Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Այսպիսի մասսայականություն դեռ չէր եղել

Ապրիլ 22,2015 12:30

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց
ավագ տարիքի բռնցքամարտիկների Հայաստանի առաջնությունը

Հանրապետության բոլոր մարզերի 198 պատանի մարզիկներ մի քանի օր շարունակվող պայքարում որոշեցին չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան. Արման Գալստյանը՝ 46 կգ, Ժիրայր Սարգսյանը՝ 48, Վահե Դավոյանը՝ 50, Արթուր Բազեյանը՝ 52, Բորիս Կարապետյանը՝ 54, Արման Անտոնյանը՝ 57, Կորյուն Աստոյանը՝ 60, Սիփան Լեւոնյանը՝ 63, Ռոբերտ Պետրոսյանը՝ 66, Տիգրան Բաղդասարյանը՝ 70, Նաիրի Մարգարյանը՝ 75, Հրաչ Ավոյանը՝ 80 եւ Սուրեն Խուդաբաշյանը՝ գերծանր քաշային կարգ:

Այս առաջնությունը նախորդ մի քանի տարիներից առանձնացավ ներկայացված հայտերի մեծ քանակով, շուրջ 240 հոգի: Ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հարկադրված էր որոշակի «զտում» կատարել՝ ընտրելով միայն այն պատանիներին, որոնց մակարդակը համեմատաբար բարձր է եւ ավելի է համապատասխանում առաջնությանը մասնակցելու պահանջներին: Մասնակցության հայտերի այսպիսի առատություն վաղուց չէր եղել եւ դա, ինչ խոսք, ուրախացնող երեւույթ է, որը հանրապետության տարածքում եւ Արցախում ստեղծվել է ֆեդերացիայի՝ վերջին մեկուկես-երկու տարիներին մարզաձեւի աշխարհագրության ընդլայնման եւ մասսայականության տարածման ուղղությամբ:

Առաջնության արդյունքներով կկազմավորվի այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի մայիսի 15-ից 24-ը Լվովում՝ Եվրոպայի եւ սեպտեմբերի 2-ից 13-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնություններին: Մրցումների ավարտից հետո «Առավոտը» զրուցեց պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արման Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան: Այսքան շատ մասնակիցների մեջ դժվար չէ՞ր ընտրություն կատարելը:

– Մրցման կազմակերպման առումով, իհարկե, ծանր էր: Բայց մյուս կողմից, մենք հնարավորություն ունեցանք տեսնելու, թե այսօր ի՞նչ հումք, ինչպիսի՞ պատանի բռնցքամարտիկներ ունենք, որոնք հիմա ներկայացնելու են մեր երկիրը միջազգային ռինգում, իսկ վաղը փոխարինելու են երիտասարդներին ու մեծահասակներին:

– Քանակը որակ տվե՞ց:

– Փուլից՝ փուլ մասնակիցներն աստիճանաբար մաղվեցին եւ մեդալների համար պայքարում մնացին առավել լավ պատրաստված բռնցքամարտիկները, որոնցից էլ ընտրությունը կկատարվի: Ընդհանուր առմամբ իրավիճակը, կարծում եմ, վատ չէ:

– Բոլոր քաշային կարգերում հաղթողները ձեզ բավարարեցի՞ն:

– Առավել աչքի ընկան թեթեւ քաշային կարգերի բռնցքամարտիկները: Քաշային կարգեր էլ եղան, որտեղ չնայած չեմպիոններ ունեցանք, բայց նրանց դեռ շուտ է միջազգային ռինգ վստահելը: Այս երկու օրը ֆեդերացիայում կորոշենք, թե ում կարելի է Լվով գործուղել: Ամենայն հավանականությամբ, Եվրոպայի առաջնությունում ամբողջական կազմով հանդես չենք գա:

– Հայաստանի բռնցքամարտիկները վերջին շրջանում սկսել են լուրջ արդյունքներ արձանագրել ամենահեղինակավոր մրցումներում: Լվովում մեդալի ակնկալիքներ կա՞ն:

– Կարծում եմ՝ անպայման կլինեն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930