Շուրջ հինգ տարի է՝ Երեւան-Արտաշատ ճանապարհից մինչեւ Նոր Խարբերդ այգեգործների արեւմտյան հատված ճանապարհն ամբողջությամբ չի վերանորոգվել:
2010 թվականին կատարվեց ճանապարհի վերջի մեկ հատվածի նորոգումը: 2011 թվականին նորոգված հատվածից մի մաս, 2012-ին կատարվեցին 6700 քմ ասֆալտապատման աշխատանքներ, սակայն ծայրամասային փողոցներում: Ճիշտ մոտեցման դեպքում այդ ասֆալտապատումից 700 քմ-ն կկատարվեր հիմնական այգեգործական տարածք մտնող բանուկ ճանապարհի վերանորոգման համար:
2013-ին ոչինչ չի արվել, 2014 թվականին դարձյալ ոչ մի թիզ չի ասֆալտապատվել: Անհասկանալի եւ ոչ տրամաբանական է փոսերի լցման աշխատանքները պայմանավորել հետագա տարիների ծրագրերով: Հետագա տարիների վերջն էլ չի երեւում:
Եվ այդպես տասնյակ տարիներ հազարավոր այգեգործներ, այդ թվում՝ տարեցներ, երթեւեկում են անբարեկարգ ճանապարհներով: Մինչդեռ ամեն տարի ականատես ենք լինում մայրաքաղաքի կենտրոնական փողոցների՝ լավ վիճակում գտնվող ասֆալտի քանդման եւ նոր ասֆալտ փռելու աշխատանքներին:
Մեկ այլ դեպքում Երեւանի քաղաքապետարանը թույլ է տալիս այնպիսի գործելակերպ, որը ե՛ւ գումարների անիմաստ վատնում է լինում, ե՛ւ անարդյունավետ աշխատանք:
Վերջերս Վ. Համբարձումյան փողոցի Գյուլբենկյան փողոցից մինչեւ Մարշալ Բաղրամյան պողոտա շատ մեծ թեքության սալահատակի վրա կատարվեց ասֆալտապատում: Այդպիսի ոչ մասնագիտական աշխատանքից հետո, վերջին այդպիսի սխալը լինելու փոխարեն, մի բան էլ կրկնեցին. Գյուլբենկյան-Բաղրամյան մեծ թեքության հատվածում ինտենսիվ տրանսպորտային երթեւեկություն չկա, եւ սալահատակի վրա ասֆալտապատում կատարելը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է:
Թ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարը` արխիվային
«Առավոտ» օրաթերթ
21.03.2015