Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի երեկվա լիագումար նիստում որոշում կայացրեց ընդլայնել Թուրքիայի պատվիրակության կազմը: Վեհաժողովը քննարկեց Շվեյցարացի պատվիրակ Անդրես Գրոսի (լուսանկարում) պատրաստած զեկույցը` համաձայն որի`ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովը հայտարարեց, որ «Թուրքիայի ներկայացվածությունը Վեհաժողովում շատ փոքր է» և «ամբողջովին արդարացված է» ընդունել Թուրքիայի խորհրդարանի խնդրանքը՝ ընդլայնել Թուրքիայի պատվիրակության կազմը: Կանոնակարգի հանձնաժողովի որոշման համաձայն` Թուրքիայի պատվիրակությունն այսուհետ կունենա 18 անդամ, ինչպես Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության պատվիրակությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիան դարձել է ԵԽԽՎ գլխավոր ներդրողը, և երեկ էլ Վեհաժողովը թուրքերենը հռչակեց որպես Վեհաժողովի աշխատանքային լեզու:
Վեհաժողովի ընդունած փաստաթղթում հիմնավորվում է, որ Եվրոպայում թուրք հասարակության թիվն աճել է, իսկ ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակների թիվը համապատասխանաբար չի աճել:
Նշենք, որ ԵԽԽՎ-ն Թուրքիային ընդառաջում է նշված հարցերում` յուրաքանչյուր տարի այս երկրից ակնկալելով լրացուցիչ 0.7 միլիոն եվրո հատկացում ԵԽ բյուջեին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ