Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայում եմ

Ապրիլ 22,2015 13:00

Ցեղասպանության ականատեսի հուշերը

1915թ. ապրիլի 24-ին սկսեցին հայերի կոտորածը: 50-60 ձիավորներով մտնում էին եւ պաշարում գյուղերը: Մի քանի հոգով, ցուցակը ձեռքներին տներից հանում էին տղամարդկանց: Թեւերը կապած հավաքում էին գյուղի կենտրոնում: Տասնվեց տարեկանից մինչեւ 100 տարեկանը բոլորին հավաքում էին, քշում, տանում էին գյուղից դուրս, որեւիցե մի ձորի մեջ կոտորում էին, հետո՝ հաջորդ գյուղը: Հերթը եկավ մեր գյուղին: Տղամարդ չկար, հորս բանտարկել էին, հորեղբորս զինվոր էին տարել: Հորս օգնում, բանտից փախցնում են:
Անցնում է մի քանի օր, մեր տուն է գալիս քուրդ հարեւանը (մենք նրա քիրվան էինք), կանչում է հորս, առանձին ասում. «Քիրվա ջան, մեզ լավություն շատ ես արել, եկել եմ ասեմ տխուր լուր: Թուրքերն օրերս բոլոր հայերին պիտի կոտորեն: Գյուղից բացակայիր, թե ոչ, չե՛ս ազատվի: Ես իմ բարոյական պարտքս արեցի, դու գիտես»: Այդ պահին ես բոլորը լսեցի դռան հետեւից: Հայրս առանց հապաղելու կանչեց մորս, ասաց. «Ես բացակայելու եմ տանից, գուցե այլեւս չտեսնվենք: Տանը եւ երեխաներին լավ նայիր»: Լավ հիշում եմ, մի քանի ոսկի լցրեց քիսիկը եւ մի քիչ չոր սեր՝ լավաշի մեջ, որ մեզ մոտ միշտ պատրաստում էին: Դրեց կոտիկը: Բոլորիս համբուրեց, արտասուքն աչքերին տանից դուրս ելավ: Կլիներ գիշերվա 12-ը, թե ո՞ւր գնաց՝ պարզ չէր:

1915թ. հունիսն էր, որքան հիշում եմ: Սկսեցին գազանաբար կոտորել հայերին, մինչեւ 14 տարեկաններին, դրանից ցածրերին չէին սպանում, իհարկե, բացառություն լինում էր: Հորս գնալուց 2 օր հետո, դեռ քնած էինք, առավոտ կանուխ մեր տունը շրջապատվեց զինված ոստիկաններով: Դուռը ջարդում են, գոռում, գոչում: Մայրս կարգադրեց ծառային. «Գրիգոր, գնա, տես ո՞վ է»: Մենք վախեցած դուրս թռանք անկողնուց: Լաց ու աղաղակ: Մի 10-ի չափ ոստիկաններ ներս խուժեցին մեր տուն, թե՝ «Ո՞ւր է Զաքար քեյան, գիշերը բերդից փախել է, տեղն ասեք»: Դրանց ղեկավարը՝ Ասլան բեկը, մորս հարցրեց. «Դո՞ւ ես Զաքար քեայի կինը», մայրս դողալով «Այո» ասաց: «Ո՞ւր է Զաքար քեյան»: Մայրս ասաց. «Չգիտեմ, մի քանի օր առաջ նրան հեքիմյաթ կանչել-տարել է, հետ չի եկել»: «Սուտ ես ասում»,- գոչում է Ասլան բեկը, հարվածում մորս: «Շուն հայ, դու հանդգնում ես ինձ խաբե՞լ, նա բանտից փախել է 2 օր առաջ, շուտ տեղը ցույց տուր»: Եվ անընդհատ մտրակում է: Տունը երկու ժամ խուզարկում են, տակն ու վրա անում: Տեսան չկա, ասացին. «Լավ, նա մեր ձեռքից չի պրծնի», ու գնացին: Այդ դեպքից մի քանի օր անց, մի երեկո երեխաներով նստած ճաշում էինք, մեկ էլ աղմուկ-աղաղակով երկու տասնյակ հայերի ձեռքերը կապած բերեցին մեր բակ: Մի երկու ժամից հետո նորից բերեցին: Մենք արդեն պատրաստվում էինք քնելու: Մեկ էլ ուժեղ հրազենների ձայն ու մարդկանց ճիչեր, լաց՝ խառնված իրար: Դուրս թափվեցինք բակ, ի՛նչ տեսնենք: Դիակ-դիակի վրա, արյան գյոլ է կանգնել: Այդ ամենից հետո գազազած սրիկաները, նրանց, ովքեր դեռ չէին մեռել, կացնով տալիս էին գանգերին, ասելով. «Դեռ կենդանի՞ ես»: Մի թուրք, որ մեր հարեւանն էր, մեր ծառա Գրիգորին էր փնտրում, ժամանակին ինչ-որ վիճել էին, որ վրեժը լուծի: Մի քանի տեղ փնտրելով նրան մարագում՝ խոտերի տակ թաքնված տեսավ: Մի կացնի հարվածով սպանեց: Այդպիսով բոլորին կոտորեցին: Ուղիղ մի շաբաթ այդ դիակները մնացին մեր բակում: Այնպիսի հոտ էր ընկել, որ հնարավոր չէր մեր տանը մնալ: Մենք փոքր էինք, չէինք կարող տեղափոխել: Տեղացի թուրքերը բողոքեցին, դրանից հետո դիակները հավաքեցին: Մենք մի քանի օրով տեղափոխվեցինք մեր հարեւանի տուն, մինչեւ որ դիակները տեղափոխեն: Բայց մի շաբաթ մոտավորպես հոտ էր գալիս: Մինչեւ որ գետինը չլվացին, հոտը չանցավ:

Դեռ երկու շաբաթ չէր անցել, ոստիկանները խուժան թուրքերի հետ եկան գյուղ, հավաքեցին բոլոր հարսներին, կանանց, երեխաներին, շարեցին գյուղի կենտրոնում ու հրամայեցին. «Ովքեր ուզում են թուրքի հետ ամուսնանալ, նրանց չենք սպանի»: Եվ այդ միջոցին խուժան թուրքերը սկսեցին ջոկել սիրուն աղջիկներին ու կանանց… Ովքեր չէին գնում, զոռով քաշում էին, ծեծելով տանում: Այդ պրոցեսի վերջանալուց հետո հրամայեցին. «Ովքեր հայ երեխաներին պահեն, թուրքացնեն, երեխաների տունն ու եղած գույքը պատկանում է երեխաների պահողին: Ովքեր ուզում են թող գան, քանի հատ երեխա ուզում են՝ թող վերցնեն»: Թուրքական կառավարության կողմից այդպիսի հրաման կար: Այդ ժամանակ, մորս, մեծ հորեղբորս կնոջը՝ իրենց հետ գոգի երեխաները վերցրած, աքսորեցին: Ես, քույրս, հորեղբորս աղջիկը եւ Սահակը մնացինք մենակ: Անմիջապես մեր հարեւանը, որը նաեւ մեր քիրվան էր (հայրս նրանց քավորն էր՝ քիրվան) իր բլբլած տունը թողեց, 4 երեխով ու կնոջ հետ տեղափոխվեց մեր տուն, վերցնելով մեզ՝ 4 երեխաներիս՝ ես, քույրս, հորեղբորս տղան իր քրոջ հետ: Ամենամեծը՝ հորեղբորս տղա Սահակն էր՝ 10 տարեկան, ես՝ 8 տարեկան: Չորս մենք էինք, 4 նրա երեխաները, 8 երեխա՝ մեկ տան մեջ, եւ իբր պիտի խնամեին: Աստված համարի դա խնամել: Փոքր հորեղբորս կնոջը տարան, իսկ մայրս եւ մեծ հորեղբորս կինը մնացին այդ խմբի մեջ, իրենց հետ ունենալով մեկական տղա՝ մեկը երեք տարեկան, մյուսը՝ հինգ տարեկան: Քանի որ նրանք փոքր էին, մեզ պահող քուրդը հանձն առավ պահել: Մնացած կանանց, իբր թե, քշեցին աքսոր:

Մի քանի կիլոմետր տանում են, հասնում են մի փոքր գյուղի՝ Բոռքնե: Երեխաներին վերցնում են, իրենց տանում հասցնում են մի մեծ գետի ափ, որը կոչվում էր (Գոզլուկ) Մազուր: Սրանք կարգադրում են, թե «Նստեք, հանգստացեք»: Մի քիչ հանգստանալուց հետո, հայտարարում են. «Ովքեր ոսկեղեն ունեն, թող հանեն տան, որ չսպանենք»: Այս խեղճուկրակները հանում են, տալիս, որ իրենց չսպանեն: Բայց այս ավազակ գազանները սկսում են կոտորել ու ասում. «Ովքեր կենդանի են, թող կանգնեն, հրացանով խփենք, թե ոչ, կացնով կսպանենք»: Հորեղբորս կինը առաջին զարկի հետ ընկնում է, խեղճ մայրս կենդանի է լինում, կանգնում է, հրացանով խփում են՝ տեղում մահանում է, իսկ հորեղբորս կինը երկու տեղով վիրավորված է լինում: Դիակները քաշում են դեպի ջուրը: Քաշելու ժամանակ տեսնում են, որ հորեղբորս կինը ողջ է, ասում են. «Գավո՞ւր, դեռ ո՞ղջ ես» ու քարով խփում են գլխին: Դրանից հետո քաշում են ջրի մեջ: Դիակները այնքան շատ են լինում, որ ջուրը չի կարողանում տանել: Թուրք գյուղացիները գալիս են դիակները խուզարկելու: Հորեղբորս կնոջ ականջներից ոսկե օղեր են լինում կախված: Մեկը տեսնում է եւ վազում ականջներից պոկում: Այդ միջոցին սա ա՛խ է քաշում, թուրքը վախենում է եւ հետ քաշվում: Մյուս ընկերը հարցնում է. «Ի՞նչ պատահեց, Հասան»: Սա ասում է. «Պառավը սաղ է»: Այդ ընկերը մի քար է վերցնում, խփում խեղճ կնկա գլխին, ասելով. «Կնիկ է… ուշ է հոգի տալիս»: Սա էլի չի մահանում: Այդպես մինչեւ լույս դիակների մեջ շարժվում է այս ու այն կողմ, ուժեր հավաքելով վեր կենում դիակների միջից: Շորերը քամում է, դուրս է գալիս, որ գնա, մի թոփալ թուրք՝ էշ նստած, գալիս է այն կողմից, տեսնում հորեղբորս կնոջը, գոռում. «Գավուր, կենդանի՞ ես մնացել, սպասիր գամ քարով քեզ սպանեմ»: Այն կողմից մի երիտասարդ թուրք տղա է անցնում, սա դիմում է. «Տղա, այդ կնոջ առաջը կտրի, գամ սպանեմ»: Տղան գոռում է. «Թոփալ շուն, նա արդեն մեռած է, չե՞ս ամաչում, նստիր էշդ՝ ճամփովդ գնա, թե ոչ, որ եկել եմ՝ քեզ կսպանեմ, կսատկացնեմ»: Հետո դառնում է հորեղբորս կնոջը, թե. «Գնա, բաջի, մի վախենա»: Հորեղբորս կինը գնում է, ինքն էլ չգիտի, թե ուր:

Հանդիպում է մի աղբյուրի, խիստ ծարավ է զգում, ջուր է խմում, երեսին թափած արյունը լվանում: Այդ միջոցին մի դեռահաս քրդի բոշա տեսնում է հորեղբորս կնոջը, ճանաչում է նրան, չնայած արնաշաղախ դեմքին: Ձայն չի հանում, կուժը լցնում է, գնում տուն, սկեսուրին ասում. «Մամա, մի կին տեսա վիրավորված, կարծես Զաքար քեյայի մեծ հարս Սուլթանը լիներ»: Գնում են տեսնում, իրոք նա է: Բերում են տուն, գլուխն անմիջապես խուզում, որովհետեւ քարով զարկելուց որդ էր ընկել: Յուղը հալում են, լցնում վերքի վրա, սկսում բուժել:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ծնվել է 1908-ին,
Արեւմտյան Հայաստանի Խարբերդ գավառում

Լուսանկարում`
Հայրական ջերմ հարկի ներքո:

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930