Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ հասարակությունը վստահի ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանություններին

Ապրիլ 22,2015 15:30

«Առավոտ»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի
ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը

– Պարոն Օհանջանյան, մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն տարածեց այն մասին, թե քարոզարշավի ժամանակ իշխանական ուժերի կողմից ճնշումների են ենթարկվել, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանում է ահազանգեր ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումների վերաբերյալ: Արցախի Ազգային անվտանգության ծառայության եւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամների ու համակիրների նկատմամբ ճնշումներ իսկապե՞ս եղել են:

– Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործնականում բոլոր քաղաքական ուժերը եւ իշխանությունները քաջ գիտակցում են ընտրությունների անցկացման ընթացքում գործող օրենսդրության խախտման անթույլատրելիությունը: Խաղասեղանին է միջազգային հանրության կողմից մեր հանրության ժողովրդավարական զարգացման ապագայի ճանաչումը, եւ որքանով ենք մենք ժողովրդավար մեր ընտրությամբ, ինչն, անկասկած, պետք է ծառայի որպես լուրջ խթան ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացի մեկնարկի համար:

Այլ հարց է, որ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ «Ազգային վերածնունդը», հայտարարում են իշխանությունների կողմից` նախագահի եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից կուսակցության նկատմամբ ճնշումների անթույլատրելիության մասին: Կոնկրետ մեկ բողոքի դեպքում, կապված գրասենյակի վարձակալության հետ, անձամբ եմ զբաղվել եւ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ նշել, որ ԱԱԾ-ի կողմից շանտաժի մասին խոսք լինել չի կարող: Ես չեմ բացառում վարչական ռեսուրսների որոշակի օգտագործումը եւ նախեւառաջ՝ մարդկային ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզարշավի ժամանակ, քանի որ բազմաթիվ պատասխանատու անձինք տեղերում իշխանություն են ներկայացնում եւ համակրում են այս կամ այն քաղաքական կուսակցությանը` լինելով իշխանության մաս: Այդ իսկ պատճառով 100 տոկոսով այս սուբյեկտիվ գործոնը բացառել հնարավոր չէ, դա չի կարելի բացառել նույնիսկ ամենաժողովրդավարական երկրների դեպքում:

Ես հասկանում եմ նախընտրական պրոցես մտած նոր կուսակցությունների ձգտումը` ստանալ ցանկալի տոկոսներ խորհրդարան մտնելու համար, որոնք հաճախ դիմում են շանտաժի մեթոդների, զրպարտությունների` դիվիդենդներ շահելու նպատակով, եւ դրանով իսկ փորձում են ընտրողների աչքում հալածյալի կերպար ձեռք բերել, ինչը կարող է նրանց ձայներ ապահովել:

Այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ 7 կուսակցություններից 3-ը կառավարական կոալիցիայի մաս են կազմում, իսկ 4-ը նոր կուսակցություններ են: Մեծ է բոլոր կուսակցությունների միջեւ մրցակցության աստիճանը՝ անկախ նրանց իշխանական կամ ոչ իշխանական լինելուց: «Արցախի ժողովրդական կուսակցության», «Ազատ Հայրենիք եւ Դաշնակցություն կուսակցությունների միջեւ կոշտ պայքար է ընթանում` ընտրություններից հետո գլխավոր դերակատարություն ստանձնելու, հաղթելու նպատակով, ինչը, նրանց կարծիքով, իրենց իրավունք կտա առանձնահատուկ դեր ունենալ նախագահական երկրում եւ դիվիդենդներ ստանալ ներքաղաքական կյանքում մասնակցության հարցում՝ մինչեւ իսկ կառավարություն կազմելու գործընթացում:

Այս ընտրություններն առանձնահատուկ են այն առումով, որ առաջին անգամ ենք ականատես դառնում կառավարության եւ օրենսդիր մարմինների մաս կազմող կուսակցությունների միջեւ կոշտ մրցակցության` նպատակ ունենալով ինչ գնով էլ լինի հաղթել առաջիկա ընտրություններում: Եվ հենց այդ կուսակցություններն են հետաքրքրված եւ հետեւում են, որպեսզի մինիմումի հասցնեն ընտրախախտումները, որոնք ամբողջությամբ հնարավոր չէ բացառել՝ իմիջիայլոց, գործի դնելով նույն վարչական ռեսուրսը: Այդ կուսակցություններից բացի՝ չի կարելի հաշվի չառնել «Շարժում 88» կուսակցությանը, որը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, սակայն իշխանությունների հետ բավական լավ հարաբերություններ ունի:

– «Շարժում 88» կուսակցությունը նույնպես հայտարարություն էր տարածել, թե «Ստեփանակերտ Սերվիս» ՓԲԸ-ն մերժել է իրենց դիմումը՝ պաստառ ամրացնել ընկերության երթուղայինների վրա, եղե՞լ է նման բան: Բացի այդ՝ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը բողոք էր ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանին եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ըստ այդ բողոքի՝ «Ազատ հայրենիք» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների՝ նախատեսված անվճար տեղերում փակցված պաստառները չեն համապատասխանում քաղաքապետի որոշմանը: Ի՞նչ կասեք այս խախտումների մասին:

– Օրենքը չի արգելում գովազդային պաստառներ փակցնելը: Դրա հետ միասին, շատ տրանսպորտային կազմակերպություններ պատկանում են մասնավոր անձանց, քաղաքական կազմակերպությունները պետք է պայմանավորվեն նրանց հետ: Իմ կարծիքով՝ գործ ունենք կանոնների բարոյական խախտման հետ, որոնք պետք է նույնական լինեն բոլորի համար:

– Մի քանի օր առաջ Դուք հանդիպել էիք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել խորհրդարանական ընտրությունների ընթացքը, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության հնարավորությունները Արցախում: Մասնավորապես ի՞նչ տեսակետ ունի նախագահը` բաց, թափանցիկ ընտրությունների կարեւորման տեսանկյունից:

– Այդ հանդիպումը չափազանց բաց էր: Ինձ, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, հետաքրքրում էր նախեւառաջ՝ ինչպես են ապահովվելու թե՛ նախընտրական քարոզարշավի թափանցիկությունը, թե՛ ընտրությունների անցկացման եւ ձայների հաշվարկման ընթացքը: Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավում ներգրավված են ինչպես տեղական, հայկական, այնպես էլ միջազգային դիտորդներ:

Քաղաքական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, համապատասխան պետական կառույցները պետք է ապահովեն արդար եւ մրցունակ ընտրություններ եւ միջնորդների հետ միասին հետեւեն ընտրական փուլերի թափանցիկությանը: Ես բավարարված եմ նրանով, որ Բակո Սահակյանը կիսում է իմ համոզմունքը` արդար ընտրություններ անցկացնելու մասին: Բացի այդ, նա վստահեցրել է, որ ընտրությունները կլինեն այդպիսին, քանի որ դա բխում է իրենց ներկայիս օրակարգից, քանի որ կարեւորը ոչ թե ընտրությունների արդյունքներն են, այլ կարեւոր է այն, որ հասարակությունը ընտրություններից հետո ընդունի այդ ընտրությունների արդյունքները եւ վստահի ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանություններին: Դա է ցանկացած ժողովրդավարության իմաստը եւ, մասնավորապես, ղարաբաղյան ժողովրդավարության իմաստը:

– Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծես փորձում է Սարգսյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում կազմակերպել, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով թվում է, թե բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում: Ձեր կարծիքով՝ հայկական կողմն ինչպե՞ս պետք է վարվի այս իրավիճակում` ցույց տալով աշխարհին պաշտոնական Բաքվի բանեցրած մարտավարությունը:

– Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է հավատարիմ մնան բանակցային գործընթացին եւ դա ցույց տան միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական ինստիտուտներին` անկախ Ադրբեջանի ձգտումներից` ցանկանո՞ւմ են մասնակցել բանակցային պրոցեսին, թե՞ ոչ: Մեր երկրները պետք է ամրապնդեն մեր ազգային անվտանգությունը` Ադրբեջանի եւ տարածաշրջանի այլ երկրների կողմից օբյեկտիվ եւ սուբյեկտիվ սպառնալիքներին համադրելիությամբ: Ամենալավ բաղադրատոմսն այսօրվա դրությամբ մեկն է` ինչպե՞ս քեզ ցույց տաս աշխարհին` Ադրբեջանի անմարդկային եւ անտանելի ռեժիմի ֆոնին, դա մեր երկրներում զարգացող ժողովրդավարություններն են:

– Վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում այսպիսի միտք հայտարարեց. «Մտքներովս էլ չենք անցկացնի, թե հակամարտությունը կտեղափոխվի տաք փուլ…»: Ղարաբաղում ինչպե՞ս են գնահատում առհասարակ Ռուսաստանի պահվածքը խաղաղության հաստատման գործում, երբ նույն Ռուսաստանը միլիարդ դոլարների սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, մինչդեռ նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է:

– Լավրովի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի համար բավական բարդ պայմաններում` ֆինանսական ճգնաժամ, Ուկրաինայում պատերազմի պատճառով իմիջի կորուստ, ղարաբաղյան հակամարտության` սառը վիճակից տակ փուլ անցումը բոլորովին անցանկալի գործընթաց կլինի, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից նաեւ իրենց կողմից, եւ որը կարող է պատճառ դառնալ Ռուսաստանի կողմից իր զավթողական քաղաքականության իրականացման կորստին` իր հարավային սահմաններում: Մյուս կողմից՝ միանգամայն հասկանալի է Ռուսաստանի ձգտումը` Ադրբեջանին վաճառել ժամանակակից սպառազինություն: Առաջին հերթին դրանով լցնում են Ռուսաստանի աղքատ բյուջեն` Ռուսաստանի հետ առեւտրի համաշխարհային տոտալ էմբարգոյի պայմաններում, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանությունների մոտ ստեղծում են գործընկերոջ իմիջ: Անձամբ իմ կարծիքով՝ Ռուսաստանի կողմից նման քաղաքականությունը չափազանց անբարոյական է, եւ դա մի օր հենց իրենց համար ցավալի ավարտ կունենա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930