Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրերի քանակը որոշիչ չէ

Ապրիլ 22,2015 10:01

Թուրքիայի իշխանությունների մտահղացումը՝ «ի հեճուկս հայերի» ապրիլի 24-ին անցկացնել սեփական միջոցառումը, չէի ասի, որ շատ փայլուն գաղափար էր: Ցանկացած քայլ, որի նպատակն է ինչ-որ բանից ուշադրություն շեղելը, ինչ-որ բանի հակադրվելը, ուզես չուզես՝ սեւեռում է մարդկանց ուշադրությունը հենց այն իրադարձության վրա, որը դու ցանկանում էիր ստվերել: Եթե դու հանցագործություն ես կատարել, ապա ավելի լավ է, իհարկե, որ մեղքդ խոստովանես: Բայց եթե պատրաստ չես խոստովանել, ապա գերադասելի է` լռես: Իսկ ամենավատ տարբերակն է հանցագործության օրը ցուցադրական «քեֆեր» կազմակերպելը: Դա նույնպես հանցագործությունը խոստովանելու անուղղակի ձեւ է:

Թուրքիայի միակ օգուտը կլինի այն, որ մենք՝ հայերս, բարդույթավորվենք այն կապակցությամբ, թե ովքեր են գնալու «հանցագործի քեֆին», իսկ ովքեր են գալու Երեւան: Հաշվի առնելով մեր ազգային բնավորության որոշ գծերը՝ շատ հավանական է, որ մենք քեն պահենք Գալիպոլի պատվիրակություն ուղարկած երկրների հանդեպ եւ սկսենք նրանց ամոթանք տալ: Իրականում ինձ, օրինակ, առանձնապես չհուզեց, որ Գալիպոլիում Ջիբութին, Հարավային Սուդանը կամ Չադը ներկայացված կլինեն առաջին դեմքերով: Չնայած դրանք բավականին տաք երկրներ են, բայց այդ երկրների ներկայությունից կամ բացակայությունից մեզ ոչ սառն է, ոչ՝ տաք: Ես, իհարկե, կողմ եմ ժողովուրդների բարեկամությանը, բայց հայ-չադական բարեկամությունը երեւի մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ:

Այլ է, իհարկե, եվրոպական երկրների պարագան: Օրինակ՝ այն հանգամանքը, որ Թուրքիա են մեկնելու նախկին Հարավսլավիայի գրեթե բոլոր երկրների ղեկավարները, իսկ Սերբիայի նախագահը գալու է Երեւան, խոսում է այն մասին, որ աշխարհաքաղաքական առումով որոշ բաներ առանձնապես չեն փոխվել: Հիշենք, մասնավորապես, որ Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմերից մեկը հենց Բալկաններն էին, իսկ առիթը դարձավ Սարաեւոյում հնչած կրակոցը:

100 տարվա ընթացքում էական փոփոխություն չի կրել Բրիտանիայի քաղաքականությունը: Այդ երկրի նավատորմը առաջվա պես չի կարող բարձրանալ մեր լեռնաշխարհը, բայց մեծ հաճույքով լողում է Միջերկրական ծովում՝ որսալով նավթային հոսքերը: Անսպասելի եւ գոնե ինձ համար ոչ այնքան հասկանալի դրական շրջադարձ են կատարում Գերմանիան եւ Ավստրիան, որոնք նույնպես 100 տարի առաջ Թուրքիայի դաշնակիցներն էին:

Ռուսաստանը շարունակում է այսպես թե այնպես մնալ մեր դաշնակիցը, թեեւ՝ նույնքան «հուսալի», որքան մեկ դար առաջ էր:

Բայց բոլոր դեպքերում հաշվել, թե քանի հոգի է գնացել այստեղ եւ այնտեղ, եւ այդ հողի վրա մրցավազք սկսել՝ անիմաստ է: Սա այն դեպքն է, երբ որակը շատ ավելի կարեւոր է, քան քանակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. հոպար says:

    Սերբիայի նախագահը գալու է Երեւան, խոսում է այն մասին, որ աշխարհաքաղաքական առումով որոշ բաներ առանձնապես չեն փոխվել:

    Այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության Նախագահ Միլորադ Դոդիկը:
    Սրանք լրիվ տարբեր բաներ են, այսինքը այն երկրի նախագահը չէ, որին Դուք նկատի ունեիք:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես, բնականաբար, նկատի ունեմ Սերբիայի հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին, որն ուրբաթ օրը կժամանակի Հայաստան:

  2. Hayk says:

    Իմ համար ամենակարևորը՝ մեր բոլոր հյուրերին պատշաճ դիմավորելն ու ճանապարհելն է, արժանապատիվ, հարգանքով, ակնածանքով: Ի վերջո այդ ղեկավարները ժամանակ են գտել մեզ տրամադրելու, հսկայական ծախսեր են արել, ինչ-որ գործեր հետաձգել են՝ հանուն մեզ: Ճիշտն ասած, բոլորս էլ հասկանում ենք, որ Պուտինի ու Օլանդի ներկայությունը Հայաստանում՝ «խամրեցնում է» Թուրքիայի բոլոր հյուրերին միասին վերցրած))))))): Եթե Թուրքիան «ինադու» չաներ այդ միջոցառումը, ես էլ ավելի համեստ կգրեի իմ կարծիքը իրենց հյուրերի մասին))))))): Մնում է հուսալ, որ« հանկարծ» երկրաշարժ չի լինի—՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930