Նարինե Մալյանի բեմադրած «Սիրելի Պամելան»՝
բարության ու կարեւոր արժեքների մասին
Հենրիկ Մալյանի անվան թատրոնում միշտ էլ ինքնատիպ եւ ուրույն ձեռագրով ներկայացումներ են ծնվում: Լավագույններից մեկն էլ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանի բեմադրած «Սիրելի Պամելան» է՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջոն Պատրիկի պիեսի:
Ներկայացման մեջ զբաղված են Քրիստինե Հովակիմյանը, Սամվել Թոփալյանը, Աստղիկ Աբաջյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Խաչատրյանը, Արա Սարգսյանը եւ Լեւոն Ղազարյանը: Նկարչական ձեւավորումը Անդրանիկ Հարությունյանինն է:
ործողությունները ծավալվում են Ծննդյան տոներին ընդառաջ եւ բեմադրությունն այդ օրերին հատուկ տրամադրություն ունի, իսկ իրականում ուղերձը բանաձեւած է գլխավոր հերոսուհու՝ Պամելայի (Քրիստինե Հովակիմյան) շուրթերով. «Ապրեք եւ թույլ տվեք, որ ուրիշներն էլ ապրեն»: Ավելի մեծ դաս կամ խորհուրդ չի էլ կարող լինել այս գազազած աշխարհում: Պամելան ոչինչ չունի՝ բացի մի ավերակ նկուղից, չունի հարազատներ, բացի կատվից, ամուսինը զոհվել է ավտովթարից, ընտանեկան երջանկության միակ հուշը նրա հարսանեկան զգեստն է: Պամելան սնունդ է հայթայթում աղբամաններից, բայց հայթայթածն էլ պատրաստ է ամբողջությամբ տալ կամ հյուրասիրել անգամ անկոչ հյուրերին: Նա բոլորին բարի աչքով է նայում, մեծ սիրտ ունի՝ փաստորեն ամեն ինչ ունի… Չի էլ կասկածում, որ իր տանը բույն դրած երեք սրիկաները՝ Բրեդը (Սամվել Թոփալյան), Գլորիան (Աստղիկ Աբաջյան) եւ Սոլը (Հայկ Սարգսյան) պատրաստվում են ապահովագրել իր կյանքն ու «գլուխն ուտելուց» հետո այդ գումարն իրար մեջ բաժանել:
Բարեբախտաբար, այս հեքիաթն էլ երջանիկ ավարտ ունի. վտանգավոր նկրտումներ ունեցող եռյակը տեղի է տալիս Պամելայի բարության առաջ: Ու այս ամենը Նարինե Մալյանը շատ համոզիչ է բեմադրել, դերասաններն էլ այնքա՜ն են «մտել» դերերի մեջ ու ձուլվել կերպարներին, որ հանդիսատեսը չի էլ զգում, թե ներկայացումն ինչպես երեք ժամ ձգվեց: Բեմադրության գործողություններին հետաքրքիր ձեւով միջամտում է Կարեն Խաչատրյանի ստեղծած կերպարը՝ հանդիսատեսը նրա միջոցով կարողանում է տեղեկանալ, թե երբ են նորից այդ թատրոնում խաղալու «Սիրելի Պամելան» կամ հաճախ այս կերպարը կոտրում է չափից դուրս հուզականությունը՝ հերոսներն ուղղակի բացուխուփ են անում իրենց բերանները, իսկ նրանց տեքստերը հնչում են Կարեն Խաչատրյանի հերոսի շուրթերից՝ առանց հույզերի, չոր եւ սառը… Հետաքրքիր կերպարներ են ոստիկանը (Լեւոն Ղազարյան), բժիշկը (Արա Սարգսյան), բոլորը… Չկա որեւէ ավելորդ դետալ:
Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ-2015» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Սիրելի Պամելան» ճանաչվել է «Տարվա լավագույն ներկայացում»: Միշտ չէ, որ ժյուրիի ու թատերական աշխարհի մարդկանց կարծիքները համընկնում են, բայց «Սիրելի Պամելայի» դեպքում, թերեւս ժյուրիի որոշումը ամենաօբյեկտիվն էր:
Նարինե Մալյանն ու դերասանները անխոնջ մշակի նման են աշխատում…
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
21.03.2015