  մարդու և ազգերի իրավունքների հանդեպ հարգանքի և դրանց գերակայության վերահաստատումն է,

–    Ցեղասպանությունների կանխարգելման առաջին պայմանը արդեն եղած Ցեղասպանությունների ընդունումն ու դատապարտումն է,

–        անհանդուրժողականության, ատելության, թշնամանքի  կոչերն ու քարոզչությունը ստեղծում են պարարտ հող և հարմար միջավայր՝  ցեղասպանությունների իրականացման համար,

 

–         անգամ 21- րդ դարում ցեղասպանությունները մնում են մարդկության համար լրջագույն սպառնալիք, խնդիրների լուծման վայրագ միջոց,

 

–         իր իսկ պատմությանը դեմ հանդիման կանգնելը, Հայոց Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը Թուրքիայի կողմից խաղաղ տարածաշրջան ունենալու երաշխիք է:

 

Մամուլի ազգային ակումբը դիմում է՝

 

–         Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին՝ չլռել, պատմել այն ամենի մասին, ինչ կատարվել է 100 տարի առաջ և պահանջել Թուքիայի իշխանություններից ընդունել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի Ցեղասպանությունը. դա պատմական ծանր բեռը թոթափելու և սերունդներին այդ բեռից ազատելու միակ ճանապարհն է:

 

Մամուլի ազգային ակումբը հայտարարում է՝

 

–        1.5 միլիոն ցեղասպանված հայերի կենդանի, ապրող հուշարձանը պիտի դառնա ազատ, անկախ, ժողովրդավարական ազատությունները, մարդու իրավունքները հարգող, սեփական ուժերին և սեփական անվտանգությանն ապավինած Հայաստանը, ՀՀ քաղաքացուն երկրում պահող, երկրի հետ կապող միջավայրի և պայմանների ստեղծումը:

 

Ոգեկոչելով՝

1.5 միլիոն նահատակների հիշատակը, մենք՝ Հայկի և Արամի, Արտաշեսի և Տիգրանի Մեծի, Մաշտոցի և Նարեկացու հետնորդներս, մտովի երդում տանք նրանց կառուցելու ազատ, անկախ, առաջադեմ, հզոր, մրցունակ պետություն՝ ալեհեր Արարատի խոկուն հայացք տակ, մեր սրտերը թողած Արարատի մյուս լանջին, մեր աչքերը  հառած դեպի գալիքը:

 

22 ապրիլի, 2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930