Օրերս Ռուսաստանի Սոչի քաղաքի Դոգոմիս ավանում, Ադլերի եւ Կրասնոդարի կենտրոնական շրջաններում քաղաքային իշխանությունները
հանել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառները, որը նախաձեռնել էին Ռուսաստանի Հայ երիտասարդության կոնգրեսի Սոչիի մասնաճյուղի անդամները: Սոչիի քաղաքային իշխանություններն արգելել են նաեւ ապրիլի 18-ին «Ժողովրդական հիշողություն» կազմակերպության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ-ի հայկական «Երկրամաս» թերթը: Սոչիի ներքին գործերի վարչության ղեկավարի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Ս. Ի. Օգուրցովն էլ պաշտոնապես տեղեկացրել է, որ եթե քաղաքային իշխանությունների հետ չհամաձայնեցված միջոցառումներ լինեն, ապա իշխանությունները կուղղորդվեն «Ծայրահեղականության եւ ահաբեկչության հակազդման» մասին դաշնային օրենքներով։
Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է Օգուրցովը, թույլատրվել է Մեծ եղեռնին նվիրված միջոցառումներ անցկացնել ապրիլի 19-ին, 23-ին եւ 24-ին. Սոչիում, Վոլկոնկայում, Նոր Լուիսում Հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 24-ին կայանալիք հիշատակի միջոցառումները համաձայնեցված են իշխանությունների հետ:
Սոչիում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառների հանումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել, կարծիք կա, որ քաղաքային իշխանությունները ազգամիջյան ավելորդ լարվածություն չստեղծելու համար են այդպես վարվել. Սոչին բազմազգ քաղաք է, որտեղ կան մեծ թվով ադրբեջանցիներ, նաեւ՝ թուրքեր:
Իսկ ահա աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ բազմազգ եւ խոշոր թուրքական համայնք ունեցող քաղաքներում առանց որեւէ խոչընդոտի Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք միջոցառումներ են լինելու: Գերմանիայում, որտեղ թուրքական ամենամեծ համայնքն է, նույնիսկ Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի մեծ ակցիա եղավ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով:
«Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ, Ռուսաստանում որոշումները չեն ընդունվում ազատություններից ելնելով: Օրինակ՝ Գերմանիայում նույն թուրքական լոբբիի ազդեցությունը շատ մեծ է, Գերմանիայի կառավարությունը հաշվի է առնում թուրքերի կարծիքը, բայց Գերմանիան դասական ազատական երկիր է: Նույնիսկ մարդիկ, որոնք չունեն Գերմանիայի իշխանությունից աջակցություն, կարող են անցկացնել միջոցառումներ, հայերի կողմնակիցներն էլ կարող են անցկացնել բողոքի ակցիաներ, Ցեղասպանության ճանաչման միջոցառումներ անել: Ռուսաստանը համեմատելի չի, ազատ երկիր չէ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Պարոն Գրիգորյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ում սահմանափակումներ են բոլոր ոլորտներում՝ ընդդիմության գործունեության, կրոնական կազմակերպությունների համար: «Սա հասարակ հարց չէ, իրենք մտածում են, որ այն կարող է բերել ինչ-որ լարվածության, որն իրենց ամենեւին էլ պետք չէ»,- ասաց պարոն Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ լավ կլինի, եթե մենք սովորենք իրադրություններին նայել ՌԴ-ի տեսանկյունից էլ. եթե մեր ռազմավարական գործընկերը մեզ հուզող հարցերում չի կիսում մեր մտահոգությունները, մենք նեղանում ենք, սա շատ նորմալ է, իհարկե, մեր տեսանկյունից իրենց քայլն անընդունելի է, բայց, ինչպես նշեց քաղաքագետը, Ռուսաստանի տեսանկյունից եթե դիտենք, ապա իրենք ասում են՝ այստեղ մեր վզին մի հատ այլ խնդիր կա. «Իրենք ասում են՝ եթե այդ հարցում ազատություն տանք ակցիաներ անելու՝ Ցեղասպանության տեղեկատվությունը տարածելու, սրանք ակնհայտ թուրքերի եւ ադրբեջանցիների մոտ լարվածություն կստեղծեն: Հետո մեկ ուրիշ ազգ նույնպես այդպես կվարվի: Ոչ ազատ համակարգերն այլ կեպ են արտահայտվում. սա արտահայտում է իրենց քաղաքական ազատության մակարդակը: Այս հարցն իրենց համար ձեռնտու չէ, որ հնչվեցի, ի վերջո՝ Պետդուման 1994-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը իրենց համար արգելված թեմա չէ, բայց ստանդարտ թեմա չէ: Եթե այս թեմայով այսօր հայերը խոսում են, վաղը Ղրիմի թաթարները, որոնք հենց Կրասնոդարի, Ռոստովի շրջաններում են ապրում, կհիշեցնեն Ղրիմից իրենց աքսորման մասին: Ինձ համար զարմանալի չէ, որ այդպիսի բազմազգ մարզերում եւ Ռուսաստանի պես ոչ ազատ երկրում նման սահմանափակումներ լինեն»:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցում Սոչիի իշխանությունների նման քայլը պայմանավորեց ՌԴ-ի այսպես ասած՝ քաղաքակրթությունից դուրս լինելով. «Այս խայտառակագույն փաստն էլ եւս մեկ ապացույցն էր»: Արդյոք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այդ պաստառները կարո՞ղ էին ռուս-թուրքական հարաբերություններում լարվածություն ստեղծել, որ Սոչիիում դրանք արգելեցին, ի վերջո՝ ՌԴ-ի մոտ 600 քաղաքներում հայ համայնքի կողմից կազմակերպվելու են Եղեռնին նվիրված միջոցառումներ, պարոն Մեհրաբյանն ասաց. «Այստեղ Թուրքիայի գործոնը կա, այն, որ Պուտինը գալիս է Երեւան, նրա մյուս ոտքը, որի անունն է՝ Նարիշկին (ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկին), այնտեղ է լինելու՝ Թուրքիայում: Լինելու է այն դեպքում, երբ այդ Գալիպոլի կոչված տոնախմբությունը, որը մի հատ «ֆեյք» միջոցառում է, որը նշում էին մարտի 18-ին, այս տարի որոշել են ապրիլի 24-ին նշել, իսկ ապրիլի 24-ին Գալիպոլիում ոչինչ տեղի չի ունեցել, բայց Թուրքիայի իշխանությունները որոշեցին այս «ֆեյք» միջոցառումով փորձել ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ամբողջ գործընթացը: Նույնիսկ դրան է գնում ՌԴ-ն, սա ոչ մի բանական իրավիճակների մեջ չի տեղավորվում: Այն, որ ասում են՝ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ասեմ՝ մենք չէինք ունենա այդքան լկտիացած Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք ուղղակի խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, եթե մենք չունենայինք այսքան հակաքաղաքակրթական Ռուսաստան, որին հնարավոր չէ բարեկամ կոչել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.03.2015
Նախ– Ռուսաստանում կազմակերպվել են ավելի շատ միջոցառումներ, ինչքան աշխարհի մյուս բոլոր երկրներում միասին վերցրած(!): 2 Ի վերջո նույն Սոչիում թույլ են տվել երեք օր կազմակերպել տարբեր միջոցառումներ: 3.Գերմանիայի Գյուտերսլոու քաղաքում արգելել են խաչքար տեղադրել(?). Եվ վերջինը՝՝ քանի անգամ կարելի է նույն թերթում նույն սադրիչ նյութը տպել? Նպատակը որն է?
Ռուսաստանը «ճանաչել» է Եղեռնը, բայց իրականում հակահայ քաղաքականություն է վարում՝ արդեն 300 տարի:
Էնքան “հակահայ”, որ համայնքը 400 հազարից հասել է 2,7 մլն))))))))))
Ամերիկան մարդասպան է իսկ Ռուսաստանը դավաճան։