Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի նաեւ ապրիլի 25-ը

Ապրիլ 22,2015 12:00

Առաջ գնալու համար պետք է փոխել հիշողությունների բալանսը

Հոգեբանները հաշվարկել են, որ երբ մարդիկ հիշողությունների մեջ են ընկնում, նրանք սովորաբար ավելի շատ են հիշում իրենց պատահած անախորժություններն ու դժբախտությունները (70 տոկոս), քան երջանիկ պահերը (30 տոկոս): Եվ եթե հաջողվում է փոխել այդ հարաբերակցությունը ճիշտ հակառակի, ապա ենթագիտակցությունը ստանում է դրական լիցքեր, եւ դա մեծապես օգնում է ամեն ինչին՝ անձնական եւ հասարակական կյանքում հաջողություններին, ինչպես նաեւ առողջությանն ու երկարակեցությանը:
Ասելն, իհարկե, հեշտ է: Փակեք ձեզ աչքերը, եւ դուք, շատ հավանական է, կհիշեք, թե ով է ձեզ նեղացրել 4-րդ դասարանում, ով է ձեզ խաբել կամ ինչ-որ բանից զրկել: Եվ դուք ակամա կսեղմեք ձեր բռունցքները եւ կմտածեք՝ «ախ, ես ինչ կանեի ինձ նեղացնողի հետ, եթե հիմա ձեռքս ընկներ»: Կամ՝ ավելի վատ. «Ես այն ժամանակ պիտի նրա քիթ-մռութը ջարդեի»: Այդ ամենն, իհարկե, հոգեկան ինքնախոշտանգում է եւ հիվանդությունների բուն:
Ազգի դեպքում գործում է նույն մեխանիզմը: Իհարկե, պարտություններն ու ձախողումներն ընդհանրապես չհիշելը մեկ այլ պաթոլոգիա կլիներ: Բայց նույնիսկ դրանց մեջ արժե փնտրել այն, ինչ մեր ազգը դրական կողմից է բնութագրում: Մասնավորապես, ինչպես ենք մենք՝ հայերս, ջարդել մեզ նեղացնողների քիթ-մռութը: Բարեբախտաբար, այստեղ շատ հիշելու բան կա՝ թե՛ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների առումով, թե՛ դրանից առաջ ու հատկապես հետո:

Այս ապրիլյան օրերին հաճախ եմ հանդիպում մեկնաբանությունների, որոնց իմաստն է՝ մի՛ ժպտացեք, մի՛ երգեք, մի՛ պարեք, խոսեք միայն Ցեղասպանության մասին եւ այլն: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա միշտ էլ կարելի է գտնել հավերժորեն սգալու պատճառներ՝ տնտեսական վիճակ, արտագաղթ, «ռեժիմ», հանցագործություններ, վթարներ, կարկուտ եւ այլն: Մշտապես տառապելը ինքնավարակման նման մի բան է, դժբախտությունները վերարտադրելու ամենակարճ ճանապարհը:

Ապրիլի 24-ից հետո գալու է ապրիլի 25-ը, եւ սգալու շուրջ համախմբվելուց հետո պետք է մտածել որեւէ դրական գաղափարի մասին, որի շուրջ արժե համախմբվել: Ավելին՝ եթե մենք աշխարհի հայերով համախմբվեինք Հայաստանի քաղաքական եւ տնտեսական խնդիրները լուծելու շուրջ, եթե դրանց վրա այդքան ուժ, եռանդ, ռեսուրսներ ծախսեինք, որքան ծախսում ենք Ցեղասպանության ճանաչման վրա, ապա գուցե այստեղ էլ նույնքան տպավորիչ հաջողության հասնեինք, որոնց մենք հասել ենք դժբախտ հիշողություններն արթնացնելու գործում:

Չեմ նսեմացնում հանուն պատմական ճշմարտության պայքարը՝ այն պետք է շարունակվի՝ քաղաքական, դիվանագիտական, լոբբիստական մակարդակով: Բայց 100-ամյակը նաեւ մի սահմանագիծ է, երբ, իմ կարծիքով, պետք է վերջնականապես ազատագրվել զոհի բարդույթից, ինքնախոշտանգող մտքերից՝ «այ, եթե այսպես անեինք, այնպես կլիներ», եւ կենտրոնանալ «հաջողության պատմությունների» վրա: Այն պատմությունների վրա, որոնք արդեն կան մեր ազգի ներկայացուցիչների հետ կապված, եւ այն հնարավորությունների վրա, որոնք նման նոր պատմությունների հիմք կդառնան: Դրա համար պետք է, մասնավորապես, փոխել հիշողությունների «բալանսը» հօգուտ դրականի: Մենք դեռ չգիտենք, թե ինչ հզոր ներուժ ունենք Հայաստանում եւ Սփյուռքում:

Եվ պետք չէ «ֆշշացնել» նրանց վրա, ովքեր ապրում են դրական էմոցիաներով: Ամերիկացի հոգեբան Ուիլյամ Ջեյմսն ասում էր՝ ես երգում եմ ոչ թե այն պատճառով, որ երջանիկ եմ, ճիշտ հակառակը՝ ես երջանիկ եմ հենց այն պատճառով, որ երգում եմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Միանգամայն համամիտ եմ հարգելի Արամ:

  2. Արսեն says:

    Հոգեբանները հաշվարկել են… որ մարդիկ…հիշում իրենց պատահած անախորժություններն ու դժբախտությունները (70 տոկոս), քան երջանիկ պահերը (30 տոկոս)…
    Սկզբնախպյուրը տվեք։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      сама природа нашей психики устроена так, что все плохое, происходящее с нами, откладывается в подсознание куда легче, нежели память о приятных и радостных событиях. В результате «опыт подсознания» у подавляющего большинства людей на 70% состоит из «негатива» и лишь на 30% – из «позитива». Таким образом, чтобы действительно добиться самоисцеления, необходимо, по меньшей мере, изменить это соотношение на прямо противоположное. https://econet.ru/articles/67358-genetik-bryus-lipton-sila-mysli-menyaet-geneticheskiy-kod-cheloveka

  3. Արսեն says:

    Այլ աղբյուր չփնտրեցի … Եղածն էլ բավական էր..)))..
    Եթե ձեր «ինֆորմացիայի աղբյուրը» միայն այս հոդվածն է, Ապա 70-30 հարաբերությունը ոչ թե «Հոգեբանները հաշվարկել են» այլ ընդհամենը Լիպտոնի ենթադրությունն է…
    … Согласно Липтону, именно на такой лад … պարբերությունը…
    Հաջորդը, ինչպես պնդում է հեղինակը …если психические установки проникают только в область сознания, определяющего лишь 5% нашей психической деятельности, не затрагивая оставшиеся 95% подсознание… եթե մարդը ի վիճակի է ինչ որ բան վերահսկել, դա անում է միայն գիտակցական մակադակում (лишь 5%), ինչպես եք ենթադրում կարողանալ վերահսկել ենթագիտակցական մակարդակը? (Կոմունիստները փորձեցին՝ մայիսմեկյան շքերթներ, Լենին պապիկի ժպտացող նկարը՝ օրորոցից, ուրախ և երջանիկ՝ կոմունիզմ կառուցողի շողշողուն դեմքեր… ոչինչ չստացվեց… «Նոր մարդու դաստիրակությունը»՝ դատապարտված է անհաջողության)։ (Օրինակ՝ էս սրիկա կապիտալիստները՝ չեն էլ փորձում «նոր մարդ» առաջացնել, ենթադրվում է, որ հասարակության «գիտակցությունը» ուղիղ կապի մեջ է՝ արտադրահարաբերություններից, մնացածը կանեն մարդու ադոպտատիվ մեխանիզմները)։
    Հետո, բիզնեսի մեջ կա կանոն՝ (տարբեր ձևակերպումներ կան՝ ինձ «դուր է գալիս» այս մեկը՝ «ինչ որ կարող է խանգարել ձեր հաջողությանը՝ անպայման տեղի կունենա» (եթե դրա դեմ միջոցներ ձեռք չեք առել)։ Ոչ մեկը, ոչ մի գործում փող չի դնում՝ հուսալով որ ամեն ինչ լավ կլինի… իսկ մարդը ինչու պետք է ապրի հուսալով?
    …«По мнению Липтона, работа многих экстрасенсов как раз и заключается в сломе этого барьера. Но он предполагает, что аналогичного эффекта можно добиться и с помощью гипноза, и другими методами. Однако большая часть этих методов все еще ждет своего открытия. Или просто широкого признания»…)))… Եթե դուք համաձայն եք տվյալ մեթոդին, ապա ինքներդ ձեզ ինչ եք համարոիմ? Էքստրասենս? Հիպնոտիզյոր? Թե «նոր մեթոդ» հայտնագործող?…
    А прав он или нет, покажет время…
    Ժամանակը ցույց կտա… Իսկ դուք արդեն որոշեցիք, որ ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ ..))).. և դրա հիման վրա հոդվածը գրեցիք..)).. Համոզված էք, որ ճիշտ է?..)).. Մի քիչ համբերեք էլի… երբ որ «ցույց կտա»՝ այն ժամանակ էլ կգրեք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930