Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության գրավոր տեքստ է շրջանառվում

Ապրիլ 22,2015 16:00

Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ այս նստաշրջանի ընթացքում քննարկվելիք կարեւորագույն թեմաներից են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցի վերանայումը, ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինայի իրավիճակը: Նստաշրջանի օրակարգում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարց ընդգրկված չէ, սակայն ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն իր բացման խոսքում անդրադարձել է այդ թեմային: «Իմ այցը Թուրքիա եւ Հայաստան առիթ դարձավ՝ հետադարձ հայացք գցելու 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին: Ապրիլի 24-ին Հայաստանը հիշելու է մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածը, եւ ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերին եւ նրանց ժառանգներին»,- ասել է Անն Բրասյորը: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, այս թեմային վեհաժողովն անդրադարձ կունենա գրավոր հայտարարության տեքստի ձեւով: Այն չի քննարկվի, չի քվեարկվի: Հայտարարությունը չի լինի նաեւ ԵԽԽՎ-ի միասնական տեսակետ: Հայտարարության տեքստը դրված է շրջանառության մեջ, եւ պատվիրակներն իրեց ստորագրություններով համերաշխություն են հայտնում տեքստում արտահայտված մտահոգություններին ու առաջ քաշված թեզերին: Հայտարարությունը կլինի անհատ քաղաքական գործիչների համերաշխության արդյունք: ԵԽԽՎ 311 պատվիրակների ճնշող մեծամասնությունն արդեն միացել է հայտարարությանը: Ստորագրության համար այն բաց է մինչեւ ամսի 24-ը` նստաշրջանի եզրափակիչ նիստը: Հայտարարության տեքստի տակ ստորագրելուց պատվիրակներին ետ պահելուն ուղղված թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների ջանքերն այդքան էլ արդյունքներ չեն տալիս: Պատճառը, հավանաբար, Հռոմի պապի ազդեցիկ խոսքն էր, ինչը եվրոպացի գործիչներին ստիպում է առավել պատասխանատու կեցվածք դրսեւորել: Ի դեպ, հայկական պատվիրակության անդամները դեռ չեն ստորագրել հայտարարության տեքստը: Դա նրանք կանեն, հավանաբար, ամսի 24-ին:

Այս առիթով երեկ «Առավոտը» փորձեց զրուցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի հետ: Մեր հարցին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հռոմի պապի մատուցած պատարագը, նրա հնչեցրած խոսքերը, ԵԽ-ի ընդունած բանաձեւը, մի շարք եվրոպական երկրների խորհրդարանների կողմից ընդունված բանաձեւերն ի՞նչ արձագանքներ են գտել ԵԽԽՎ-ում: Ինչո՞ւ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարց ընդգրկված չէ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հռոմի պապի մատուցած պատարագը բացառիկ եւ պատմական իրադարձություն էր, որը իր ազդեցությունն ունեցավ եւ դեռ շարունակաբար կունենա ողջ քրիստոնյա աշխարհի վրա: Անկասկած, այստեղ եւս այդ երեւույթը ունեցել է իր ազդեցությունը: Ինչ վերաբերում է տարբեր երկրների կամ ԵԽ ընդունած բանաձեւերին, ապա դրանք արտացոլում են այն օրակարգը, որոնք ունեն այդ կառույցը կամ այդ երկրների ազգային խորհրդարանները՝ որպես քաղաքական օրակարգ եւ դիրքորոշում: ԵԽԽՎ-ի մասով նշեմ, որ այս կառույցը որեւէ հարցի կարող է անդրադառնալ տարբեր ձեւաչափերով: Այն կարձագանքի եւ կանդրադառնա Ցեղասպանության հարցին` ընդունելով հայտարարության տեքստ, որտեղ կհայտնի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, կփաստի դրա ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությունը, նաեւ որպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմ: Այդ հայտարարության տեքստին միացել են գրեթե երկու հարյուր պատվիրակներ»:

Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ադրբեջանցի պատվիրակ Սամադ Սեիդովը երեկ ցույց էր տվել սպիտակ դրոշը ձեռքին հայ զինվորի նկար: «Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել»,- իր ելույթում ասել է Արփինե Հովհաննիսյանը` ադրբեջանցի մեկ այլ պատվիրակ Ռզայեւի հայտարարություններն էլ՝ հայկական կողմից արխիվների փակ լինելու մասին, որակելով իրականության հետ աղերս չունեցող: Ադրբեջանցի պատվիրակներին իր ելույթում հակադարձել էր նաեւ Նաիրա Զոհրաբյանը:

Ադրբեջանցի պատվիրակների ելույթների առիթով էլ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ՝ որեւէ մեկի համար նորություն չէ ադրբեջանցիների ցինիկ եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող, փաստերի խեղաթյուրմամբ լեցուն խոսքը: Այս օրերին մեր պատվիրակության անդամների ելույթների գերակշիռ մասը պետք է վերաբերի եւ վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը՝ իր տարբեր ասպեկտներով, սակայն ես եւ գործընկերս այդ պահին լինելով դահլիճում եւ ելույթ ունենալով այլ թեմայով՝ կարողացանք կարճատեւ երեք րոպեների ընթացքում խոսել եւ մեր բուն նախատեսված թեմայից, եւ նաեւ արձագանքել ադրբեջանցիների բացահայտ ստին՝ պարզապես մեկ անգամ եւս դահլիճում հնչեցնելով այն, ինչը առանց այդ էլ հայտնի է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930